Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 1915Թ.

Ապրիլ 21,2010 00:00

Զիլե (Թոքաթի նահանգ, Եվդոկիա)

Սկիզբը՝ նախորդ համարներում

Զիլեի գավառակը գտնվում է Թոքատից (Թոկատ, Եվդոկիա) 67 կմ արեւմուտք: Արեւելքից այն սահմանակից է Թուրհալին, հարավից՝ Քադըշեհրիին, արեւմուտքից՝ Գյոյնուջեքին, իսկ հյուսիսից՝ Ամասիային:

Պատմության ընթացքում Զիլեն ստացել է Զելա, Զելիթիս, Զելիդ, Անզիլա, Զեյլի, Սիլաս եւ այլ անվանումներ: Անունների այս շարքը հիմնականում կապված է տեղի բնակչության լեզվական առանձնահատկությունների հետ: Այսինքն՝ եկվոր ժողովուրդները տեղանունը հարմարեցրել են իրենց լեզվական-հնչյունական ապարատին:

Ստրաբոնի վկայությունների համաձայն, Զիլեն հիմնադրվել է Ք.Ա. 1600-ական թվականներին՝ Շամիրամի կողմից: Զիլեն աչքի է ընկել մշակութային խաչաձեւման արդյունքում հարուստ ժառանգության ներկայացմամբ: Տարբեր ժամանակներում այն իր վրա է կրել խեթերի, փռյուգիացիների, Իրանի, Հռոմի ու Բյուզանդիայի մշակութային տարրերը:

Հայերն այստեղ են ապրել անհիշելի ժամանակներից ի վեր: Զիլեն մտնում էր պատմական Փոքր Հայքի կազմի մեջ: Հայերի հիմնական թվի մասին մինչեւ 19-րդ դար՝ աղբյուրները լռում են: Հայտնի է միայն, որ եվրոպական եւ ամերիկյան աղբյուրների հիման վրա կազմված կոտորածների աղյուսակի համաձայն, Զիլեում սպանվել է 26 300 հայ: Իսկ առաջին պաշտոնական մարդահամարը վերաբերում է 1914թ., այսինքն՝ մինչ Առաջին աշխարհամարտ, որի համաձայն՝ այստեղ ապրում էր 4283 թրքախոս հայ: Հայկական բնակչությունը բաշխված էր 4 հայկական բնակավայրերում: Զիլեում հայերն ունեին 2 եկեղեցի, երեք դպրոց՝ 600 աշակերտներով: Տեղի հայերի հիմնական զբաղմունքը գորգագործությունն էր, որն այստեղ ուներ պատմական արմատներ եւ առանձնանում էր իր յուրօրինակությամբ: Շատ հայտնի են տեղի վիշապակարպետները, որոնցում առասպելական վիշապի ոճավորված պատկերն է՝ ընդգծված եղջյուրներով ու պոչով: Այն ընդհանուր առումով ունենում է հայոց այբուբենի մեծատառ «Տ» ձեւը: 17-18-րդ դդ. նման կարպետներ էին գործում Զիլեում ու դրա շրջակա հայաբնակ կարպետագործական կենտրոններում: Գորգերի այս տեսակը հայտնի է «Վերնի», «Զիլե», «Վիշապակարպետ», «Օձակարպետ» եւ այլ անուններով:

1915թ. տեղի՝ Համիդյան կոտորածներից մազապուրծ հայությունը զոհ գնաց երիտթուրքական յաթաղանին: Թուրքական ծրագրված քաղաքականության արդյունքում կորան նրանց հետքերը: Երեխաները որդեգրվեցին կամ սպանվեցին, կանայք գերեվարվեցին կամ գլխատվեցին: Քաջ հայտնի է Զիլեի տղամարդկանց ճակատագիրը: 1915թ. Զիլեում, թուրք ենիչերիները առանձնացրին տեղի արական սեռի ներկայացուցիչներին եւ նրանց, բոլորին՝ հոգեւորականների գլխավորությամբ, խեղդամահ արեցին «Ղազ լիճ» կոչվող ճահճի մեջ: Զիլեն մաքրվեց հայերից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել