Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱՐԳԱՎԱՃՆ» ԱՐԴԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է

Ապրիլ 22,2010 00:00

Եվ ընտրությունների է գնալու առանց որեւէ մեկի հետ դաշինք կազմելու

\"\"

Թեպետ դեռ երկու տարի կա մինչ հերթական խորհրդարանական ընտրությունները, սակայն ԲՀԿ ներկայացուցիչ, Ազգային ժողովի տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը երեկ արդեն հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինք կազմելու. «Ընդհանրապես որեւէ հիմք չկա, որ մենք հիմա մտածենք ինչ-որ մի այլ քաղաքական ուժի հետ կապի մեջ մտնելու մասին։ Ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չկա»:
Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունների մասին խոսակցություններին՝ Վարդան Բոստանջյանն ասել է. «Միգուցե ես քիչ կոմպետենտ մարդ եմ, բայց ես միշտ թերթերից եմ լսում այդ տարաձայնությունների մասին։ Ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը։ Առանց չափազանցության՝ իսկապես ոչինչ չկա»: ԲՀԿ-ական պատգամավորը երեկ նաեւ հայտարարեց, որ դատապարտում է առճակատումը՝ «ռազբորկաները», եւ կոչ արեց իրավապահ մարմիններին՝ խստագույն միջոցառումներ կիրառել նման բաները բացառելու համար։ Իսկ օրերս տեղի ունեցած «ռազբորկային» վերաբերող հարցերին ի պատասխան պատգամավորն ասաց. «Ինչ վերաբերում է մասնակիցներին, արդեն կարեւոր չէ՝ մե՞րն են, ձե՞րն են. դա մեր հասարակությունն է։ Բոլորը մտնում են այդ դատապարտման երեւույթի մեջ։ Պետությունը պետք է այնպիսի կեցվածք ընդունի իր համապատասխան մարմիններով, որի պարագայում նման երեւույթները բացառվեն»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու կառավարության մղումները հատուկ քաղաքական ենթատեքստ չունե՞ն: Ըստ Վարդան Բոստանջյանի՝ ոչ: Պատգամավորը բացատրեց, թե ինչու է այդպես մտածում. «Վարչապետը մտածող, բավական ընդգրկուն մոտեցումներ ունեցող անձնավորություն է, եւ ինչու չէ՝ հիմա խոսում է այն մասին, որ իսկապես պետք է այնպես անել, որ բոլոր հարկատուները պատշաճորեն կատարեն իրենց պարտավորությունները պետության նկատմամբ։ Երկրի վարչապետն այդ մասին կարող է հստակ ասել։ Իսկ ինչ վերաբերում է ճանապարհներին՝ թե ինչպե՞ս, ուրեմն կմտածեն նաեւ «ինչպես»-ի մասին։ Եթե բարձրաձայնվում է նման մոտեցումը, սկզբունքը, ուրեմն նշանակում է՝ արդեն համապատասխան մեխանիզմներ էլ կան, որ կարողանանք մեր պարտավորություններն ամբողջությամբ կատարել երկրի նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել