Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն՝ Օձուն եւ Արդվի

Ապրիլ 21,2010 00:00

Ամեն տարի ապրիլի 17-ին, հազարավոր ուխտավորներ՝ Լոռու մարզի գյուղերից, Հայաստանի տարբեր բնակավայրերից իրենց հոգու պարտքն են համարում այցելել Օձունի վանական համալիր եւ Արդվի, ուր սուրբ Հովհաննես եկեղեցում ամփոփված է մեծ հոգեւորականի, փիլիսոփայի, դիվանագետի, ազգային գործչի աճյունը։ Նա ծնվել է Գուգարաց աշխարհի Օձուն գյուղում, սովորել ժամանակին հանրահայտ Սյունյաց դպրոցում։ Մինչեւ կաթողիկոս դառնալը (717 թվականը)՝ նրա կյանքից եւ գործունեությունից մանրամասներ հայտնի չեն, իսկ կաթողիկոսության ժամանակ դարձել է միջնադարյան Հայ առաքելական եկեղեցու, մատենագրության, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի նշանավոր դեմքերից մեկը։ Իր կենդանության օրոք հռչակվել է իմաստասեր, դրանով իսկ մեծարանքի արժանանալով ժամանակակիցների կողմից։ Այս եւ նման իրողությունների մասին ուխտավորներին տեղեկացնում էր նոր լույս տեսած «Օձունի եւ Արդվու սրբավայրերը» գրքույկը, որը հրատարակվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության հովանավորչությամբ։

«Այցելելով Օձունի հրաշակերտ սուրբ Աստվածածին եկեղեցի, մենք կրկնակի հպարտություն ենք ապրում, քանի որ այն առնչվում է նաեւ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսին,- մեր թղթակցին ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- այստեղ նրա հիշատակին մատուցվող պատարագը մեզ տանում է մեր քրիստոնեական ակունքները եւ հնարավորություն տալիս մտովի 1700 տարի ետ գնալու, հիշելու մեր ազգի այն արժանավոր զավակներին, որոնց հավատի ուժով պահպանվեց հայոց դեմքը»։

Իսկ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ շարունակելով մեր զրույցը, ընդգծեց, որ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը մեր եկեղեցու նշանավոր եւ ճանաչված գործիչներից է, որն իր մահից հետո դասվել է հայոց սրբերի շարքը։ Եվ որքան հեռանում ենք նրանից, այնքան նրա ստեղծած իմացաբանական աշխարհի կարիքն ենք զգում։ Նա սերունդներին է թողել բավականին հարուստ հոգեւոր ժառանգություն. աստվածաբանական, դավանաբանական ճառեր, քարոզներ, հայ եկեղեցու բարեկրթությանը նվիրված կանոններ, ներբողներ, շարականներ։ Նրան են վերագրվում «Կանոնագիրք հայոց» եւ «Գիրք թղթոց» ժողովածուները։ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը կարողացավ վեր կանգնել իր անձնականից, հրաժարվել կաթողիկոսական գահից եւ ճգնության հեռանալ Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Ազգային գործչին վայել քայլ կատարեց դրանով եւ նրա ճկունության, հնարամտության միջոցով հնարավոր եղավ պահպանել հայրենի միասնականությունն ու ամբողջականությունը։

«Տարեցտարի հիշատակի այս օրն ավելի ընդգրկուն է դառնում,- ասում է Օձունի հոգեւոր հովիվ Վրթանես քահանա Բադալյանը,- եւ դա բնական է։ Առաջ գնալու, մեր ազգային արժեքները մեզ վերադարձնելու համար պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել մեր ազգի մեծերին։ Այս տեսակետից ցայտուն օրինակ է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը։ Նա կարողացավ ոչ միայն պահպանել հոգեւոր եւ ազգային միասնականությունը, այլեւ իր առանձնահատուկ ձիրքերի եւ հատկությունների շնորհիվ բազմաթիվ օտարների դարձնել Հայ առաքելական եկեղեցու հետնորդներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել