Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիստին եթե չի եղել՝ ինչպե՞ս է հայտնել

Ապրիլ 22,2010 00:00

Նոր Արեշի բնակիչ Գարեգին Շահվերդյանը դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ դատարանի նախագահներին, ԴԱՀԿ Էջմիածնի բաժանմունքի պետ Ս. Սուքիասյանին:

Նա տեղեկացնում է, որ 2008թ. ապրիլի 4-ին Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տուն էին այցելել ԴԱՀԿ ծառայության Արմավիր բաժնի հարկադիր կատարողները եւ հայտնել, որ Արմավիր մարզի առաջին ատյանի դատարանը 28.12.2007թ. վճիռ է կայացրել Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տնից՝ իրեն եւ իր ընտանիքի անդամներին վտարելու մասին:
«Ես այդ գործին մասնակցելու համար ծանուցագիր չեմ ստացել, ոչ մի վճիռ չեմ ստացել, ուստի դիմել եմ դատարան՝ գործի նյութերին ծանոթանալու եւ վճիռը ստանալու պահանջով:
Ստանալով գործի նյութերը` պարզել եմ, որ սեփականության իրավունքով ինձ պատկանող Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տան նկատմամբ Էջմիածնի շրջանային ժողդատարանի 25.06.1997թ. վճռի հիման վրա դեռեւս 12.03.1998թ. գրանցվել է Վաղարշակ Մանուկյանի սեփականության իրավունքը, որի հիման վրա էլ վերջինս 10 տարի անց` 13.12. 2007թ. դիմել է դատարան՝ ինձ իմ տնից վտարելու պահանջով»,- հայտնում է Գ. Շահվերդյանը:
Պաշտոնական ատյաններ ուղարկած իր դիմումներում քաղաքացին տեղեկացնում է, որ Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տունը պատկանել է Աղաբեկ Գրիգորի Նավասարդյանին եւ Արմենուհի Վանուշի Նիկողոսյանին: Նրանք էլ տունը 25.08.1992թ. վաճառել են Սաշա եւ Սիլվա Շահվերդյաններին: Հոր մահվանից հետո՝ 20.12.1995թ., ըստ օրենքի՝ ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա տունը ժառանգել է Գարեգին Շահվերդյանը: «Դատարանը լսել, քննել է մի գործ իմ բացակայությամբ: Երբ Էջմիածնի դատարանում իմ պահանջով փնտրում էին գործը, պարզվեց, որ 25.06.1997թ.-ի այդ դատական գործից բացի, բոլոր մնացած դատական գործերը տեղում էին: Այսպիսով, ինձ եւ իմ ընտանիքին պատկանող տունը առանց մեր գիտության օտարվել է 12 տարի առաջ, որի մասին մենք իմացել ենք 2008թ.-ին»,- նախագահին ուղղված նամակում նշում է պարոն Շահվերդյանը:
Մինչդեռ կադաստրի կողմից սեփականության իրավունքը ձեւակերպելու համար հիմք է հանդիսացել վճռի 14 տողը. «Պատասխանող Գ. Շահվերդյանը ժողդատարանին հայտնեց, որ, իրոք, Էջմիածնի նոտարական գրասենյակում 10.04.1997թ. վավերացված գրավի պայմանագրի համաձայն, հայցվորից ստացել է $16500, որը պարտավորվել է վերադարձնել մինչեւ 11.06. 1997թ., գումարի դիմաց որպես գրավ դրել է Մերձավանի Այգեգործների փողոցի իր սեփական տունը` 670 քմ հողամասով, գումարը չունենալու պատճառով, մինչեւ օրս իր պարտավորությունը չի կատարել»:
 «Ես դատական նիստին ներկա չեմ եղել, հետեւաբար չէի կարող ոչինչ ասել: Դատարանը հիմնվել է իմ` իբր «բանավոր հայտարարության» վրա»,- հայտնում է քաղաքացին,-«Տունը երբեք աճուրդի չի դրվել եւ սակարկություններով չի վաճառվել, այլապես ես տեղյակ կլինեի»:
Նա դիմել է վարչական դատարան (Էջմիածնի նստավայր) սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Գործը 2010թ. փետրվարի 8-ին ընդունվել է վարույթ: «Չնայած դրան, ԴԱՀԿ-ից ծանուցագիր եմ ստանում, որ մինչեւ 2010թ. ապրիլի 21-ը պետք է ազատեմ բնակարանս, հակառակ դեպքում, ապրիլի 21-ին չներկայանալու դեպքում, ամեն հաջորդող օրը կարող են առանց իմ ներկայության ի կատար ածել դատարանի վճիռը: Մինչ օրս դատական նիստ դեռեւս չի նշանակվել եւ գտնում եմ, որ միտումնավոր այն ձգձգվում է, որպեսզի ինձ վտարեն եւ հետագայում ավելի հեշտ լինի կայացնել ինձ համար անբարենպաստ դատական ակտ»,- անհանգստացած հավելում է Գ. Շահվերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել