Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՄԱՐԴՈՒ ԻՆՏԵՐԻԵՐԻ» ԷՔՍՊՈ

Ապրիլ 22,2010 00:00

Թիթեղներից, սալիկներից ու տարբեր տեսակի խողովակներից գլուխ
չհանող գեղեցկուհիները արտադրողների տաղավարը ներկայացնելու փոխարեն փախչում էին՝ վախենալով, որ իրենց հարցեր կտան:

\"\"
Համալիրի մուտքի մոտ «Վերշինա» ընկերության շինարարներն արագ-արագ տուն էին կառուցում, որ
 հասցնեին այն քաղաքաշինության նախարարին ցույց տալ:

\"\"
Շինարար-բանվորների համար համազգեստների ու կոշիկների այս տաղավարում ցուցադրված էին նաեւ սովորական կանացի կոշիկներ. ցուցահանդեսի մասնակիցները վաճառելու ինչ ունեցել՝ բերել էին:

\"\"
Կանացի արդուզարդ, հայկական տարազներ ու ձեռագործ սփռոցներ ներկայացնող Սուսաննան
հույս ուներ, որ շինարարության էքսպոյում սփյուռքահայեր կլինեն, որոնք անտարբեր չեն
անցնի իր ապրանքների կողքով:

\"\"
Այցելուները «Գլենդել Հիլզի» տաղավարում ներկայացված մակետի վրա փնտրում էին իրենց բնակարանները:

Երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ապրիլի 21-23-ն անցկացվող «Շինարարություն եւ ինտերիեր-2010» մասնագիտացված ազգային ցուցահանդեսը: Ինչպես գիտենք, ճգնաժամի պատճառով շինարարության ոլորտը մեծ անկում է ապրել, ուստի ցուցահանդեսին իրենց ապրանքները ներկայացնող տեղական արտադրողներն ու ներկրողները հույս ունեին, որ կկարողանան խոշոր պայմանագրեր կնքել կամ գոնե ծանոթություններ ձեռք բերել՝ լճացած ապրանքները վաճառելու համար:
Դժգոհ էին հատկապես ազգային արտադրողները, որոնք նշում էին, որ ներկրողների հետ անհավասար դաշտում են աշխատում, իրենք զբաղվածության խնդիր են լուծում, արտադրամասեր են հիմնում, բայց «տակ են տալիս», քանի որ ներկրողները շուկայում իրենց ճնշում են: Դժգոհողներից որեւէ մեկը չցանկացավ ներկայանալ՝ պատճառաբանելով, որ «էքսպոյի այս ազիզ, գեղեցիկ ու տոնական օրը» չեն ուզում փչացնել:
Ցուցահանդեսի շատ մասնակիցներ տաղավարները ներկայացնելու համար մոդելներ ու «միսսեր» էին բերել, որպեսզի իրենց ապրանքներին այցելուները շատ ուշադրություն դարձնեն, սակայն հաշվի առնելով, որ տաղավարներում հիմնականում ցուցադրված էին սալիկներ, մանրահատակներ, թիթեղներ, խողովակներ, հարթաշուրթ-պտուտակահան ու նման ապրանքներ՝ գեղեցկուհիներն այդ ապրանքների հետ ոչ մի կերպ չէին մերվում: Կերամիկայի, բնական քարերի արտադրությամբ, ինչպես նաեւ հաճախորդների պատվերով ու էսքիզներով խճանկարներ արտադրող «Manet Tiles» ընկերության տաղավարը ներկայացնող աղջիկներին երբ մոտեցանք ու փորձեցինք ընկերության մասին մեկ-երկու հարց տալ՝ տաղավարից փախան, հետո խնդրեցին 5 րոպե ժամանակ տալ, մինչեւ մտքերն ի մի կբերեն ու կկարողանան պատասխանել, իսկ երբ ուզում էինք լուսանկարել տաղավարը՝ չթույլատրեցին: Մեր հարցին, թե ինչո՞ւ եք ցուցահանդեսի եկել, եթե չեք ուզում ընկերության տաղավարը որեւէ տեղ երեւա՝ աղջիկները նույնպես չկարողացան որեւէ հարմար պատասխան գտնել:
Հայաստանում շինարարության պատճառով շատ կանաչ տարածքներ վերացան: Շինարարական էքսպոյում Ամստեր Ֆլաուերս- «Կանաչ դրախտ» ընկերությունն այցելուներին ծաղիկներ էր նվիրում ու բացատրում, թե շինարարության մեջ որքան կարեւոր է կանաչապատման դերը: Տաղավարը ներկայացնող Դոնարա Կոստանդյանի խոսքերով՝ «Այսօր ոչ մի գիտակից մարդ չի անի շինարարություն՝ առանց կանաչապատման: Բոլորը ձգտում են կանաչ բույսեր ունենալ տանը, որովհետեւ եւ գեղեցիկ է, եւ առողջության համար է լավ»: Նա հավաստիացնում էր, որ իրենց հետ հնարավոր է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում այգի կամ պարտեզ ստանալ. «Մենք արագ ծաղկած ծաղիկներ ենք դնում, ծառեր ենք տեղադրում ու հաշված ժամերի ընթացքում ունենում գեղեցիկ պատշգամբ կամ այգի»:
Շինանյութերի ու շինտեխնիկայի բազմազանության մեջ հետաքրքիր էին հատկապես երկու տաղավարներ, որոնք ներկայացնում էին կանացի արդուզարդեր՝ արծաթե ապարանջաններ, վզնոցներ, մատանիներ: Մեր հարցին, թե «Շինարարություն եւ ինտերիեր» ցուցահանդեսում ի՞նչ գործ ունեք՝ արծաթագործ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես էլ մարդո՛ւ ինտերիեր եմ ներկայացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել