Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական բրենդը որոնելիս

Ապրիլ 22,2010 00:00

Հայաստանը պետք է հայտնի դառնա աշխարհին ոչ միայն Ցեղասպանությամբ

\"\"

«Ես իմ նոր լեհ ծանոթին ասացի, որ ազգությամբ հայ եմ: Նա նայեց ինձ եւ ասաց. «Դա այն ազգը չէ՞, որ 15 թվին կոտորեցին»: Ես էլ նրան ասացի, որ դա այն ազգն է, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, ես այն երկրից եմ, որտեղ Նոյը ջրհեղեղից հետո հանգրվանել է իր տապանով, որտեղ սրբազան Արարատ լեռն է»,- պատմում է 25-ամյա Արմանը, ով երեք տարի ապրել է Լեհաստանում: Նրա կարծիքով, Հայաստան անունն այլ ազգերի մոտ միայն ցեղասպանության եւ տանջահար ժողովրդի պատկեր է ստեղծում, բայց չէ՞ որ մեր պատմությունը եւ ներկան միայն տառապանքներից չեն բաղկացած:
Հայաստանը ինչո՞վ է հայտնի ամբողջ աշխարհին, ի՞նչը կարող է դառնալ Հայաստանի «բրենդը»: Այս հարցերը տվեցի իմ մի քանի ծանոթների: Առաջին պատասխանը, որ հնչեց, կրկին ցեղասպանությունն էր. «Հենց ասում են հայ, հիշում են ցեղասպանությունը»: Իմ «տնաբույծ» հարցման ընթացքում շատերը հիշեցին «ցեղասպանությունը»: Կային նաեւ այլ տարբերակներ: «Հայաստանն առավել շատ հայտնի է Արարատ լեռով, կոնյակով եւ ծիրանով»,- ասաց մի երիտասարդ: Այսպես էին կարծում շատերը՝ ավելացնելով նաեւ նուռը, լավաշը, դուդուկը: Առավել սրամիտներն էլ կարծում էին, որ Հայաստանի ապրանքանիշ կարող են համարվել քիթը, թզբեխը, նաեւ «Նիվան»: Իսկ ո՞ւմ շնորհիվ է հայի անունը թնդում աշխարհում: Ըստ մեր համաքաղաքացիների, ամբողջ աշխարհին հայը հայտնի է Շառլ Ազնավուրի, Այվազովսկու, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Ջիվան Գասպարյանի, Վիկ Դարչինյանի, Արթուր Աբրահամի, Լեւոն Արոնյանի, Յուրի Վարդանյանի անուններով: Ոմանց կարծիքով էլ, մեր երկրին փառք է բերել Սիրուշոն:
«Երկրները միլիոնավոր դոլարներ եւ նաեւ կրեատիվ միտք են օգտագործում իրենց երկիրը աշխարհին հաջող ներկայացնելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի երկիրը ընկալվի որպես բարեհաջող բրենդ: Մենք էլ այդ նպատակին հասնելու համար պետք է օգտագործենք նաեւ ինտերնետը եւ նորագույն տեխնոլոգիաները»,- ասում է «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: «Մեր ազգը առաջին հերթին հայտնի է աշխարհում Արարատ լեռով, ցեղասպանությունն է, անշուշտ, մեր պատմության մասը, որն ստեղծում է ճնշված ազգի կերպար: Իհարկե, դրա մասին էլ է անհրաժեշտ խոսել, որովհետեւ եթե դա չլինի, մենք չենք կարող պայքար մղել Ցեղասպանության ճանաչման համար: Բայց շատ ցանկալի կլինի, եթե «Արմենիա» ասելով՝ մարդիկ միայն բացասական էմոցիաներ չստանան: Մենք ունենք գեղեցիկ բնություն, շատ հարուստ մշակույթ, պատմամշակութային արժեքներ՝ եկեղեցիներ, խաչքարեր, որոնցով կարող ենք ճանաչելի դառնալ ամբողջ աշխարհում»,- ասում է Դավիթ Ալավերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել