Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

Ապրիլ 22,2010 00:00

«Առավոտն» արդեն անդրադարձել է Արարատում (29.01.2010՝ «Արարատի մարզում ՀՀԿ-ն սպառվո՞ւմ է»), Կոտայքում (05.02.2010՝ «Կոտայքի մարզը բարգավաճում է») եւ Լոռիում (12.02.2010՝ «Լոռիում ՀՀԿ ծառերը «ծաղկում են») մարզպետների եւ համայնքապետերի քաղաքական կենսագրություններին: Այսօր «հերթը» Գեղարքունիքինն է:

\"\"

2003թ. ԱԺ ընտրությունների արդյունքում, երբ ԱԺ-ում մեծաքանակ ներկայություն ունեցավ եւ ապա կոալիցիոն իշխանության մաս դարձավ «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ Գեղարքունիքի ղեկավարումը նույնպես վստահվեց ՕԵԿ-ականի՝ մարզպետ նշանակվեց Ստեփան Բարսեղյանը: Իր՝ ՕԵԿ-ի անդամ լինելու ժամանակահատվածում մարզպետ Բարսեղյանը ջանքեր չէր խնայում՝ համայնքների ղեկավարներին համոզելու, որ նրանք նույնպես անդամագրվեն ՕԵԿ-ին: Համայնքապետերից ոմանք լսեցին մարզպետին եւ դարձան ՕԵԿ-ական, սակայն, ինչպես ցույց տվեց հետագան, զղջացին իրենց «քաղաքական կողմնորոշման» համար, քանի որ պարզվեց, որ հենց ինքը՝ Բարսեղյանը, ամենեւին էլ այդ կուսակցության գաղափարախոսության կրողը չէր:
Երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, ու ՕԵԿ-ը դուրս եկավ իշխող կոալիցիայից, Ստեփան Բարսեղյանն իր մարզպետական աթոռը չկորցնելու համար մեկ օրվա մեջ «հասկացավ», որ ՕԵԿ-ի քաղաքական գաղափարախոսությունն այնքան էլ իր սրտովը չէ, իրեն Նժդեհի գաղափարախոսությունն է ավելի «հոգեհարազատ» ու առանց վարանելու դարձավ քաղաքական առնետավազքի առաջամարտիկներից մեկը՝ լքեց ՕԵԿ-ի շարքերը եւ անդամագրվեց ՀՀԿ-ին՝ անորոշության ու անհարմար դրության մեջ թողնելով իր հետեւից գնացած՝ մարզի որոշ համայնքապետերի: Այսօր Ստեփան Բարսեղյանը ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար է: Շատ համայնքապետեր նույնպես դուրս եկան ՕԵԿ-ից: Ստեփան Բարսեղյանի եղբայր Վարդան Բարսեղյանը, որը Վարդենիսի քաղաքապետն էր, գնաց եղբոր հետքերով, նույնպես լքեց ՕԵԿ-ի շարքերը եւ 2008-ի հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններում Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվեց արդեն որպես հանրապետական, սակայն պարտվեց մեկ այլ հանրապետականի՝ Վոլոդյա Խլոյանին, ով ՕԵԿ-ական անցյալ չունի: Նախկին ՕԵԿ-ականներից շատերը մինչ օրս անկուսակցական են ու դեռ՝ քաղաքական դեգերումների մեջ:
Քաղաքականապես անկայուն Բարսեղյանին հաջորդեց ՀՅԴ-ական մարզպետ Արսեն Գրիգորյանը, նրան էլ այսօր հաջորդում է Նվեր Պողոսյանը: 2007-ի հունիսի 21-ին՝ մարզպետ նշանակվելիս Նվեր Պողոսյանը անկուսակցական էր, ում սատարում էր ԲՀԿ-ն: Այժմ Նվեր Պողոսյանը պաշտոնապես էլ ԲՀԿ-ական է: Թեեւ մարզում որոշակի տեղաշարժ կա դեպի ԲՀԿ, սակայն մարզի շատ համայնքների ղեկավարներ, ովքեր, բնականաբար, չեն ցանկանում հրապարակել իրենց անունները, երկմտում են՝ դառնա՞լ ԲՀԿ անդամ, թե՝ ոչ. ՕԵԿ-ական մարզպետի «ոդիսականը» ոչ ոք չի մոռացել:
Հավանաբար, նախկին ՕԵԿ-ական մարզպետի անկայուն պահվածքի հետեւանքն էր նաեւ այն, որ 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ համամասնական կարգով ՕԵԿ-ը Գեղարքունիքի մարզում ստացավ ամենաքիչ ձայները, զիջելով անգամ ՄԱԿ-ին. ՀՀԿ-ն ստացավ 39221, ՀՅԴ-ն՝ 15534, ԲՀԿ-ն՝ 14759, ՄԱԿ-ը՝ 9844, իսկ ՕԵԿ-ը՝ ընդամենը 6062 քվե: Մեծամասնական ընտրակարգով այս մարզից պատգամավորական մանդատներ ստացան ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը՝ ավելի քան 6000 ձայնի առավելությամբ հաղթելով ՀՀԿ-ական Մելիք Գասպարյանին, եւ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ հաղթելով անկուսակցական Խորեն Սարգսյանին եւ «Դաշինք» կուսակցությունը ներկայացնող Կորյուն Բարսեղյանին: ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանն էլ հաղթեց Ռոբերտ Մալխասյանին:
Գեղարքունիքի մարզում, սակայն, կան նաեւ քաղաքականապես կայուն ղեկավարներ: Օրինակ, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը 2005թ. մինչ օրս ՄԱԿ կուսակցության անդամ է, թեեւ ՄԱԿ-ը 2008-ից ԱԺ-ում ներկայացված չէ եւ չունի քաղաքական մեծ լծակներ: Քաղաքական կայուն կողմնորոշում ունեն նաեւ Վարդենիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը, Սեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Գեւորգ Մալխասյանը, Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը եւ այլք: Մարզում կան նաեւ կայուն անկուսակցականներ, օրինակ՝ Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, որը երկար տարիներ համայնք է ղեկավարում, սակայն որեւէ կուսակցության չի անդամագրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել