Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՈՎՅԱՆ «ԱՐՑԱԽԸ» ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ

Ապրիլ 21,2010 00:00

Կվինտետը ծրագրել է համերգներ նաեւ Արցախում

\"\"

Հայ կոմպոզիտորների փողային նվագախմբի համար գրված երաժշտություն, չգիտես ինչու, հնչում է միայն համապատասխան, մասնավորապես՝ զինվորական միջոցառումների ժամանակ: «Առավոտի» հետ զրուցած մասնագետներն իրավացիորեն գտնում են, որ դրանք պետք է կատարվեն նաեւ հայաստանյան փողային նվագախմբերի մենահամերգներին, որովհետեւ մեր կոմպոզիտորները հրաշալի ստեղծագործում են նաեւ այս ժանրում: Նշենք, որ մեզանում գործում են Երեւանի քաղաքապետարանի, «Արարատ» երիտասարդական, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ «Վազգեն Սարգսյան» ինստիտուտի փողային նվագախմբերը: Ի դեպ, ժամանակակից հայ կոմպոզիտորներն ունեն երկեր՝ գրված փողային գործիքների փոքր կազմի համար՝ կվարտետներ, կվինտետներ եւ այլն, ինչին ծանոթ են միայն մասնագիտական շրջանակներում: Օրերս հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված նման համերգի ունկնդիրը եղավ ռուսաստանցի հանդիսատեսը: Մոսկովյան «Արցախ» փողային կվինտետի կատարմամբ հնչել են Գ. Չթչյանի, Դ. Ազարյանի, Գ. Հովունցի, Ա. Բոյանյանի, Էդ. Սադոյանի, Ա. Ոսկանյանի, Գ. Քեոսայանի, Մ. Վարդազարյանի, Յու. Գալստյանի, Ա. Հարությունյանի եւ Կ. Խաչատուրյանի գործերից:

Զրույցի հրավիրեցինք կոմպոզիտոր Յուրի Գալստյանին, որը ներկա է գտնվել երեկոյին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ շուրջ 20 տարվա լռությունից հետո, 2009թ. դեկտեմբերին, մոսկվաբնակ երաժիշտ եւ կինոռեժիսոր Գուրգեն Գալստյանի նախաձեռնությամբ, Բարխուշինայի թանգարանի դահլիճում կայացել է հայ եւ ռուս կոմպոզիտորների փողային գործիքների փոքր կազմի համար գրված երկերից համերգ. «Ապրիլի 13-ին Մոսկվայի կոմպոզիտորների տանը կայացած երեկոն եւս մեծ հետաքրքրություն էր առաջացրել մասնագետների շրջանում: Ներկա էր Ռուսաստանում Արցախի ներկայացուցիչը՝ Ալբերտ Անդրիյանը, կոմպոզիտորներ՝ Արամ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը եւ ուրիշներ: Մինչ համերգի սկսելը, մասնակիցներն ու հյուրերը ծաղկեպսակ դրեցին Կոմպոզիտորների տան առջեւ՝ Արամ Խաչատրյանի հուշարձանին: Առանձնահատուկ պետք է նշել համերգավարին՝ կոմպոզիտոր եւ երաժշտագետ Գայանե Քեոսայանին, որը հավուր պատշաճի ներկայացրեց թե կոմպոզիտորներին եւ թե նրանց ստեղծագործությունները»: Խնդրեցինք ներկայացնել հայ ունկնդրին անհայտ «Արցախ» կվինտետը: «Փողային այս կվինտետում, որը հիմնվել է 2006թ., ներգրավված են Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ, տաղանդավոր երաժիշտներ, հոբոյահար Պավել Զագրեբաեւը, կլարնետահար Ալեքսանդր Շուշպանովը, վալթորնահար Վասիլի Մայստրենկոն, ֆագոտահար Վլադիմիր Պրոցենկոն, ղեկավարը՝ վիրտուոզ երաժիշտ, ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանն է: Կվինտետի ընկերակցությամբ իրենց արվեստով փայլեցին սոպրանո Անժելա Գեւորգյանը, ճապոնացի ջութակահար Յուտո Կոիձումին եւ դաշնակահար Կազուկի Նիսիմոնը: Համերգի հաջողությունից ոգեւորված էր Կոմպոզիտորների տան տնօրենը՝ մարշալ Բաղրամյանի թոռ Ալեքսեյ Բաղրամովը: Առանձնահատուկ պետք է նշել Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ Օլեգ Գալախովի կազմակերպչական աշխատանքները»,- ներկայացրեց Յու. Գալստյանը: Նա հավելեց նաեւ, որ կվինտետը հրավիրվել է մայիսի 12-ին հայ կոմպոզիտորների երկերով մասնակցելու Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնին. «Հրավերը ստացվել է փառատոնի կազմակերպիչներից Օլեգ Պիլիպենկոյի կողմից: Համագործակցության հրավեր է ստացվել նաեւ Անաստաս Միկոյանի թոռան՝ Կարլեն Միկոյանից, որը Մշակույթի աջակցության միջազգային ասոցիացիայի փոխտնօրենն է: Հայ հեղինակների գործերով հիացած էր նաեւ Մոսկվայի պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը՝ Չուգրեեւը»: Հարցին, թե «Արցախ» կվինտետը պատրաստվո՞ւմ է Հայաստան այցելել, Յու. Գալստյանն ասաց. «Այս տարի արդեն ծրագրված է կվինտետի համերգային շրջագայությունը Արցախ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել