Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻՆԵԼ ԼՈՒՐՋ ԵՎ ԿԻՐԹ ԶԻՆՎՈՐ

Ապրիլ 22,2010 00:00

\"\"Նախկին ազատամարտիկն առաջարկում է «ժամանակին զենքը ցած դնել», որպեսզի կարողանալ կերտել «առաքինի Հայաստան»:

Վերջին շրջանում պատերազմական գործողությունների հավանական վերսկսման մասին շրջանառվող խոսակցությունները բնավ դուր չեն գալիս արցախյան ազատամարտի մասնակից, ներկայումս «Սարդարապատ» շարժման համակիր Արամ Մանուչարյանին: Իբրեւ պատերազմի թոհուբոհով անցած մարդ եւ բավականին լուրջ վերլուծաբանների հետ զրույցներից նա ներկայումս բացառում է պատերազմի վերսկսման հնարավորությունները: Իսկ նման խոսակցությունները համոզված է, որ շրջանառվում են հատուկ նպատակներով. «Օգտագործելով նաեւ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները՝ այստեղ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել՝ այդպիսով շեղելով հանրության ուշադրությունը բոլոր այլախոհ մոտեցումներից եւ ավելի ամրապնդելով սեփական իշխանությունը: Այդ թեմայով խոսում են նաեւ միջին օղակի պաշտոնյաներ՝ ցանկանալով մեկ աստիճան բարձրացնել իրենց չերեւացող դիրքը: Բայց թե առաջինները, թե դատարկ-դատարկ խոսողները չեն հասկանում, որ այդպիսով պատերազմ են հրահրում»: Մեր զրուցակիցը կոչ է անում արցախյան պատերազմից դասեր քաղել եւ «առաքինի Հայաստան կերտել»: Իրար կոկորդ կրծելու կամ կոնյունկտուրայի շահերը սպասարկող լուրեր տարածելու փոխարեն՝ պատկան մարմիններին խորհուրդ է տալիս հանրությանը, հատկապես երիտասարդներին, դաստիարակել կերպարներով, որոնք կարող են իրական զինվորի իդեալ լինել եւ երիտասարդների մեջ ոգին բարձր պահել: «Երբ մարդը ձեռքը զենք է վերցնում՝ շատ հեշտ է, բայց այն վայր դնելը բավականին դժվար գործ է: Բայց դրանով հասարակություն է կերտվում: Մեկը զենքը վերցնում է եւ երբեք վայր չի դնում, մյուսը վերցնում է, որ հետո վայր դնի, բայց առաջինին տեսնելով՝ ինքն էլ վայր չի դնում: Իսկ երրորդը կարողանում է ժամանակին այդ զենքը ցած դնել՝ իր մեջ հաղթահարելով զենքի նկատմամբ գայթակղությունը, հասկանալով, որ ինքն էլ մնացյալի նման մահկանացու է եւ իրավունք չունի աստվածային վճիռներ կայացնելու՝ մարդուց կյանք խլելու կամ այն նվիրելու: Նման կեցվածք կարողանում են դրսեւորել միայն լուրջ եւ կիրթ զինվորները: Աստված մի արասցե, եթե վաղն ինչ-որ վտանգ եղավ, առաջինը հենց այդ մարդիկ են զենք վերցնելու եւ գնալու առաջին գիծ»,- ասում է Արամ Մանուչարյանը: Ըստ մեր զրուցակցի, պատերազմով անցած ժողովրդի մոտ շատ դժվար է կերտվում «ճիշտ հասարակություն», քանզի զենքի նկատմամբ գայթակղությունները շատ մեծ են լինում. «Եվ այսօր, որ մեր հասարակությունն այս վիճակում է, դա հենց պատերազմի շարունակությունն է, որովհետեւ զենք վերցնողներից շատերը մինչ օրս այդ զենքը ցած չեն դրել: Այս բանդիտական ռազբորկաները, զինված «թիկնազորները» եւ այլն, դրա հետեւանքն են»:
Հայի գոյատեւման ճիշտ ուղին Արամ Մանուչարյանը համարում է արդար Հայաստանի կերտումը. «Մեր հանրությունը պետք է սա գիտակցի»: Իսկ այդ ամենում այս իշխանության դերը նա համարում է իշխանությունից հրաժարվելը. «Այս իշխանությունը պետք է հրաժարական տա, քանի որ այս իշխանությամբ եւ նրա բռի բարքերով մենք չենք կարող ճիշտ հասարակություն կերտել: Սրանց կգան փոխարինելու մի քիչ ավելի նորմալ իշխանավորներ, նրանց՝ էլ ավելի նորմալը եւ այդպես՝ մինչեւ կունենանք նորմալ իշխանություն՝ նորմալ հասարակությամբ, ու կձերբազատվենք այս կլանային, խանական բարքերից»: Նա նաեւ կարեւորում է «ճիշտ բանակի» ստեղծումը. «Հայաստանը պետք է ունենա այնպիսի մի համակարգ, որ անհրաժեշտության դեպքում տոտալ մոբիլիզացիայի շնորհիվ կարողանա ունենալ գոնե մեկ միլիոնանոց բանակ»: Նա հղումներ անելով խորհրդային տարիներին գոյություն ունեցող կարգին՝ բանակ, եռամսյա  եւ այլ ժամկետային հավաքներ, ասում է, որ շատ ճիշտ մեխանիզմ էր եւ հստակ գործող, ու հարկ եղած դեպքում ԽՍՀՄ-ը կարող էր ունենալ ոչ թե 20, այլ 120 միլիոնանոց բանակ: «Մեր պետությունը փոքր է, բայց աշխարհում 10 միլիոն հայ կա սփռված, ընդունենք՝ վեցը. ի՞նչ է, չե՞նք կարող մի այնպիսի համակարգ մշակել, որ օգտագործենք մեր աշխարհասփյուռ հնարավորությունները, եւ մեզ վրա հոխորտալուց առաջ բոլորն էլ իմանան, որ գործ ունեն 1-1,5 միլիոնանոց բանակի հետ»: «Առավոտի» տարակուսանքին՝ ինչպե՞ս սփյուռքահային, այլ երկրի քաղաքացուն նման պահանջ ներկայացնենք, պատասխանեց. «Ինչի՞, սփյուռքահայը հայ չի՞: Ինչի՞, կարողանում ենք ամսական 100 դոլար ուզենք, որպեսզի ծախսենք, չե՞նք կարող ասել՝ էդ գումարը մի ուղարկի, բայց երբ պետք լինի, արի կռվի: Կարելի է այդ համակարգը մշակել, եթե լինի նորմալ իշխանություն, նորմալ պետություն: Մենք դրա անհրաժեշտությունն ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել