Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ԳՏԵԼ Է ԱՄԵՆԱԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ապրիլ 21,2010 00:00

Վերջերս որդիներիս հետ գնացի «Մոսկվա» կինոթատրոն՝ դիտելու «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը: «Կապույտ դահլիճի» հանդիսատեսները, որոնք հիմնականում անչափահասներ էին, վճարելով տոմսի արժեքը (500 դրամ)՝ չէին էլ կարծում, որ ֆիլմի 90 րոպեների ընթացքում ստիպված էին լինելու դիտել դրա չարտոնագրված տարբերակը, որպիսին 300 դրամով կարելի է ձեռք բերել քաղաքի ցանկացած տեսավարձույթի սրահում: Ֆիլմի տեսագրությունն անորակ էր. հերոսների խոսքն անհասկանալի էր ինչպես թարգմանության, այնպես էլ ձայնի տեսակետից, պատկերներն աղավաղված էին, ընդ որում, ֆիլմի հերոսներից բացի, էկրանին շարժվում էին ինչ-որ մարդկային ստվերներ եւ այլն: Համաշխարհային հռչակ վայելող այս ֆիլմի՝ նման անփառունակ ու օրինախախտ ցուցադրումը Հայաստանի ամենահեղինակավոր կինոթատրոնում, մտահոգության տեղիք է տալիս: Կինոթատրոնի տնօրինությունը պետք է գիտակցի, որ հեղինակային եւ սպառողական իրավունքի կոպիտ խախտումներով, հանդիսատեսի տեսողությունը եւ լսողությունը վտանգող միջոցներով գումարներ վաստակելուց առաջ՝ հարկավոր է լրջորեն մտածել դրանց հետեւանքների մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել