Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արձանագրությունները տապալման եզրին են

Ապրիլ 22,2010 00:00

«Ազատություն» ռադիոկայանը վերաշարադրել է Global Post պարբերականում չորեքշաբթի օրը հրապարակված Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հոդվածը:
«Դժբախտաբար, ուշադրության ամենամյա այդ կենտրոնացումը՝ թե ինչ կասի Միացյալ Նահանգների նախագահը՝ տեղին չէ: Դա Միացյալ Նահանգների նախագահի հարցը չէ, դա թուրքերինն ու հայերինն է, որոնք համաձայնության կարիք ունեն,- անդրադառնալով ապրիլի 24-ին՝ նշում է Սաբինա Ֆրեյզերը՝ շարունակելով,- 2009-ին հույս կար, որ երկու կողմերը կանեն դա, հատկապես՝ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններից հետո: Բայց հոկտեմբերից հետո հարաբերությունները նորմալացնելու գործընթացը կանգ առավ, եւ հիմա փոքր շանս կա, որ արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարաններում շուտով»:
Ըստ նրա մեկնաբանության՝  հույսն այն է, որ բաց սահմանը կարող է աստիճանաբար օգնել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին: Աճող շփումները կարող են նպաստել տնտեսության զարգացմանը, տարածաշրջանի կայունությանը եւ Հարավային Կովկասում Թուրքիայի հավասարակշռված ներգրավվածությանը: «Ադրբեջանը սակայն չի տեսնում այս ճանապարհը»,- գրում է Ֆրեյզերը՝ հիշեցնելով, որ 2009-ի գարնանից Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է ե՛ւ Թուրքիայի վարչապետին, ե՛ւ ընդդիմությանը՝ պահանջելով «փակ պահել սահմանը՝ մինչեւ չազատվեն օկուպացված տարածքները»:
«Թուրքիայի կառավարությունը որոշեց չանտեսել Ադրբեջանի ճնշումները»,- շարունակում է փորձագետը ու նշում, որ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացող դժվարին բանակցություններին զուգահեռ՝ կառավարությունը չի ցանկանում խորհրդարանում ազգայնական ընդդիմության հետ պայքարի մեջ մտնել նաեւ սահմանի բացման հարցում:
«Քիչ շանս կա, որ արձանագրությունները կարող են առաջընթաց ունենալ մինչեւ 2011 թվականի Թուրքիայի հաջորդ ընտրությունները կամ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բազային սկզբունքների երկար սպասվող համաձայնագրի ստորագրումը»,- գրում է Սաբինա Ֆրեյզերը:
Նա նշում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ճնշման տակ է: Չի օգնում նույնիսկ այն փաստարկը, որ Հայաստանում արձանագրությունների արագ վավերացումը գնդակը կտեղափոխի Թուրքիայի դաշտ եւ Երեւանին միջազգային դիվիդենդներ կբերի:
Ֆրեյզերը զգուշացնում է, որ եթե առաջընթաց չլինի, կարող են կորչել տասնամյակ տեւած ջանքերը, որ նախորդել էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը. «Անկարայի ու Երեւանի համար հիմա լավագույն քայլ կարող է լինել այն, որ ժամանակավորապես մի կողմ դրվեն արձանագրությունների առավել դժվարին դրույթները եւ առաջ մղվի քիչ վիճարկելի մասը: Չնայած ընթացիկ դժվարություններին, նրանք կարող են դիվանագիտական կապեր հաստատել ու փոխադարձաբար ճանաչել միմյանց միջեւ սահմանը: Սա խորհրդարանի հաստատման կարիք չունի, չի առնչվում Լեռնային Ղարաբաղի գործընթացի հետ, պարզապես վերաբերում է երկկողմ հարաբերություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել