Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՏԱՆՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ ՍԱՇԱՆ

Ապրիլ 22,2010 00:00

Փախուստ բանտից-2

\"\"

Երեկ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շարունակվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի վարույթում գտնվող ցմահ ազատազրկվածների փախուստի գործի դատաքննությունը: Դատակոչված վկան այս անգամ «Վիպ» տաքսի սերվիսի վարորդ Գուրգեն Շահբազյանն էր: Նա եղել է Սյունիքի մարզի Շուռնուխի ինքնապաշտպանական մարտերի մասնակից, մարտական ճանապարհ է անցել «Մխիթար Սպարապետ» հետախուզական ջոկատում, վիրավորվել է: Վկան ասաց, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը եղել է իր հրամանատարը:
Նա ասաց նաեւ, որ Սողոմոնին կոչել են Սաշա:
Վկան հայտնեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին իրեն զանգել է կինը եւ ասել, որ գա տուն: Գալով տուն, տեսնում է Սաշա-Սողոմոնին: Սողոմոնը քաղաքացիական հագուստով էր: Նրան վերջին անգամ տեսել էր 1994թ.-ին: Վկան հետագայում ոչինչ չի իմացել Սողոմոնի մասին, իսկ տանը 9-10 օր հյուրընկալելիս՝ Սողոմոնը նրան ասել է, որ գտնվել է Ռուսաստանում եւ այստեղ փաստաթղթերի հետ կապված գործեր ունի:
Վարորդ վկան հայտնեց նաեւ, որ իրենք մինչ այդ եղել են մտերիմ, Սողոմոնը հաճախ է մնացել Կարպի գյուղի իրենց տանը:
Դատախազ Հարություն Հարությունյանի հարցին, թե Սողոմոնի՝ մեկուսարանից փախուստից հետո հայտարարված հետախուզման մասին տեղեկացնում էին նաեւ լրատվամիջոցները, արդյոք իմացե՞լ է այդ մասին, վկան ասաց, որ մտքով չի անցել, որ խոսքը Սաշայի մասին է: Ի դեպ, հյուրընկալման ժամանակ Սաշան շփվել է իր հարազատների, հարեւանների հետ:
Նախկին ազատամարտիկը նկարագրեց նաեւ, թե ինչպես է բռնվել Սաշա-Սողոմոնը:
Նա այդ օրը աշխատել է, երբ զանգել է կինը եւ շտապ կանչել տուն:
Գալիս է՝ երբ իրավապահները տարել էին Սողոմոնին: Փախուստից 21 օր հետո: Սակայն տեղեկանում է, որ տունը մինչ այդ շրջափակված է եղել, կնոջը եւ տղային հրել են մի կողմ, ձեռքերը ոլորել, ննջասենյակից դուրս են հանել Սողոմոնին: Ի դեպ, դեկտեմբերի 23-ին ձերբակալում են նաեւ վկային, որին 3 օր անց ազատում են:
Դատարանի հարցին, թե նա տեղյա՞կ էր Սողոմոնի՝ «Գորիսի» բանտից 2004թ. փախուստի մասին, տվեց բացասական պատասխան:
Հիշեցնենք, որ այս փախուստը ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի վրա արժեցավ եւս 8 տարվա ազատազրկման պատժաչափ:
Սողոմոնը հոգեպես ընկճված է, իսկ Մհերը, որը նախաքննության ժամանակ կոկորդը վնասել էր, համեմատաբար խաղաղ է եւ ապաքինված:
Միայն զարմանալին այն է, որ մեկուսարանում ընթացող դատաքննությունների ժամանակ նրանք պահվում են վանդակաճաղերի ետեւում: Հայաստանի բոլոր դատարաններից հանվել են մարդկանց արժանապատվությունը նսեմացնող վանդակները:
Հավասար մրցակցության սկզբունք որդեգրած դատարանում մեղադրողն ազատ է իր սեղանի առաջ, իսկ ամբաստանվողները՝ անազատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել