Վենեսուելայի ազգային անկախության 200-ամյա տարեդարձի գլխավոր իրադարձությունը ռազմական շքերթն է եղել: Այդ մասին տեղեկացնում է BBC-ին: Երկրի նախագահ Ուգո Չավեսը վստահեցրել է, որ ինքը շարունակում է Սիմոն Բոլիվարի գործը:
Տոնական հանդիսություններին ներկա են եղել Վենեսուելայի առաջնորդի դաշնակիցները՝ Կուբայի եւ Բոլիվիայի նախագահներ Ռաուլ Կաստրոն եւ Էվո Մորալեսը: Զինվորական շքերթից եւ F-16 կործանիչների մի քանի պտույտ կատարած թռիչքներից հետո Կարակասի գլխավոր փողոցում՝ Ավենի դե Հերոյում (Հերոսի փողոցւմ) տեղի է ունեցել ցույց, որին մասնակցել է նաեւ երկրի ծայրամասերից ավտոբուսներով մայրաքաղաք բերված մոտ 5400 մարդ: Ցույցին մասնակցել են նաեւ Վենեսուելայի օլիմպիական հավաքականի անդամներ, աֆրիկացի ստրուկների սերունդների եւ Վենեսուելայի բնիկ ցեղերի ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով՝ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր «սոցիալիստական հեղափոխությունը» մի մասն է այն պայքարի, որ տարել է Սիմոն Բոլիվարը: Երկրի նախագահից հետո ելույթ ունեցող մի բանախոս էլ հիշեցրել է, որ Բոլիվարի երազանքն է եղել «ստեղծել լատինամերիկյան միասնություն, մեկ ազգություն եւ մեկ ժողովուրդ»:
Հիշեցնենք, որ այս տարվա աշնանը Վենեսուելայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: