Նյու Յորքի Ռենսլերի պոլիտեխնիկական ինստիտուտում իրականացված փորձը հաստատել է այն վարկածը, որ էկրանի պատկերի պայծառ գունեղության եւ սենյակի լուսավորության միջեւ առկա հակադրությունն ավելի արագ է հոգնեցնում աչքերը: Փորձի ժամանակ կամավորներին ցուցադրել են երկու ժամանոց ֆիլմեր: Առաջին խումբը նայել է ֆիլմը հարթ էկրանով, լավ լուսավորված սենյակում, իսկ երկրորդ խմբին ֆիլմը ցուցադրվել է մի այնպիսի տարածքում, որը զրկված է եղել հավելյալ լուսավորությունից: Երկրորդ ֆիլմը նայելու ժամանակ խմբերի մասնակիցները տեղերով փոխվել են:
Ընդմիջման ժամանակ, ինչպես նաեւ երկրորդ ֆիլմը դիտելուց հետո, կամավորները պետք է հանձնեին ռեակցիայի արագության թեստ՝ տեսողական գրգռիչների նկատմամբ: Առաջադրանքի կատարման ժամանակ մասնակիցների գլխուղեղը սկանավորվում էր:
Հետազոտողների տվյալներով՝ սենյակում լուսավորության բացակայությունը, որտեղ իրականացվել է կինոդիտումը, առաջադրանքը կատարելու ժամանակ նպաստում էր ռեակցիայի արագության նվազմանը: Գիտնականները նաեւ փաստել են, որ, ճիշտ է, չնչին, սակայն ավելացել է նաեւ գրգռիչի եւ տեսողական կենտրոնի պատասխան խթանման միջեւ ընկած տեւողությունը:
Բանավոր հարցման ժամանակ այն մասնակիցները, ովքեր ֆիլմը դիտել են մթության մեջ, ավելի հաճախ են բողոքել տեսողական լարվածության, հոգնածության եւ քնկոտության վերաբերյալ: