Մեկնարկեց այս թեմայով միջազգային գիտաժողով
Երեկ՝ Ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ ԳԱԱ-ի ու Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի աջակցությամբ մեկնարկեց «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովը: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց եղեռնի զոհերի հիշատակը, ապա Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հնչեցրեց Տերունական աղոթքը:
«Թուրքիան եւ Ադրբեջանը մշակութային արժեքների դեմ ուղղված ցեղասպանություն են տանում,- ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու ընդգծեց:- «Ոճիրը կրկնվում է. թուրքական ձեռագիրը շարունակվում է նաեւ Ադրբեջանում: Պետք է շարունակենք բողոքել, դատապարտել: Այս ամենի համար մարդիկ պետք է պատասխան տան, որովհետեւ սա պետականորեն մշակված քաղաքականություն է եւ ոչ թե պատահականություն»: Նախարարը մտահոգություն հայտնեց նաեւ Թուրքիայի կողմից՝ Հայաստան-Սփյուռք պառակտման ջանքերի մասին. «Ազգի շուրջ երկու երրորդը ապրում է հայրենիքից դուրս: Սփյուռքահայը, լինելով օրինապաշտ լիբանանցի, սիրիացի, ֆրանսիացի, ամերիկացի, պայքարում է հայ մնալու համար, ինքնության, արմատի, հայրենիքի, պատմությանը հարազատ մնալու համար: Ինչո՞ւ պետք է մեկ դար անց հայ ժողովուրդը հոգեւոր պայքարի տանջանքի մեջ ապրի…»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ, հայերը, ի տարբերություն թուրքերի, ամենաքիչն են ապրում կրոնական ու հոգեւոր արժեքներով. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան ժողովուրդն ապրում է կրոնական ու հոգեւոր արժեքներով, այնքան ավելի է հպարտանում իր երկրով: Օրինակ՝ ի տարբերություն իռլանդացիների, թուրքերի եւ լեհերի, ռուսները, հայերը եւ հույները թերագնահատում են իրենց հոգեւոր եւ կրոնական արժեքները»: Մեկնաբանելով Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ սեպ խրելու Թուրքիայի ջանքերը, Վ. Հովհաննիսյանը նկատեց. «Սովորաբար գաղթօջախներում մարդիկ ավելի ավանդապաշտ են, քան բուն հայրենիքում: Սա նշանակում է՝ հայկական գաղութներում կոնսերվացված է հին հայկական ոգին, որը վերածննդի աղբյուր կարող է լինել Հայաստանի համար: Հենց դա է պատճառը, որ թուրքերն ուզում են կտրել կապը Սփյուռքի ու Հայաստանի միջեւ, պառակտում մտցնել»: Վ. Հովհաննիսյանի փաստմամբ, Եղեռնի վերաբերյալ թուրքական մոտեցումն այն է, որ ամբողջությամբ ժխտվում է ցեղասպանության փաստը, եվրոամերիկյան մոտեցմամբ՝ ցեղասպանություն տեղի է ունեցել, սակայն դա եղել է ուրիշ երկրում՝ ուրիշ կառավարության ժամանակ, հայկական մոտեցմամբ էլ՝ ցեղասպանությունը ոչ միայն տեղի է ունեցել, այլեւ շարունակվում է մինչ օրս՝ մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման ձեւով:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, խոսելով այսօրվա Թուրքիայի մասին, ասաց. «Այն իր գոյության ողջ ընթացքում՝ մինչ մեր օրերը, հայկական հուշարձանները դարձրել է ոչնչացման թիրախ՝ նպատակ ունենալով այդպիսով ոչնչացնել հիշողությունները հայերի գոյության մասին»: Հ. Դեմոյանը տեղեկացրեց, որ մշակվում է Թուրքիայի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության վերաբերյալ մի ծրագիր՝ փաստաթղթերի փաթեթ. «Այն կպարունակի բոլոր փաստերը, որոնք կկարողանանք ներկայացնել ցանկացած ատյան»: Նա նշեց, որ մշակութային հուշարձանների ոչնչացման քաղաքականությունը պատժելու համար կան բոլոր նախադրյալները։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով՝ «Թշնամու ձեռքերն ավելի երկար են, քան կարելի է պատկերացնել: Պետք է պայքարենք այդ վտանգավոր թշնամու դեմ ու փրկենք մեր մշակութային արժեքները: Ադրբեջանցիներն ու թուրքերը կեղծում, ոչնչացնում ու խեղաթյուրում են ոչ միայն հայկական մշակույթը, այլեւ պարսիկներինն ու այլ ժողովուրդներինը: Այդ յուրացումը տեղի է ունենում դանդաղ ու անտեսանելի կերպով»:
Նախապես ծրագրված էր, որ գիտաժողովին մասնակցելու են Հոլանդիայից, Մեծ Բրիտանիայից ու Հունգարիայից հրավիրված մասնագետներ, որոնք, սակայն, Իսլանդիայում տեղի ունեցած հրաբխի հետեւանքով հետաձգված չվերթների պատճառով չէին ժամանել: ARTN հեռուստաընկերության միջոցով գիտաժողովին հետեւում էին նաեւ Հյուսիսային Ամերիկայում եւ Կանադայում: