Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գյուղացու հացը երկնքից է կախված»

Ապրիլ 22,2010 00:00

Քննարկում են գյուղատնտեսության զարգացման հեռանկարները

Շիրակի մարզի հյուսիսային հատվածներում ձմեռը սովորաբար տեւում է մոտ 8 ամիս, ինչի արդյունքում որոշ գյուղական համայնքներում հատկապես մշակաբույսերի արտադրությունը եկամտաբեր չէ: «Օրինակ, Աշոցքի տարածաշրջանի հեռավոր գյուղերում ցորենի եւ հացահատիկային կուլտուրաների արտադրությունը լուրջ խնդիրներ է բերում՝ կապված ոռոգման ջրի, եղանակային պայմանների, սերմերի ու գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության հետ»,-«Առավոտի» հետ զրույցում մարզի խնդիրները ներկայացնելիս «Երկինք» սոցիալ-իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Քնարիկ Խաչատրյանը այլ խնդիրներ եւս մատնանշեց. «Մեր մարզում բնակչությունը ցանում է, բայց կարկտահարության, ցրտահարության պատճառով բերքը չի կարողանում հավաքել, գյուղատնտեսական արտադրանքի ապահովագրության խնդիր կա, որ պետությունը դժվարանում է փոխհատուցում տրամադրել գյուղացուն իր կրած վնասի համար»: Տիկին Խաչատրյանի խոսքով, մարզ ներկրված պարարտանյութերը քիչ քանակությամբ են, բայց բարձր գներով: Նա նաեւ նկատեց, որ իրենց մարզի հատկապես սահմանամերձ համայնքներում իրավիճակն ավելի վատ է. «Այդ համայնքները ունեն նաեւ ռազմավարական զարգացման խնդիրներ. եթե այսօր այդ տարածքներում գյուղատնտեսության զարգացումը չդրվի բավարար հիմքերի վրա, առաջիկայում ամբողջովին հայաթափ կլինեն, մյուս խնդիրներին կավելանա արտագաղթի խնդիրը»:
Վայոց ձորի Արփի համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Հարությունյանն էլ «Առավոտի» հետ զրույցում մատնանշեց իրենց համայնքի միակ ձեռքբերումը՝ ոռոգման ջրի կարգավորումը, բայց նրա խոսքով՝ համայնքի խնդիրները դրանով չպակասեցին. «Գերխնդիր է մնացել գյուղտեխնիկան, թե՛ մարզում, թե՛ մեր համայնքում նույնիսկ մաշված գյուղտեխնիկան բավականին քիչ է, սրան ավելանում են թանկ սերմնանյութերը եւ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ մյուս ծախսերը»: Տիկին Հարությունյանի խոսքով, իրենց համայնքում գյուղացին հիմնականում զբաղվում է պտղաբուծությամբ եւ բանջարաբուծությամբ. «Գյուղացու հացը երկնքից է կախված, այս տարին էլ մեզ համար չափից դուրս անբարենպաստ էր, ցրտահարության պատճառով բերքի հիմնական մասը կորցրինք, կորիզավոր պտուղներից կարողացանք պահպանել մոտ 30%»: «Հեյֆեր» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանի մարզերի ու ոլորտի խնդիրներով զբաղվող հ/կ-ների ներկայացուցիչները երեկ քննարկում էին Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանն «Առավոտի» հետ զրույցում կարեւորեց. «Մենք դա անվանեցինք գյուղատնտեսության զարգացման հեռանկարներ, բայց իրականում դա գյուղի զարգացման հեռանկարներն են, պետք է աշխատենք գյուղաբնակ տղամարդուն, կնոջը օգնելու ուղղությամբ՝ նախքան կոնկրետ գյուղերում աշխատանք սկսելը, մենք գնահատել ենք իրավիճակը հենց կոնկրետ գյուղի բնակիչների գնահատականներով: Ամենածանր վիճակում սահմանամերձ լեռնային գոտու վրա գտնվող համայնքներն են, ամենամեծ հիմնախնդիրն էլ միգրացիան է, ժողովուրդը անհույս վիճակում է եւ ոչ մի հեռանկար չունի ապագայի հետ, մեր առաջին քայլը միգրացիան կանխելն է լինելու»: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանն էլ ասաց, որ այս տարի սուբսիդավորման ծավալները 2 անգամ կրճատվել են՝ 2008-09թթ. 1,6 մլրդ դրամի փոխարեն կազմելով 600 միլիոն դրամ: Պարոն Ավետիսյանի տեղեկացմամբ, այդ գումարների մի մասը հատկացվել է անասնապահության եւ մասնավորապես պատվաստումներին: Մյուս մասն էլ նախատեսված է բույսերի պաշտպանության եւ կարանտինային հիվանդությունների բռնկման ու կրծողների դեմ պայքարելու համար: Փոխնախարարի տեղեկացմամբ, կառավարությունը կաջակցի նաեւ ոռոգման ջրի սուբսիդավորման հարցում. «9 դրամից դարձել է 11 դրամ, բայց եթե սուբսիդավորումը չլիներ, կդառնար 19 դրամ»:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված՝ քայլերից պարոն Ավետիսյանը կարեւորեց նաեւ գյուղմթերքի արտահանումը խթանելը: Փոխնախարարը ոլորտում մեկ այլ խնդիր էլ մատնանշեց. «Ո՞րն է մեր բրենդը, հասկացանք՝ ԱՊՀ երկրների շուկայում կոնյակն է, բայց նկատենք, որ մենք մրցունակ չենք եւ միջազգային շուկայում լայն սպառում չունենք. քաղաքակիրթ մարդիկ արդեն վիսկի, ֆրանսիական կոնյակ են խմում, մրցունակ չենք նաեւ գների առումով, լիքը հիմնախնդիրներ կան»:
Փոխնախարարն, անդրադառնալով ոչխարի մսի թանկացումներին, նշեց, թե՝ ոչինչ, որ ներքին շուկայում գները բարձրանում են. «Հերի՛ք է, ինչքան գյուղացուն դրինք ստրկության մեջ, թող գներն էլ բարձրանան, որ շահի գյուղացին, արտաքին շուկայում էլ պահանջարկ ունենք, պետք է արտահանենք, բա ի՞նչ եք ուզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել