Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ, «ԷԼԻՏԱՐ» ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ապրիլ 22,2010 00:00

Գինովություններից ամենազգլխիչը իշխանությամբ գինովնալն է
                                                                                                                       ՆԺԴԵՀ

Սա, իհարկե, սպասելի էր:Սպասվում էր, որ անկախությունից առաջ, կոմունիստների օրոք ընդունված ՀԽՍՀ լուսավորության նախարարության որոշումը, ըստ որի՝ հայ երեխաներին արգելվում էր հաճախել ռուսական դպրոցներ (այդ ժամանակ առաջինից ութերորդ դասարաններ) մի օր փոխվելու էր «անկախ» պետության իշխանությունների ձեռքով:Առավել եւս ծիծաղելի է եւ աբսուրդ, երբ այն կատարվում է «ազգային» եւ «նժդեհական» իշխանությունների կողմից:
Իհարկե՝ սովորական է դարձել այն փաստը, որ Նժդեհի գաղափարախոսությունը օգտագործելով եւ գալով իշխանության՝ նրա նկատմամբ ոտնձգությունները կատարվում են հենց իրենց իշխանական կուսակցության կողմից:Այսպիսով, ներկա իշխանությունները մտադիր են փոխել «Լեզվի մասին» օրենքը:Բայց ինչո՞ւ միայն իշխանությունները… իսկ ընդդիմություն կոչվածնե՞րը, իսկ նախկին ընդդիմություն կոչվողնե՞րը, իսկ մեր հասարակությո՞ւնը…
Բացեք հեռուստաալիքները եւ կտեսնեք, որ անկախ Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում՝ մի շարք կուսակցական եւ նույնիսկ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ալիքներում ինչքան ասես ռուսերեն՝ առանց թարգմանության մուլտեր, ֆիլմեր եւ հաղորդումներ կան:«Լեզվի մասին» օրենքը խախտվում է բոլոր հեռուստաընկերությունների կողմից համատարած:Բայց ի՞նչ են հրամցնում մեզ հեռուստաալիքները, այդ թվում՝ իրեն ազգային (մեղա քեզ Նժդեհ) համարող իշխող կուսակցության խոսափող դարձած Հանրայինը:Հեռուստահաղորդումների հիմքում նախկինում Մոսկվայում հաղթած ԽԹծ թիմի ճաշակն է, կամ էլ Մոսկվայից թխած նման հաղորդումներ:Հեռուստաընկերությունները լի են «Շարմ» հոլդինգի ԽԹծ-ացված էժանագին եւ վատ թխած հումորներով:Այս Շարմացում-Էլիտարացումն իր ռուսա-անգլիախառը-ռաբիսա-գռեհիկ փողոցային լեզվով այլեւս անտանելի է դարձել:Այս ենթատեքստում զավեշտալի է «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդման հեղինակին եւ նրա ընտանիքին պատկանող մի շարք հեռուստաալիքների հաղորդումների ընդհանուր եւ լեզվական որակը:Այդ ընկերություններն առաջինն են քարոզում ցածրաճաշակ գռեհկաբանություններ:
Այսպես, դիտե՞լ եք «Արմենիա» հեռուստաընկերության կազմակերպած հերթական «պրոյեկտը», որն ուղղակիորեն կապկում է ռուսական լավագույն հաղորդումներից մեկը, այն է՝ «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ»:Ամեն ինչ թխած է՝ հաղորդավարի ձայնը, մասնակիցների հագն ու կապը, երաժշտությունը, խաղին մասնակցող, բայց չխաղացողների՝ նույնիսկ խաղին հետեւողների կանգնելու ձեւը, խոսելաձեւը եւ այլն:Միայն ադրբեջանցի խաղացողի ներկայությունը (որը համարյա մշտապես մասնակցում է ռուսական այդ հաղորդումներում) չեն կարողացել ապահովել:
Ռուսական հաղորդումը շատերիս սիրելի հաղորդումներից է:Զանազան Նահապետների ու Կարգին հաղորդումների, 32 ատամների, Juice-երի հայոց լեզվի աղավաղումները (ես կասեի դրա նկատմամբ արհամարհանքը եւ նույնիսկ թշնամանքը) լսելուց եւ մի լավ զզվելուց հետո, այս հաղորդումը շահեկանորեն ընդգծվում է որպես ինտելեկտուալ խաղ:Այդպիսիք հազվադեպ են հայկական հեռուստահաղորդումներում:Բայց, բնականաբար, երբ այն հեռարձակվում է «կապկելու սկզբունքով»՝ բոլորովին պատկերն այլ է եւ զզվելի:
Բայց երիցս զզվելի է, երբ խաղացող- դերակատարներն անկախ պետության կրթության եւ գիտության նախարարն է (թիմի ղեկավար), ներկայիս եւ նախկին ընդդիմությունը, մեկ այլ «ազգային» կուսակցության՝ Դաշնակցության գործիչ Վահան Հովհաննիսյանը եւ ներկայիս արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ազգային ժողովրդավարական Շավարշ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ այլք:Այսինքն, մեր ներկայիս քաղաքական վերնախավը մեր ժողովրդին լավագույն օրինակ է ծառայում, թե ինչպես կարելի է օտար լեզվով կապկել զանազան հաղորդումներ, առանց ակցենտի սկզբունքով ծամածռելով ռուսական հաղորդումը՝ ի ցույց դնել իրենց ռուսերենի գիտելիքները (կամ չգիտելիքները):
Ես նայում եմ այդ գավառահոտ հաղորդումից գոհ նրանց դեմքերին եւ մտածում, որ գործիչները հավանաբար իրենց համարում են մտավորական:Նժդեհը կասեր՝ սուտամտավորական:Մանավանդ առանձնակի հպարտ է իր ռուսերենի գիտելիքներով կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Ես այդ ժամանակ հիշեցի, որ սույն այրը հպարտորեն մի անգամ հայտարարեց, որ հրապարակել է ռուսերեն լեզվով իր գրած ոտանավորները:(Ո՞նց մեր բախտը չի բերում կրթության եւ գիտության նախարարներով՝ նախորդ նախարարի հոբին էլ տարբեր տիպի բաղնիքներն ու կասկածելի բարքերով հիմնարկությունների փայատիրությունն էր):
Այսպիսով, կրթության եւ գիտության նժդեհական նախարարը դժգոհ լինելով իր գործընկերոջ՝ նախկին կոմունիստ նախարարի այն որոշումով, ըստ որի՝ հայ երեխաները Հայաստանում պետք է պարտադիր սովորեն հայկական դպրոցներում, ձգտում է փոխել այն, որպեսզի հայ երեխաները մեծանան եւ տպեն տարբեր լեզուներով պոեզիայի գրքույկներ, ասենք, ինչպես ինքը՝ ռուսերեն, իսկ ուրիշներն էլ անգլերեն, գերմաներեն, չինարեն եւ այլն:Եվ հայ ազգի սերնդի կրթության լեզվի ընտրությունն էլ կատարվի ըստ ծնողների ճաշակի, որպեսզի օտար լեզվով, հետեւաբար նաեւ մայրենիով կրթությունը դառնա կամավոր:Եթե դա նույնիսկ մտցվում է մասնավոր դպրոցներում, ապա նախարարությունը ստեղծում է ԷԼԻՏԱՐ դպրոցներ:Սա կստեղծի մի իրադրություն, որտեղ հայ պրագմատիկ ծնողները, թեկուզ պարտքերի մեջ խրվելու գնով, կուղարկեն երեխաներին էլիտար դպրոցներ:Դա նշանակում է ոչ թե հայերենի հիմքով ուսուցմամբ դպրոցներում օտար լեզուների ուսուցման բարելավում, որին բնականորեն պետք է ձգտի նախարարությունը, այլ ուղղակիորեն հանրային դպրոցների (որոնցում կրթության լեզուն հայերենն է) խեղճացում եւ քանդում:Ես համոզված եմ, որ եթե Գերմանիայում հրաշքով անցկացնեն այդպիսի օրենք, որը կթույլատրի գերմանացիներին ստանալ այլալեզու կրթություն, հաստատ մի գերմանացի չի գտնվի, որ փոխի իր կրթության լեզուն, բայց Հայաստանի պարագայում այլ է։
Ոչ հեռավոր անցյալում հայ ծնողներին ոչ ոք չէր ստիպում, այլ իրենք էին որոշում իրենց երեխաների կրթության լեզուն:Հայկական դպրոցները չէին փակվում վերեւից:Հայ ծնողները նախընտրում էին ռուսական «էլիտար» դպրոցները (ինչպես, ըստ երեւույթին, առաջին դասարան գնալիս նախարարի ծնողներն են որոշել):Այդ գործընթացի հետեւանքով հայկական դպրոցները դատարկվում էին եւ, փաստորեն, կանգնում փակման վտանգի առջեւ:Այսինքն՝ տեղի էր ունենում ինքնաոչնչացում:Էլիտարանալու արմատները մեզանում շատ խորն են:Բանը հասել էր նրան, որ այդ «էլիտար» համարվող դպրոցներից շատերում, որտեղ սովորում էին այն ժամանակվա քարտուղարների, ինծիլիգենտների ու ցեխավիկների երեխաները, կամ հայերենի դասաժամերից մաղարիչով ազատվում էին, կամ էլ, լավագույն դեպքում, հայերենի մակարդակը ձեռքի աշխատանքի դասի մակարդակից չէր բարձրանում:Ի տարբերություն, օրինակ, մեր հարեւան Վրաստանի (էլ չեմ խոսում մերձբալթերի մասին), Խորհրդային Հայաստանում ազգային դպրոցները խեղճացել եւ դարձել էին երկրորդական մի բալաստ:Հիշենք այն ժամանակվա կարգախոսները, որոնցով շարժվում էին հայ ծնողներն ու սուտամտավորականությունը՝ «Հայերենով՝ մինչեւ Ջաջուռ» կամ էլ՝ «Հայկական դպրոցներից թրիքի հոտ է գալիս» եւ այլն:Եվ եթե երկու տասնյակ տարիների ընթացքում մենք սովետահայից (եզրը Ռուբեն Հախվերդյանինն է) չվերածվեցինք հայի՝ դրանում մեղավոր ենք ոչ միայն մենք՝ հասարակ մահկանացուներս, այլեւ (եւ հատկապես) արմենաշոտյաններն ու մեր այլ պետական այրերը:Եվ ոչ միայն չդարձանք հայ, այլեւ, ինչպես իմ ընկերն է ասում՝ մենք ավելի ռուս ենք, քան ռուսները:
Վերոհիշյալի հետեւանքով ունենք օտար պոեզիաներով տառապող նախարարներ, որոնք ցանկանում են ստեղծել նոր «էլիտար» հոսանք՝ կրթության բնագավառում, թողնելով հայ երեխաների կրթությունը ծնողների օտարամոլ հայեցողությանը:Բայց եթե առաջներում այդ «ընտրության» հնարավորությունը տալիս էր խորհրդային ղեկավարությունը, ապա հիմա ո՞ր երկիրն է ուզում տալ այդ հնարավորությունը:
Երիցս ճիշտ էին այն մարդիկ, ովքեր անկախությունից հետո պահանջում էին բացել Խթը-ի արխիվները, որով կորոշվեր, թե ովքեր կարող են պետական պաշտոններ վարել եւ ովքեր` ոչ, ինչպես դա արեցին մերձբալթյան հանրապետություններում:Մանավանդ դա վերաբերում է նախարարի պաշտոնին հավակնողին՝ այն էլ կրթության եւ գիտության, որը ցանկացած երկրի համար համարվում է ռազմավարական նշանակության նախարարություն:Եթե չլինեին անցյալի դառը օրինակները, «Լեզվի մասին» օրենքի փոփոխության նախաձեռնությունը կարելի էր համարել մոլորություն, բայց այժմ՝ այն շատ նման է վնասարարության:
Կուզենայի կանգ առնել հատկապես այն անընդհատ կրկնվող մտքի վրա, որ մեր բանակը մարտունակ է եւ Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում մենք կարող ենք դիմակայել:Շատ եմ ուզում հավատալ, որ այն ճշմարտություն է:Բայց արդյո՞ք անվիճելի է:Եթե դա այդպես է՝ ապա մարտունակ բանակ ունենալը Հայաստանում արդյո՞ք հնարավոր է այսօր՝ առանց պարտադիր ծառայության:Նույն ձեւով, մեր անցյալի իրականությունը հաշվի առնելով, արգո նախարարը պետք է հասկանա, որ պարտադիր կրթությունը եւ պարտադիր կրթությունը մայրենի լեզվով՝ նույնպիսի անհրաժեշտություն է, ինչպես պարտադիր ծառայությունը բանակում:
Եվ այսպես՝ մարտունակության մասին:Մարտունակության հիմքում շատերը տեսնում են տեխնիկայի քանակը, զինվորի տեխնիկական պատրաստվածությունը, բանակում դրվածքը, բանակում ծառայելու մարդկանց ցանկությունը եւ այլն:«Տեխնիկան զենքն է, հոգին՝ պատերազմի դարբինը»՝ ասում էր Նժդեհը:Մարտունակության հիմքը միասնականության ոգին է նաեւ:Միասնության մասին խոսակցությունները սին են, մանավանդ որ՝ հենց վերեւից խաթարվում է այն, այն էլ մի հարցում, մայրենի լեզվով կրթության հարցում, որում թվում էր, թե անվիճելիորեն պետք է միասնություն լիներ:Հանրահայտ է, որ կրթության լեզուն ոչ միայն սոսկ լեզու է, այլեւ նրանով ձեւավորվում է հոգեբանություն, ոգի:
Եթե իշխանությունը դարձնում է ազգային լեզվով կրթությունը կամավոր, դրանով իսկ ծնողների քմահաճույքին թողնելով այն, հետեւաբար՝ պառակտում ազգին, ստեղծում երկու տեսակի կրթություն, ուրեմն այդպիսի իշխանությունը ոչ միայն դավաճանում է իր իսկ որդեգրած ուղին, միասնությունը, այլեւ թքած կունենա իր բանակի մարտունակության եւ ազգային անվտանգության վրա:Այդպիսի կառավարությունը իմը չէ եւ դավաճանում է:
Հրաշալի կլիներ, եթե Արմեն Աշոտյանի նախաձեռնությունը չիմացվեր Վրաստանում եւ Ադրբեջանում:Մարդ հուսահատվում է, երբ մի պահ ենթադրում է, թե ի՞նչ կարող են մտածել մեր մասին մեր հարեւանները, թշնամիները, նույնիսկ հենց օրենքի փոփոխությունը քննարկելու փաստից իսկ եւ դրանից ամաչում ես ու ակամա մտածում ես, որ օտարները «արմյաշկա» վիրավորանքը հենց նմանատիպ դեպքերում են օգտագործել:
Ասածս եզրափակեմ Նժդեհի խոսքերով. «Եղել է այդ տարրը եւ շարունակում է մնալ տկարը, անփառունակն ու ամոթալին մեր պատմության մեջ, այն ամենը, որ հաճախ հեշտացրել է օտար տիրապետությունը Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել