Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի գիտնականներն ու Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 21,2010 00:00

Գերմանացի պատմաբանները՝ Վանաձորում

«Գերմանական կառավարությունն իր ներդրումն է ունեցել հայկական ջարդերի կազմակերպման գործում»: Օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեցին գերմանացի գիտնական, գրող-պատմաբաններ Յորգ Բեռլինն ու Ռոլֆ Հոզֆելդը: Նրանք, ինչպես նաեւ պատմաբան Ստեփան Ստեփանյանն այստեղ էին ՎՊՄԻ-ի պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանի հրավերով: Վերջինիս ներկայացմամբ, Ստ. Ստեփանյանն առաջին հայ գիտնականն է, ով ուսումնասիրել է գերմանական արխիվները եւ դրանց հիման վրա գիրք գրել ցեղասպանության մասին: Նա նաեւ 1994 թ. ՌԴ Պետդումայի ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հեղինակն է:

«Ես քննադատում եմ մեր այն ժամանակվա կառավարությանը, որ ոչ մի բան չի ձեռնարկել կանխելու հայկական ջարդերը»,- ասաց Ռ. Հոզֆելդը: Գիտնականների հայտարարությունը պատահական չէր. նրանք ուսումնասիրել են գերմանական արխիվները, իսկ դրանցում Մեծ եղեռնին վերաբերող բավականաչափ չուսումնասիրված նյութ, ականատեսների ու նույնիսկ պաշտոնական վկայություններ կան, քանի որ Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիան՝ հյուպատոսություններ, բազմաթիվ զինվորականներ, գթության քույրեր ու միսիոներներ ուներ այդ երկրում: Ռ. Հոզֆելդը Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվելու համար ունեցել է անձնական եւ գործնական նկատառումներ: Առաջինի մասին նա գերադասեց չխոսել, իսկ երկրորդի մասին ասաց. «20-րդ դարը բռնության եւ արհավիրքի դար է, եւ դրանցից ամենամեծը Հայերի ցեղասպանությունն է: Եվ մարդը, եթե ուզում է ինչ-որ բան սովորել պատմությունից, ուրեմն պետք է ուսումնասիրի Հայկական ցեղասպանության հարցը»: Պատմաբանների համոզմամբ, առաջին հերթին Թուրքիան ինքը պետք է գիտակցի ճշմարտութունը, այնինչ՝ այսօր այնտեղ պատմության դասերը զինվորական կոմիսարների հսկողության տակ են, իսկ ամբողջ համացանցը ողողված է կեղծ տեղեկատվությամբ:

Գերմանացի հյուրերն իրենց ուսումնասիրություններն ամփոփել են գրքերում, իսկ Ռ. Հոզֆելդը զեկուցումներ է պատրաստում նաեւ մամուլի եւ հեռուստատեսության համար: Վերջերս գերմանական առաջին ալիքով, որն ամենամեծ լսարանն ունի, ցուցադրվել է «Ցեղասպանության աղետը» 90 րոպեանոց ֆիլմը, որի համար հիմնականում հենք են հանդիսացել Գերմանիայի ԱԳ նախարարության արխիվի նյութերը: Ֆիլմին անդրադարձել է գերմանական ողջ մամուլը, այդ թվում՝ ամենահեղինակավոր հանդեսները: Հեռուստատեսային քննարկումներ են տեղի ունեցել, որոնց հրավիրվել են թուրք ներկայացուցիչներ: Վերջինները, սակայն, հայտարարել են, թե փաստերը կեղծ են, մեղադրել են գերմանական կառավարությանը՝ ապատեղեկատվություն տրամադրելու մեջ: Բանախոսների խոսքով, Թուրքիայում կան նաեւ առաջադեմ մտավորականներ, լրագրողներ: «Էրդողանի վերջին հայտարարությունների հետ կապված՝ թուրք մեկնաբաններից մեկը գրել է. «Եթե Հիտլերը լիներ թուրք, մինչեւ հիմա թուրքերը կհաստատեին, որ հրեաների հոլոքոստը չի եղել»,- նշեց Ռ. Հոզֆելդը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել