Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՏԵԼԻՔ ՈՒ ՀԱԳՈՒՍՏ ՈՒՆԵՆ

Ապրիլ 22,2010 00:00

Մանկատները տնտեսական ապրանքների կարիք ունեն

\"\"
\"\"\"\"

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատունն այսօրվա դրությամբ մեծ խնդիրներ ունի, որոնք ի վիճակի չէ իր սեփական բյուջեով լուծել: Մանկատան տարածքի ցանկապատերն արդեն մաշված են, դրանք պետք է ճաղապատել: Բացի այդ, մանկատան շենքը գործում է 1960 թվականից, այդ ժամանակվանից ի վեր շենքը հիմնովին վերանորոգման չի ենթարկվել, քանի որ հաստատության տնօրինությունը այդքան մեծ գումարներ չունի: Այս մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը: Նրա խոսքերով, իրենք ծրագրեր ունեն, որոնք իրագործելու դեպքում ծնողական խնամքից զրկված երեխաների առօրյան փոքր-ինչ հետաքրքիր կդարձնեն. «Ցանկանում ենք 3-րդ հարկ կառուցել (մանկատան շինությունը 2 հարկանի է- Ա. Խ.), որտեղ երեխաները կանեն իրենց արհեստանոցային եւ արվեստանոցային աշխատանքները: Մենք ունենք նկարչության, կարուձեւի, ինչպես նաեւ վարսավիրական խմբակներ: Այս խմբակները ստեղծվել են այն նպատակով, որ երեխաներին հետագայում մասնագիտական ճիշտ կողմնորոշման համար օգնեն: Ճիշտ է, մենք բյուջեից սնվող հիմնարկ ենք, ինչպես նաեւ բարեգործական ընկերություններից ենք օգնություն ստանում, սակայն հիմնականում շեշտը դրված է լինում սննդի եւ հագուստի վրա, իսկ տնտեսական ապրանքներին, որի կարիքը մենք շատ ունենք, ուշադրություն քիչ է դարձվում: Մեր մանկատունն ունի նաեւ նկուղային հարկ, որի որոշ հատվածներում մենք նախատեսում ենք լվացքատուն եւ չորանոց կառուցել: Հիմա մենք 1-13 տարեկան 95 երեխա ունենք մեզ մոտ, որից 76-ը գնում է դպրոց, նրանց պետք է մաքուր եւ կոկիկ ուղարկել ուսումնական հաստատություններ, ինչի համար պետք է շաբաթական 3 անգամ լվացք անել: Նրանց պետք են նաեւ գրենական պիտույքներ»:
Հենց այդ խնդիրները նկատելով էլ, «Ապագան քոնն է» հ/կ-ն, ներգրավելով Հայաստանում Ճապոնիայի դեսպանությանը՝ որպես ֆինանսական աջակից, «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատանը 3 ամսվա ընթացքում կառուցել է վարսավիրական, կարուձեւի մասնագիտացված ուսումնական սենյակներ, ինչպես նաեւ՝ բուժկետ: Մանկատան պատուհաններին անցկացվել էին նաեւ ճաղավանդակներ: Երեկ մեր երկրում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչ Հիրոշի Մինամին եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը եկել էին ուսումնական սենյակները բացելու ու կատարված աշխատանքներին տեղում ծանոթալու համար: Շրջելով սենյակներում՝ Հիրոշի Մինամին հարցրեց, թե ինչո՞ւ է ուսումնական սենյակներ կառուցվել միայն «աղջկական» մասնագիտություններով, որին «Ապագան քոնն է» հ/կ-ի հիմնադիր Գագիկ Սարգսյանը պատասխանեց, որ վարսավիրություն ցանկանում են սովորել հիմնականում տղաները, ուստի ստեղծված ուսումնական սենյակները նախատեսված են եւ աղջիկների, եւ տղաների համար: Այդ հարց ու պատասխանից հետո Հ. Մինամին լրագրողներին ասաց, որ ինքը չափազանց գոհ է իրենց ֆինանսավորմամբ կատարված աշխատանքների արդյունքներից եւ չափազանց բարձր է գնահատում մանկատանն աշխատող մասնագետների նվիրվածությունը՝ իրենց սաներին: Մանկատունը նման սենյակներով ապահովելը՝ Ճապոնիայի կառավարությանն արժեցել է $66 հազար:
Մենք պարոն Բերիկյանից հետաքրքրվեցինք, թե այժմ ի՞նչ փուլում է մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որի ստուգման արդյունքում ՀՀ Վերահսկիչ պալատը աղաղակող խախտումներ էր արձանագրել, պարոն Բերիկյանն ասաց. «Դեռ պետք է պարզենք, թե ինչ ծրագիր ենք անելու: Ամենայն հավանականությամբ, պետք է կեսճանապարհային ծրագիր սկսենք, քանի որ ցանկանում ենք մանկատան սաներն էլ մասնակցեն բնակարանների ձեռքբերմանը, որովհետեւ մենք համոզվեցինք, որ երբ հատկացված բնակարանում իրենց բաժնեմասը չունեն, ապա անխնամ են վերաբերվում դրան, իսկ երբ գիտեն, որ իրենք էլ են ներդրում արել, գնահատում են: Այնպես չի, որ մենք ասում ենք՝ այդ գումարները որտեղից ուզում են՝ գնան բերեն, հիփոթեք վերցնեն կամ այլ միջոցով, այլ այդ ներդրումների կուտակման հարցում էլ է օգնում պետությունը, այսինքն՝ պետությունն է նրանց համար հնարավորություն ստեղծում, որ մանկատան սանը գումար կարողանա աշխատել»: Ինչ վերաբերում է մանկատան այն երեխաներին, որոնց 18 տարին արդեն լրացել է եւ պետք է դուրս գան մանկատնից, սակայն բնակարան չունենալու պատճառով մնում են մանկատանը, Ֆ. Բերիկյանն ասաց, որ հենց այդ կեսճանապարհային ծրագրով էլ նախատեսվում է նրանց համար բնակարան ձեռք բերել. «Փորձում ենք, օրինակ, մի քանի հոգուն 1 բնակարան հատկացնել, նրանց հետ կլինի նաեւ սոցիալական աշխատող: Այսպիսի ծրագրեր արդեն գործում են մի քանի մարզերում: Այս ամենն արվում է այն նպատակով, որ մանկատան շրջանավարտները մանկատնից դուրս ստերիլ վիճակում չհայտնվեն, այլ ընդգրկվեն հասարակությանը»:

Հ. Գ. Այս մանկատանը գտնվող երեխաների հիմնական մասը ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել