Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխել Սյունիքի գյուղերի ամայացումը

Ապրիլ 22,2010 00:00

ՀՀ ՏԿ նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին այս խնդրանքով են դիմել մարզի գյուղապետերը:

Ապրիլի 19-ից եռօրյա աշխատանքային այցով Սյունիքում է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Սա այս տարի Արմեն Գեւորգյանի երկրորդ այցն է Սյունիք՝ տեղում համայնքներին հուզող հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով: Գորիսում կայացած հանդիպումից հետո փոխվարչապետը այցելեց Կապան եւ նշանակված ժամից մոտ 2 ժամ ուշացումով հանդիպեց Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հավաքված համայնքների ներկայացուցիչներին: Համայնքապետերի հարցերը հիմնականում վերաբերում էին սողանքային գոտիներին, գյուղտեխնիկայի պակասին, բնապահպանական վճարներին, համայնքների վարչական տարածքում գտնվող, սակայն «Հայանտառի» կողմից տնօրինվող անտառային գոտիներին (որի հետեւանքով արոտավայրերի խնդիր է առաջացել տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերում, քանի որ անասուններին չի թույլատրվում արածեցնել այդ տարածքներում, իսկ գյուղերում եղած արոտավայրերն էլ բավարար չեն), համայնքային նշանակության ճանապահների նորոգմանը, գազիֆիկացմանը, ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: Գյուղերի ղեկավարները խնդրեցին քայլեր ձեռնարկել՝ գյուղերը ամայացումից փրկելու համար:
Կապանի տարածաշրջանի Սյունիք գյուղը հիմնականում մտահոգված է լեռնաարդյունաբերության զարգացման հետեւանքով գյուղին հասցրած բնապահպանական հսկայական վնասներով եւ փոխվարչապետին առաջարկեցին հնարավորության դեպքում Կապանի օրինակով մի քանի գյուղերի՝ Արծվանիկ, Նորաշենիկ, Լեռնաձոր, նույնպես բնապահպանական վճարներ հատկացվեն: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը հերթական անգամ խնդրանքով դիմեց փոխվարչապետին՝ աջակցել Կապանի կենտրոնական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի մասնաշենքը համայնքին հանձնելու հարցում: Օպտիմալացումից հետո մասնաշենքը օտարվել է եւ գտնվում է մարզպետարանի հաշվեկշռում, որի պատճառով մինչեւ այսօր հնարավոր չէր Կապանի քույր քաղաքի՝ Գլենդելի հայ համայնքի հանգանակած $200 հազարով վերանորոգել խիստ անմխիթար վիճակում գտնվող մասնաշենքը:
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը առաջարկեց Քաջարանի մշակույթի կենտրոնը, մանկապարտեզը եւ սպորտդպրոցը հանձնել համայնքին: Այսօր այս օբյեկտները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ենթակայության տակ են, ընկերությունն էլ համաձայնել է դրանք տրամադրել համայնքին՝ հետագայում պարտավորություն չստանձնելու պայմանով: Լեռնաձոր համայնքի գյուղապետն էլ փոխվարչապետին փոխանցեց համայնքի բնակիչների անհանգստությունը՝ համայնքում ուրանի հանքի հնարավոր շահագործման առնչությամբ:
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը խոստացավ քննարկել բարձրացված հարցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել