Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ապրիլ 21,2010 00:00

\"\"Բուհական «քարոզարշավը» սկսվել է

Որքան մոտենում է բուհ դիմելու ժամանակահատվածը, այնքան ակտիվանում են համալսարանների PR արշավները: Հայաստանյան բուհերը վերջին տարիներին այս առումով սկսել են ակտիվանալ՝ այցելում են դպրոցներ, անցկացնում պոտենցիալ դիմորդների հետ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, կազմակերպում «բաց դռների օրեր»: ՀՀ տարբեր դպրոցներում «բուհական քարոզարշավ» անցկացնելուց հետո «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը օրերս երկրոդ անգամ կազմակերպեց «բաց դռների օրեր»: Նախ համալսարանականները ներկայացրին բուհը՝ հիմնականում շեշտելով այն հանգամանքը, որ համալսարանը համագործակցում է ֆրանսիական Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ՝ շրջանավարտներին շնորհելով հայկական եւ ֆրանսիական պետական նմուշի դիպլոմներ: Սակայն չմոռանանք նշել, որ այս պայմանը՝ երկու երկրների համալսարանների դիպլոմի հանձնումը միշտ չէ, որ իրականացվում է: «Առավոտը» պարբերաբար լուսաբանել է Ֆրանսիական համալսարանի նախկին շրջանավարտներից մեկի դատական գործն՝ ընդդեմ համալսարանի, քանի որ իրեն չէին տվել ֆրանսիական նմուշի դիպլոմ:

Այս համալսարանն ինքն է կազմակերպում բուհական ընդունելության քննությունները: Այստեղ ուսանողները հանձնում են քննություն նաեւ անցուդարձի իմացությունից: Վերջինիս հարցաշարը կազմվում է ընդունելության քննություններին նախորդող 4 ամիսների ընթացքում հայկական ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության հիման վրա: Օրինակ՝ կարող է նման հարց լինել. Ո՞ր երկրի նախագահի թեկնածուն է որպես ընտրակաշառք 400 տոննա կարտոֆիլ բաժանել ընտրողներին՝ Թուրքիա, Բրազիլիա, Վենեսուելա: Գործերի ընդունման ժամկետը՝ հունիսի 9-ից մինչեւ հուլիսի 9-ն է, իսկ ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ:

«Առավոտի» հետ զրույցում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն ասաց. «Ընդհանրապես Հայաստանի ոչ մի բուհ ուսանողի խնդիր չունի, պահանջարկը մեծ է, քանի որ բոլորն ուզում են սովորել, եւ ծնողները ֆինանսական զոհողության գնում են հանուն երեխաների կրթության: Բայց գիտակից եւ պատրաստված դիմորդի խնդիր բոլոր համալսարաններն ունեն, մենք խնդիր ունենք այնպիսի դիմորդի, ով գիտի՝ ինչ է ուզում, ինքնուրույն է որոշում կայացնում, քանի որ լինելով միջպետական բուհ՝ մենք երկու պետությունների չափանիշներն ենք ապահովում»:

Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի աշակերտուհի Ագնես Գասպարբեկյանն արդեն 2-րդ տարին է մասնակցում համալսարանի «բաց դռներին» ու վստահ է, որ հենց այս բուհ է դիմելու.«Որոշել եմ ընտրել այս համալսարանը, քանի որ, օրինակ, ավարտելով մարքեթինգի բաժինը՝ կարող եմ աշխատել նաեւ լեզուների գծով: Հետո այստեղ պրակտիկայի են ուղարկում արտասահման»: Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 դպրոցի աշակերտուհի Մանեն էլ ասաց, որ բուհերի մասին հիմնականում իմանում է ինտերնետից. «Այս համալսարանը գրավեց այն պատճառով, որ ավարտելուց հետո երկու կարգի դիպլոմ ենք ստանալու: Սկզբում ուզում էի դիմել Սլավոնական, բայց երբ իմացա, որ այնտեղ նախապատրաստական դասընթացները ռուսերեն են, այստեղ՝ հայերեն, որոշեցի գալ Ֆրանսիական»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել