Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանը, ըստ ամենայնի, չի կայանա: Այս մասին, APA գործակալության մատուցմամբ, երեկ ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը՝ մանրամասնելով, որ հիշյալ հարցը ԵԽԽՎ-ում երեկ քննարկման առարկա է դարձել՝ իսլանդական հրաբխի ժայթքման արդյունքում եվրոպական օդային տարածքի փակ լինելու պատճառով: «Հավանականությունը, որ նստաշրջանը տեղի կունենա՝ շատ փոքր է: Վերջնական որոշումը պարզ կլինի այսօր՝ երեկոյան»,- երեկ հայտարարել էր Սեիդովը:
Մեկնաբանելով հարցը, թե ինչպե՞ս կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վրա այն փաստը, որ հանձնաժողովը ղեկավարելու է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն, Սամեդ Սեիդովն ասել է, թե դա թույլ կտա հանձնաժողովն ավելի ծանրակշիռ դարձնել: «Կարգ կա, որի համաձայն, եթե հանձնաժողովի նախագահ ընտրված չէ, ապա դրա ղեկավարումը անցնում է ԵԽԽՎ նախագահին: Հնարավոր է, որ հանձնաժողովի նախագահ չընտրվի եւ Չավուշօղլուն մնա որպես դրա ղեկավար, ինչպես եւ ինքն էր հայտարարել Բաքվում: Ամենագլխավորը հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումն է: Յուրաքանչյուր ենթահանձնաժողով կցանկանար, որ իր ղեկավարը լիներ անձամբ ԵԽԽՎ նախագահը»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը:
Ավելի ուշ «Առավոտին» հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ի ապրիլի 26-30-ը կայանալիք նստաշրջանը հետաձգելու առաջարկը երեկ քննարկվել է ԵԽԽՎ բյուրոյի նիստում եւ մերժվել է: