Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք եւս մեկ տարի

Ապրիլ 21,2010 00:00

\"\"Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը եզրափակիչում ԿԺԴՀ-ին 2:5 հաշվով պարտվելուց հետո՝ աշխարհի առաջնության երկրորդ դիվիզիոն տեղափոխվելու երազանքը հետաձգեց առնվազն մեկ տարով:

Մարզաձեւի ֆեդերացիան մրցաշարը Երեւան բերել էր միայն ու միայն առաջին տեղը գրավելու եւ մեկ աստիճան բարձր մրցաշարի միակ ուղեգիրը նվաճելու ցանկությամբ: Սակայն խնդիրն այս անգամ չկատարվեց:

Մեր տղաներն առնվազն մեկ գլխով բարձր էին բոլոր մրցակիցներից: Սակայն նրանք անհաջողության մատնվեցին պահեստայինների կարճ աթոռի պատճառով, որն էլ իր հերթին կազմակերպչական աշխատանքների որոշակի թերացման հետեւանք էր: Սահադաշտում հայ հոկեյիստները հարկադրված էին մրցակիցներից առնվազն երկու անգամ շատ ժամանակ անցկացնել: Իսկ դա այնպիսի մարզաձեւի համար, ինչպիսին հոկեյն է, անչափ հոգնեցուցիչ է:

Թեեւ մեր հավաքականի բոլոր անդամները մրցաշարից առաջ ժամանել էին Երեւան, սակայն թիմի գրեթե կեսին արգելվել էր մտնել սահադաշտ, քանի որ միջազգային ֆեդերացիայի կանոններով հոկեյիստը հավաքականի մարզաշապիկը կրելու իրավունք ունի միայն տվյալ երկրի ակումբներում առնվազն երկու տարի խաղալու դեպքում: Իսկ մեր լեգեոներականները ԱՄՆ-ի ուսանողական ակումբների անդամներ են:

Այդուհանդերձ, հայ հանդիսականը նրանց վարպետության ականատեսը դառնալու հնարավորություն ունեցավ Հարավ Աֆրիկյան Հանրապետության հետ տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախկին նախագահ Կարեն Խաչատրյանի հուշ-խաղում, ինչպես նաեւ Վրաստանի թիմի հետ ընկերական հանդիպումում:

Ինչ վերաբերում է երկրորդ դիվիզիոն անցնելու հեռանկարին, եկող տարի նույնպես այդ հնարավորությունն իրական կարող է լինել, քանի որ, մեր տեղեկություններով, միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները գոհ են մնացել մրցաշարի կազմակերպման մակարդակից եւ թվում է՝ դեմ չեն լինի, եթե հայտ ներկայացվելու դեպքում եկող տարվա հանդիպումների համար կրկին Երեւանն ընտրվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել