Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանրաձկներ ու շնաձկներ

Ապրիլ 22,2010 00:00

Վասն որակյալ դեղերի եւ ընդդեմ կեղծ դեղերի պայքարը դժվար թե գոհացուցիչ արդյունքներ ապահովի, քանզի հատվածական է:

Վերջին օրերին Հայաստանում ոչ քաղաքական քննարկումներից ամենաուշագրավը դեղերին, դեղամիջոցների շուկայում տիրող վիճակին առնչվող հարցերն էին: Հայաստանի դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը հայտարարեց, որ Հայաստանի շուկայում առկա դեղերի 12%-ը կեղծ է, Ազգային անվտանգության ծառայությունը դեղատներում ստուգումների արդյունքում ժամկետանց ու կեղծ դեղեր հայտնաբերեց: Բայց սա այսբերգի ընդամենը երեւացող մասն է: Խնդիրը շատ ավելի խորն է:
Սկսենք նրանից, որ Էմիլ Գաբրիելյանը դեղերի շուկայում բիզնես- շահեր ունի. հայտնի ԼԱՄԲՐԻՈՆ ընկերությունում մասնաբաժին ունի եւ թե որքանով կարող է անաչառ ու անկողմնակալ լինել, թող որոշեն նրան Հայաստանի դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն նշանակողները:
Ժամանակին Հայաստանում դեղը գրանցվում էր 10 տարով եւ դրա համար տվյալ դեղը արտադրողը կամ ներմուծողը վճարում էր մոտ $700: Հիմա Հայաստանում դեղը գրանցվում է 5 տարով եւ դրա դիմաց արդեն պետք է վճարել մոտ $3000: Այս «բարենորոգումների» արդյունքում հայկական շուկայից վերացել են էժան, բայց շատ արդյունավետ դեղեր: Օրինակ՝ ստրեպտոցիդի հաբեր, պապազոլի հաբեր եւ այլն: Ոչ արտադրողին, ոչ ներմուծողին ձեռնտու չէ $3000 վճարել հինգ տարվա համար եւ նույն ժամանակահատվածում կամ եկամուտ չստանալ, կամ «զրոյի վրա կանգնել»: Էմիլ Գաբրիելյանը ապրիլի 7-ին հայտարարել էր, որ կեղծվում են պահանջարկ ունեցող դեղերը: Իսկ Հայաստանում դեղերի գրանցման գինը բարձրացնելու եւ ժամկետը կարճացնելու արդյունքում պահանջարկ ունեցող շատ դեղեր են շուկայից դուրս մղվել՝ իրենց տեղը զիջելով կեղծին:
Մյուս խնդիրը: Պատկան կառույցները դեղատների նկատմամբ խստությունը ուժեղացնելով՝ մոռանում կամ «մոռանում» են բժիշկներին: Թերեւս չի գտնվի մեր անգամ մեկ համերկրացի, որ իր կամ հարազատ-բարեկամ-ընկեր-խնամու համար անհատից դեղ գնած չլինի: Ընդ որում, այդ անհատի տեղը, հասցեն ու հեռախոսահամարը «հուշում» է, իսկ ավելի ճիշտ՝ դեղի կարիք ունեցողին այդ անհատի մոտ գնալ է պարտադրում բուժող բժիշկը: Եվ շատ հաճախ անհատը վաճառում է չգրանցված եւ թանկ, շատ թանկ դեղ: Ուրեմն, կամ բժիշկը չգիտի, որ այս կամ այն դեղը Հայաստանում գրանցված չէ եւ նշանակում է արել, ինչը շատ վատ է, կամ շատ լավ էլ գիտի, ուղղակի Հիպոկրատի երդումը մոռացած՝ նպաստում է ինչ-որ մեկի կամ մի քանիսի ոչ այնքան օրինական բիզնեսի բարգավաճմանը, ինչը շատ վատ է: Այնպես որ, կեղծ կամ չգրանցված դեղերի դեմ պայքարը պետք է ողջ ճակատով լինի եւ դեղատների դեմ «խաչակրաց արշավանք» նախաձեռնելուն զուգահեռ, պետք է կարգի հրավիրել նաեւ դեղերի շուկայի զարգացումներից անտեղյակ կամ անտեղյակ ձեւացող բժիշկներին եւ նրանց «արբանյակ» անհատ դեղավաճառներին:
Դեղերի շուկայում փոքր բիզնես ծավալած գործարարները մի առաջարկ ունեն, որն առայժմ ուշադրության չի արժանանում: Առաջարկում են Հայաստանում առանց որեւէ ընթացակարգի ու քաշքշուկների գրանցել բոլոր այն դեղերը, որ գրանցված են Եվրոպական միությունում: ԵՄ 25 երկրները միասին եւ առանձին-առանձին հաստատ շատ ավելի լավ ու արդյունավետ կվերահսկեն դեղերի շուկան եւ կեղծիքների դեմ պայքարն էլ առավել հաջողված կլինի: Օրինակ, Եվրոպայում արդեն 10 տարի է՝ անալգին չեն օգտագործում, վստահ են, որ այն քաղցկեղածին է: Իսկ Հայաստանում կա եւ անալգին, եւ, ցավոք՝ հատվածական պայքար, որի արդյունքները հաստատ չեն տպավորելու: Ինչպես կոռուպցիայի դեմ պայքարը, դպրոցներում դրամահավաքության դեմ պայքարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել