Երեքշաբթի գիշերը 5 մարդ զոհվել եւ մոտ 30-ը վիրավորվել են Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքից հյուսիս գտնվող Մայովկա գյուղում տեղի ունեցած ջարդերի ժամանակ:
Հարյուրավոր երիտասարդներ դեռ երկուշաբթի ցերեկը հիշյալ գյուղում անկարգություններ էին սանձազերծել՝ իշխանություններից պահանջելով բնակարաններ կառուցելու համար հողհատկացումներ անել: Տեղի բնակչությունը, մինչեւ ուշ գիշեր ոստիկանության ժամանումը, զինված պաշարել էր բնակավայրը: Անկարգությունների ժամանակ երեք մարդ կլինիկական մահ է տարել, երկուսը, որ հրազենային վնասվածք էին ստացել՝ մահացել են, եւս երկու դիակ հայտնաբերել են հրշեջները:
Ղրղըզստանի առողջապահության նախարարության տվյալներով, բուժօգնություն ստանալու համար դիմել է 28 մարդ, որոնցից 9-ը հոսպիտալացվել է: Մայովկայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան հարյուր ջարդարար, կարգուկանոն հաստատելու ընթացքում վնասվածք է ստացել տասը ոստիկան: Այդուհանդերձ, երեկ ամբողջ օրվա ընթացքում գյուղի մոտ մարդկային կուտակումներ են եղել: Այս անգամ մոտ 150 մարդ հավաքվել եւ պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին:
Հիշեցնենք, որ երկրի առողջապահության նախարարության տվյալներով, Բիշքեքի հիվանդանոցներում դեռ մնում են հարյուրավոր մարդիկ, ովքեր վիրավորվել էին ապրիլի 7-8-ը Բիշքեքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում: