Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱ՛Ն ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ»

Ապրիլ 22,2010 00:00

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ցանկացավ արձագանքել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի՝ «Առավոտին» տված հարցազրույցում արված հետեւյալ դիտարկմանը. «Եթե մենք սկսենք իրար մեղադրել անցյալի համար՝ այսօր քաղաքական դաշտում որեւէ մեկն իրավունք չպետք է ունենա բերանը բացելու ցանկացա՛ծ հարցում՝ արտաքին քաղաքականություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, բարեփոխումներ եւ այլն: Որովհետեւ Հայաստանի անկախությունից ի վեր՝ չկա այսօրվա քաղաքական դաշտում մի գործիչ, որ ներգրավված չի եղել որեւէ իշխանական օղակում»: Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Իհարկե, ողջունում եմ պրն Օսկանյանի անուղղակի ինքնաքննադատությունը սեփական գործունեությանը: Ցանկացած քաղաքական գործիչ պետք է հնարավորություն ունենա սրբագրել իր սխալները: Բայց այնուամենայնիվ պետք է նշեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում կա՛ն գործիչներ, որոնք եղել են պաշտոնատար անձինք, բայց սեփական անունն ու համբավը բարձր են պահել իրենց գործունեության ընթացքում: Եվ իրենց պաշտոնավարումից հետո հասարակությունն այդ անձանց հիշում է դրական գնահատականներով: Նրանցից մեկն է Րաֆֆի Հովհաննիսյանը, որը եղել է Հայաստանի ԱԳ նախարարը, ղեկավարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Եվ նրա գործունեության առնչությամբ հասարակությունը չունի որեւէ բացասական գնահատական: Բացի այդ՝ ժամանակը ցույց տվեց, որ պրն Հովհաննիսյանի վարած արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղղության վրա էր: Եվ եթե այն ժամանակի իշխանությունն ու հետագայում եւս պետության բարձրաստիճան ղեկավարներն ընդունեին Րաֆֆի Հովհաննիսյանի արտաքին քաղաքական վեկտորը եւ ճանաչեին Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ մենք անցած ժամանակահատվածն ի նպաստ կարող էինք օգտագործել, եւ ԼՂ խնդիրը վաղուց կարգավորած կարող էինք լինել՝ հայանպաստ ձեւով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել