Մեկնաբանում են մասնագետները
«Հայ-թուրքական տեղեկատվական պատերազմը նոր թափով է վերսկսվում: Այս պարագայում, անկախ նրանից՝ ով որ քաղաքական ուժին է դավանում, չպետք է բաց թողնենք ապրիլի 24-ը՝ աշխարհին ներկայանալու մեր միասնությամբ»,- Առավոտի» հետ զրույցում ասում է ԵՊՀ տեղեկատվական պատերազմներ առարկայի դասախոս Դավիթ Ալավերդյանը: Նրա խոսքով՝ այժմ, երբ ակնհայտ է, որ Թուրքիան առանձնապես մտադրություն չուներ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այլ պարզապես իմիտացիայի խնդիր էր դրել եւ փորձում էր «սեպ խրել» Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, նաեւ ներգրավվել ԼՂՀ-ի խնդրի կարգավորման մեջ, ապրիլի 24-ին հայերիս միասնականությունը հստակ պատասխան քայլ կլինի Թուրքիային եւ Ադրբեջանին. «Պետք է ցույց տալ, որ չկա հայկական Սփյուռք, այլ կա հայություն, որը պահանջատեր է եւ որը հանուն որեւէ կարգավորման չի հրաժարվելու ցեղասպանություն հարցը բարձրացնելուց»: Ըստ փորձագետի, ֆուտբոլային նախաձեռնողական դիվանագիտությունից հետո փոխվել են հայ-թուրքական տեղեկատվական պատերազմի շեշտադրումները. «Մինչեւ ֆուտբոլային դիվանագիտությունը՝ հայ-թուրքական տեղեկատվական պատերազմն ուներ ալիքաձեւ տեսք, այսինքն՝ տարվա սկզբին, մինչեւ ապրիլի 24-ը, լինում էր տեղեկատվական պատերազմի թեժացում, իսկ դրանից հետո ալիքն իջնում էր: Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացմանը զուգահեռ, թեման դարձավ մշտական»: Նախկինում տեղեկատվական պատերազմը կարծես 2՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական ճակատով էր ընթանում, վերջին իրադարձությունների շնորհիվ, թվում է՝ պայքարի ուղղությունը մեկն է: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է. «Թուրքերն անընդհատ փորձում են մեզ համոզել, որ Հայկական հարցը իրենց համար երրորդական է, բայց, միեւնույն ժամանակ, մեծ ջանքեր են թափում դրա համար, որպեզի «երրորդական» հարցը հանկարծ առաջ չգա, դա անել՝ նրանց այժմ կարծես թե չի ստացվում, որովհետեւ անընդհատ դեսպաններ են հետ կանչում եւ այլն»: Փորձագետի խոսքով՝ թուրքական քարոզչամեքենայի մյուս կողմն էլ ձգտում է վերացնել պատմական հայերի ներկայությունը Արեւմտյան Հայաստանում, որն անում են, օրինակ՝ Հայկական լեռնաշխարհի հետ կապված կենդանիների անուններից լատինական անուններ հանելով, Արեւմտյան Հայաստանը Արեւելյան Անատոլիա անվանելով եւ այլն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ս. Մարտիրոսյանը գտնում է, որ նրանց քայլերը հիստերիկ բնույթ են կրում, լուրջ չեն, շատ դեպքերում՝ անգրագետ: Ապրիլի 24-ին սպասվող տեղեկատվական հոսքերի «մասով» տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը համոզված է, որ ապրիլի 22-ից սկսած՝ կակտիվանան հակերային հարձակումները հայկական կայքերի վրա, քանի որ երկու կողմերն էլ այդ օրերին փորձում են դաշտը «լցնել» իրենց տեսանկյուններով: Այդպիսի հարձակումների՝ Թուրքիան դիմում է ամեն անգամ, երբ ցեղասպանության գործում ինչ-որ քայլ է լինում: Նա նշեց, որ Շվեդիայի խորհրդարանում ցեղասպանության բանաձեւը ընդունելուց հետո Թուրքիան միանգամից հարյուրավոր շվեդական կայքեր էր «ջարդել»: Փորձագետը նշեց նաեւ, որ այդ օրերին հատկապես DDoS հարձակումներն են ավելանում, երբ վարակված հազարավոր համակարգիչներ ուղղորդվում են տվյալ կայքը եւ, չդիմանալով լուրջ քանակի թրաֆիկին, սերվերը «կախվում» է: Նրա խոսքով՝ այդ հարձակումները հատկապես Հայաստանում «հոսթինգ» իրականացնող կայքերին է սպառնում: Ինչ վերաբերում է հայկական կայքերի պաշտպանվածությանը, Ս. Մարտիրոսյանը գտնում է, որ պետական կայքերի անվտանգությունը քիչ թե շատ փոխվել է, իսկ սովորականները՝ խոցելի վիճակում են: Դ. Ալավերդյանն էլ գտնում է, որ մեզ մոտ ճիշտ է՝ քայլեր արվում են, սակայն հակառակորդը եւս քնած չէ: Այսօր տեղեկատվական պատերազմում կարեւոր դեր են խաղում նաեւ սոցիալական ցանցերը, որոնք շատ դեպքերում սկսել են գերազանցել նույնիսկ փնտրող կայքերին: Դ. Ալավերդյանը նշեց, որ սոցիալական ցանցերը երեք կողմերից էլ ակտիվ օգտագործվում են: Նրա խոսքով՝ Հայաստանում առանձին անհատներն ու խմբերն են զբաղվում, բայց համապատասխան քաղաքականություն միանշանակ անհրաժեշտ է. «Հայկական կողմում այս իմաստով դեռեւս չկա քաղաքականություն, բայց միտումներ կան»: