Լրահոս
Օրվա լրահոսը

Նաեւ փրկության ցուցահանդես

Ապրիլ 21,2010 00:00

\"\"Երեկ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչեւ մայիսի 10-ը: Ներկա էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ներկայացված էր Հայաստանի եւ Սփյուռքի արվեստագետների՝ գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի, դեկորատիվ արվեստի շուրջ 250 աշխատանք՝ ընտրված ավելի քան 600 հայտերից: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հայտնեց, որ ներկայացվածներից մի քանիսը կհամալրեն Ազգային պատկերասրահի ֆոնդը: Ժամանակակիցների կողքին ցուցահանդեսում ներկայացված էին հայ կերպարվեստի դասականների՝ Գրիգոր Խանջյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Հենրիկ Սիրավյանի եւ այլ արվեստագետների՝ ցեղասպանությանը նվիրված շուրջ 45 աշխատանքներ:

Նկարիչ Արամ Իսաբեկյանը նշեց, որ այսպիսի ցուցահանդեսի նկարները դժվարությամբ են ստեղծվում, քանի որ նկարիչը ցավ է ներկայացնում. «Սարսափելի բան է արվեստի միջոցով ներկայացնել դա»: Ավելի ուշ հիշեց Եղեռնի թեմայով նկարների հեղինակ Էդվարդ Իսաբեկյանին, ով հաճախ էր ասում, որ գարշում է այդ թեմայով նկարներից, որոնք այժմ Հայաստանում չեն: Արվեստաբան Շահեն Խաչատրյանն ասաց, որ առաջին անգամ անգլերեն կներկայացնեն Մեծ եղեռնի պատմությունը: Ներկաները կարեւորեցին ցուցահանդեսի նկարների կատալոգ ունենալը, ինչին ՀՀ մշակույթի նախարարը հավանություն տվեց:

Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը ներկայացրել էր «Մշո ճառընտիր» կոչվող աշխատանքը, որը 3 մասից էր բաղկացած: «Խաչքարը կորսված մշակութային արժեքների խորհրդանիշն է, որովհետեւ, եթե ժամանակին գրքերը փրկում էին, ինչպես երեխաներին, ապա ամեն ինչ չէ, որ փրկվեց, եւ մենք տարիներ անց տեսանք, թե ինչ դարձան մեր հուշարձանները, հողերն ու երկիրը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հ. Գալստյանը: Ավելի ուշ ասաց. «Մինչեւ հիմա չեմ կարող ֆիլմ նայել ցեղասպանության թեմայով, սարսափելի ծանր եմ տանում: Իսկ այստեղ կար մի կարեւոր բան՝ ոչ թե ցավ էր, այլ՝ փրկություն, որն ինձ օգնում էր: Կնոջ կերպարը միշտ ներկայացվել է որպես զոհ, ինձ դուր են գալիս այն կանայք, որոնք կռվում էին, տղամարդկանց կողքին դառնում ֆիդայի, փրկում ու պայքարում»:

Նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանը ներկայացրել էր «Հայկական հարցը» վերնագրած քանդակը. «Փորձում եմ եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այդ հարցի վրա: 100 տարի է, որ հայկական հարց հասկացությունը մտավ միջազգային դիվանագիտական թղթերի մեջ, բայց այդ հարցը մեխված է մնացել, տեղից չի շարժվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել