Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌՈՒՍԱՖԻԿԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ

Ապրիլ 22,2010 00:00

Կառավարության վերջին նախաձեռնությունն ապացույց է՝ անկախության տարիները բավարար չէին օտարամոլությունը բուժելու համար:

\"\"

Ռուսերենն աստիճանաբար վերադառնում է մեր կենցաղ՝ նաեւ հակառակ գործող օրենսդրության՝ հեռուստաեթերից ավելի հաճախ հնչող Հայաստանի ոչ պետական լեզվի միջոցով: Ի դեպ, նման ռուսալեզու հաղորդումներից մեկը, որն առանց որեւէ դժվարության կարող էր հնչել նաեւ հայերեն, իրականացվում է ռուսական դպրոց ավարտած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ: Հաջորդ քայլը կառավարության օրենսդրական նոր նախաձեռնությունն է, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որ Հայաստանի տարածքում հիմնվեն «օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ»:
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը, որը կրթական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունի՝ մեր հարցին, թե չի կարծո՞ւմ, որ սա ակնհայտ հետընթաց է այն դիրքորոշումից, թե հայը պիտի հաճախի հայկական դպրոց, ասաց. «Եթե իմ ձեռքի տակ չլինեին վերլուծությունները հանրակրթության որակի անկման վերաբերյալ՝ ես կմտածեի, թե հետընթաց է: Բայց փաստորեն մենք այսօր ունենք միայն ազգային դպրոցներ, չունենք որեւէ օտարալեզու դպրոց, սակայն մայրենի լեզվի որակի գնահատականը 10 բալանոց գնահատման համակարգում 3,9 է»: Հայաստանում ռուսական դպրոցների վերաբերյալ ոչ վաղ անցյալի փորձը հաշվի առնելով՝ հետաքրքրվեցինք, թե չի՞ կարծում արդյոք, որ եթե հնարավորություն տրվի ոչ հայկական՝ օտար լեզուներով ուսուցման դպրոցներ հաճախել, այս ցուցանիշները կարող են ավելի նվազել: «Կարծում եմ, որ խնդիրն այդ չէ՝ մենք կունենա՞նք այլալեզու դպրոց, թե՞ ոչ: Խնդիրն ընդհանուր պատճառները վերլուծելու ու դրանք բացառելու ճանապարհով գնալն է: Եվ կարծում եմ, որ եթե մենք ունենանք օտարալեզու հզոր դպրոցներ, որտեղ հայերենն անպայման նույնպես պիտի դասավանդվի…»,- Անահիտ Բախշյանին ընդհատեցինք՝ դարձյալ հիշեցնելու համար խորհրդային տարիների փորձը, թե ռուսական դպրոցներում ինչպես էր դասավանդվում հայերենը, որի պատճառով նման դպրոցներ ավարտածները վատ գիտեին հայերեն գրել-կարդալ: «Ժառանգության» պատգամավորը մեր այս հիշեցմանն այսպես հակադարձեց. «Բայց գիտե՞ք՝ այն ժամանակվա ռուսական դպրոցներում ավելի լավ էր հայերենը դասավանդվում, քան հիմա՝ հայկական դպրոցներում: Այո՛, այն ժամանակ ռուսական դպրոցներն ավարտածները գրագետ հայերեն չգիտեին, բայց այսօր հայկական դպրոցներ ավարտածներն էլ չգիտեն՝ սա պիտի ամրագրենք: Սա դաժան իրականություն է: Հիմա այն մարդիկ, որոնք օտարալեզու դպրոցների կողմնակիցներն են՝ սա շատ լավ կշահարկեն: Բայց մյուս կողմից էլ՝ բոլորս պիտի ասենք, որ դա չպիտի լինի մայրենիի հաշվին, այլ մայրենի լեզվի դասավանդման որակը պիտի ամեն կերպ բարձրացնենք բոլոր տեղերում՝ անկախ իրենց կարգավիճակից կամ տեսակից: Բոլոր դպրոցներում մայրենի լեզուն պիտի շատ լավ դասավանդվի: Եթե մայրենին լավ գիտեն՝ ցանկացած լեզու լավ կսովորեն»:
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, որը տարիներ առաջ որպես «Մաշտոց» կազմակերպության նախագահ, պայքարում էր, որ հայ երեխաները գնան հայկական դպրոցներ. «Կառավարության այս նախաձեռնությունը մի կողմից՝ անսպասելի էր, բայց եթե խորանում ես Հայաստանի անկախության պատմության մեջ՝ այնքան էլ անսպասելի չէր: Խորհրդային տարիներին ինձ թվում էր, թե մեր ժողովրդի ձուլումը, Հայաստանից հեռանալը եւ այլն՝ կապված է պետականություն չունենալու հետ, եւ եթե անկախություն լինի՝ այդ ամենը կշտկվի: Բայց անկախության 20 տարիներին պարզվեց, որ հիվանդությունը շատ ավելի խորն է: Դա առաջին անգամ երեւաց 1997-1998-ին, երբ հայ ընդդիմադիրներից մեկը նախաձեռնեց Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու ստորագրահավաք, եւ հավաքվեցին ահռելի ստորագրություններ: Ուղղակի զարմանալի էր, որ անկախություն ունեցող պետության մեջ կազմակերպվեց այդպիսի ստորագրահավաք: Էլ չեմ ասում, որ Հայաստանում կան գործիչներ, որոնք ընտրությունների ժամանակ հայտարարում էին, թե մեր երկիրը պետք է մտնի ռուբլու գոտի: Ուրեմն՝ այդ հիվանդությունը դեռեւս մեր մեջ է: Եվ այս նախաձեռնությունն էլ դրա դրսեւորումներից մեկն է՝ այս անգամ արդեն իրեն ազգային հռչակած իշխանական ուժի կողմից: Եվ այս մտածողությունը չէ՞ արդյոք պատճառը, որ մենք ժամանակ առ ժամանակ պետականություն ենք կորցրել: Լեզուն անկախության խորհրդանիշներից է, եւ որպես դրա ապացույց՝ կարող եմ բերել Իսրայելը, որը պետություն ստեղծելուց հետո ձեռնամուխ եղավ 2000 տարի կորսված իր լեզուն վերականգնելուն: Երկրորդ օրինակն Իռլանդիան է, որն անկախությունից հետո մինչեւ այժմ վերականգնում է իր լեզուն: Իսկ մենք մի կերպ պահպանելով մեր լեզուն՝ հիմա անկախ Հայաստանի պայմաններում փորձում ենք գնալ դեպի հետ:
Իհարկե, վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում կրթական մակարդակն անկում է ապրել Խորհրդային Միության դպրոցական մակարդակի համեմատ: Դրա պատճառն էլի նույն այդ մտածողությունն է, նյութապաշտությունը եւ ազգային հարցերի մասին բացարձակապես չմտածելը եւ ուղղակի մեծ-մեծ խոսելը: Բոլոր պատճառաբանությունները, իմ կարծիքով, սին են՝ ֆինանսների պակասը եւ այլն: Այստեղ, իմ կարծիքով, ամենակարեւորը ցանկությունն է՝ ոչ միայն պահպանել խորհրդային տարիների լավագույնը, այլ նաեւ կրթությունը հասցնել ավելի բարձր մակարդակի: Եվ կրթական այս ցածր մակարդակում միջնակարգ կրթությունը դարձրին 12 տարի: Հարց եմ ուղղում Հայաստանի կրթության նախարարին, ՀՀԿ-ին ու ողջ կոալիցիային՝ 12 տարվա ընթացքում արդյոք հնարավո՞ր չէ, որ երեխաները հայերենից բացի՝ նաեւ բարձր մակարդակով սովորեն առնվազն 2 օտար լեզու: Կրթական նորմալ համակարգի դեպքում՝ ինչպես արտասահմանյան շատ-շատ երկրներում է, լրիվ հնարավոր է իմանալ առնվազն 2 օտար լեզու: Որպես օրինակ կարող եմ բերել Հոլանդիան, որտեղ միայն հոլանդական դպրոցներ են, բայց ցանկացած հոլանդացի ազատ խոսում է նաեւ ֆրանսերեն, գերմաներեն ու անգլերեն: Երկրորդ հարցս է՝ նախագծում նշված է երկու տիպի օտարալեզու դպրոցների մասին՝ մեկը խորացված ուսուցումն է, որն առանց այդ էլ կա, եւ ուղղակի քողածածկույթ է երկրորդ տիպի դպրոցների համար, որոնք ուղղակի ոչ հայկական դպրոցներ են: Այսինքն՝ նույնը, ինչ մենք ունեինք մինչեւ 1990 թվականը, մինչեւ կոմունիստների օրոք լուսավորության վերջին նախարար Միսաք Դավթյանը (ես խոնարհվում եմ նրա առջեւ) կայացրեց որոշում, թե հայ երեխաները պետք է գնան միայն հայկական դպրոց: Մի կողմից՝ կարելի է ասել, թե սա ուժային լուծում էր, բայց մյուս կողմից՝ երբեմն օրենքներով է պետք բուժել այն հիվանդությունը, որ մեր մեջ կա, եւ դրա անունն է օտարամոլություն: Եվ ըստ էության, 20 տարին բավարար չէր, որ դրա մասին այլեւս ընդհանրապես խոսակցություն չլիներ:
Հիմնական հարցը կրթության նախարարության եւ ընդհանրապես կառավարության անկարողությունն է՝ բարձրացնել միջնակարգ դպրոցներում կրթական մակարդակը: Եվ քանի որ անկարող են դա անել՝ վերնախավային դպրոցներ են ուզում բացել իրենց երեխաների համար: Իրենք իրենց էությամբ՝ չնայած նժդեհական ծխածածկույթին, նույն քաղքենիական մտածողությունն ունեն՝ ինչ խորհրդային տարիներին կենտկոմի բարձրաստիճանները, որոնք իրենց համար ստեղծում էին վերնախավային դպրոցներ: Արդեն պատկերացնում եմ, թե դրանք ինչպիսի՜ դպրոցներ կլինեն, ֆինանսական ի՜նչ վիճակում կլինեն՝ ՌԴ-ն էլ հավելյալ կֆինանսավորի: Եվ նորից կսկսեն այն խոսակցությունները, որոնք առաջ կային, թե հայկական դպրոցները մակարդակ չունեն, ու այն իսկապես ավելի կցածրանա այսօրվա մակարդակից: Եվ նորից՝ ինչպես ժամանակին է, էլի կասեն, թե «նա առմյանսկոմ գովորյատ վ պռոստոնարոդյե»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել