Օրերս Արմաշի միջնակարգ դպրոց այցելեցին ԵՊՀ քիմիական ֆակուլտետի անօրգանական քիմիայի ամբիոնի մի խումբ դասախոսներ՝ քիմիական գիտությունների թեկնածուներ Ռ. Հարությունյանը, Ռ. Ադամյանը եւ Գ. Սիմոնյանը: Նրանք հանգամանորեն ներկայացրին մի շարք քիմիական տարրերի հայերեն եւ այլալեզու անվանակարգման կապը, ծանոթացրին որոշ նյութերի արտասովոր հատկություններին, իրենց հետ բերած նյութերով փորձեր արեցին՝ զարմացնելով աշակերտներիս: Այնքան էինք տարվել, որ չզգացինք, թե ժամանակն ինչպես թռավ: Համալսարանի դասախոսները հրաժեշտ տվեցին մեզ՝ խոստանալով այցելությունը կրկնել եւ նոր փորձերով ու տեղեկություններով բավարարել իրենց իսկ առաջացրած հետաքրքրությունը: