Երեկ, ժամը 18.30-ի սահմաններում, քաղաքացիները ահազանգել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանություն եւ հայտնել, որ Զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ գտնվող «Վայոց ձոր» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ համայնքի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: «Առավոտի» տեղեկություններով՝ մինչ ոստիկանությունը կհասներ դեպքի վայր, կրակոց արձակողը դիմել էր փախուստի: Մեզ հետ զրույցում հարեւանությամբ բնակվող մի քանի բնակիչներ հայտնեցին, որ տեղի է ունեցել վիճաբանություն, ընթացքում «Ռենջ-Ռովեր» մակնիշի 10… 100 համարանիշով ավտոմեքենայից դուրս է եկել
երիտասարդ եւ իր մոտ եղած «Վինչեստեր» հրացանով անկանոն կրակել օդ, ապա դիմել փախուստի: Դեպքի վայրում գտնվող ոստիկանները նախ զարմացան, թե մենք որտեղի՞ց իմացանք կատարվածի մասին, իսկ հետո էլ հաստատեցին մեր այս բոլոր տեղեկությունները: Ըստ մեր աղբյուրների, երիտասարդն ապրում է «3-րդ գյուղում»: