ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Կամ բաց նամակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
Մեծարգո պրն նախագահ Բարաք Օբամա,
նամակի ժանրը ես համարում եմ հուսահատության ժանր: Թեպետ ես բնավ հուսահատված չեմ, սակայն ոմանք իմ հոդվածներում երբեմն հուսահատություն են տեսնում: Ես իրականում (անգամ, եթե անհամեստ թվա) պարզորոշ տեսնում եմ վտանգները եւ իրադարձությունների զարգացման հեռանկարը: Անշուշտ, երբեմն ես սխալվում եմ իմ վերլուծություններում եւ կանխատեսումներում: Պիտի խոստովանեմ. ես լրջորեն սխալվել եմ նաեւ ձեր դեպքում: Եվ ահա թե ինչու:
Երբ մի քանի տարի առաջ լսեցի, որ Միացյալ Նահանգներում մի սեւամորթ քաղաքական գործիչ հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին, մտածեցի, որ նա ուզում է այդ քայլով ուշադրություն հրավիրել սեւամորթների խնդիրներին: Կարծում եմ, որ ինձ նման շատերն առանձնապես տպավորված չէին ձեր՝ սեւամորթ այդ գործչի հայտարարությունից: ԱՄՆ նախագահի պաշտոնում ձեր ընտրությանը ես մինչեւ ընտրությունների ավարտը չէի հավատում, թեպետ CNN-ի հեռուստաալիքը այդ ընտրարշավի վերջին շաբաթներին գրեթե չէի փոխում: ԱՄՆ-ի քաղաքական պատմության, հանրային կյանքի մասին իմ իմացությունը ես համարում էի միանգամայն բավարար, որպեսզի կարողանայի տեսնել քաղաքական ընտրապայքարում ձեր պարտությունը: Ձեր՝ տեխնոլոգիապես գրեթե անթերի կազմակերպված ընտրարշավի, Միացյալ Նահանգների հանդեպ իմ խոր հարգանքի, գուցեեւ սիրո դեպքում անգամ ձեր հաղթանակը ես հնարավոր չէի համարում: Եվ երբ ընտրվեցիք ԱՄՆ նախագահի պաշտոնում, ես փորձում էի հասկանալ, թե որտե՞ղ եւ ինչո՞ւ եմ սխալվել, մանավանդ որ՝ աշխարհի մի կեսը կանխատեսում, մյուս կեսն էլ սպասում էր ձեր հաղթանակին: Ընտրություններից անմիջապես հետո ես կարդացի ձեր գիրքը, որ վերնագրել էիք «Հույսի հանդգնություն. խորհրդածություններ ամերիկյան երազի վերածնման մասին»: Այդ գրքում ես փնտրում էի այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս հնարավոր դարձավ ձեր հաղթանակը: Եվ գրքում ես գտա պատասխանը՝ շոշափելիորեն զգալով ձեր տառապանքը եւ անկեղծությունը, տեսա ձեր նպատակասլացությունն ու հաստատակամությունը: Դուք չեք դաստիարակվել եւ մեծացել քաղաքական ժառանգականություն ունեցող ամերիկյան ընտանիքներում, ինչպես Ջոն Քենեդին կամ Բուշ Կրտսերը, որոնց օրորոցից հեռատես հայրերը պատրաստում են նախագահ դառնալու համար: Քաղաքականության ճանապարհը դուք անցել եք ինքնուրույն: Դա բացառապես ձեր հաղթանակն էր, որը հնարավոր դարձավ ամերիկյան ժողովրդավարության շնորհիվ:
Ձեր հաղթանակը աշխարհի մի շարք երկրներում հույս արթնացրեց, սակայն իմ երկրում՝ լեռների մեջ ծվարած, անարդարության եւ կոռուպցիայի մեջ հեծող Հայաստանում ավելացրեց հոռետեսությունը, որ մեզ մոտ այդ հաղթանակը հնարավոր չէր լինի: Այն պատճառով, որ Հայաստանում ազատ ընտրական համակարգը խեղդամահ է արված: Իսկ հոռետեսը, ինչպես հայտնի է, լավ իրազեկված իրատեսն է:
Ի տարբերություն Հայաստանում բնակվող հայերի՝ ամերիկահայերն ավելի իդեալիստ են, թեպետ նրանք ապրում են Միացյալ Նահանգներում, երկրում, ուր քաղաքական օգտապաշտությունը հաղթել է իդեալիզմին՝ դառնալով վերջին մի քանի տասնամյակի ԱՄՆ քաղաքական ուղեգիծը: Ամերիկյան իդեալիստները հավանաբար միայն հիմնադիր հայրերն էին, թեպետ դժվար է ասել, թե այն գաղափարները, որ նրանք դրեցին ԱՄՆ հիմնադրման հիմքում, իդեալի՞զմ էր, թե՞ քաղաքական օգտապաշտություն: Նույնչափ դժվար է պնդել, թե իդեալի՞ստ էր, թե՞ օգտապաշտ, արդյոք, Ջորջ Մարշալը, երբ առաջադրում եւ իրականացնում էր ետպատերազմյան Եվրոպայի վերականգնման իր պատմական ծրագիրը: Ջեֆերսոնից, Սամուել Ադամսից, Ջորջ Վաշինգտոնից մինչեւ Աբրահամ Լինկոլն, Ջորջ Մարշալ, Ջոն Քենեդի, Մարթին Լյութեր Քինգ՝ նրանց բոլորին միավորել է ամերիկյան երազը. սա է թերեւս նրանց քաղաքական իդեալիզմը, իսկ քաղաքական օգտապաշտությունը հանգել է այդ երազն իրականություն դարձնելու կամքին ու վճռականությանը:
Ամերիկահայերը (թեպետ ինչո՞ւ միայն նրանք) ամեն տարի ապրիլի 24-ին հուզախառն սպասում են ԱՄՆ գործող նախագահի ուղերձին՝ այնտեղ որոնելով Ցեղասպանություն բառը: Ես այն կարծիքին չեմ, որ այդ բառն արտաբերելուց հետո աշխարհն ավելի արդար է դառնալու, մանավանդ՝ չեմ կարծում, որ ԱՄՆ հերթական նախագահի շուրթերից Ցեղասպանություն բառը լսելուց հետո ես իմ զույգ պապերի ծննդավայրը՝ այժմյան Թուրքիայի, իրականում՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող Վան քաղաք կարող եմ մտնել ոչ միայն որպես զբոսաշրջիկ: ԱՄՆ նախագահների կողմից արտաբերվող Ցեղասպանություն բառի ամենազորության հանդեպ ես խիստ թերահավատ եմ: Ես կարիք չունեմ ոչ ձեզ, ոչ էլ աշխարհին ապացուցելու Ցեղասպանության իրողությունը: Անհրաժեշտություն չեմ զգում այդ հարցը քննարկել պատմաբանների հանձնաժողովում, որ նույն աշխարհը նորից աղ լցնի մեր այն վերքին, որը չի սպիանում: Դուք եւս դրա կարիքը չունեք. նայեք ձեր երկրի պահոցները, Հենրի Մորգենթաուի, ամերիկյան միսիոներների գրառումները, հրապարակումները, նամակները, դիվանագիտական փաստաթղթերը, լուսանկարները. այդ բոլորը ի չիք կդարձնեն յուրաքանչյուր ամերիկացու կասկածները եւ կքանդեն անտեղյակության կամ անտեղյակ ձեւանալու պատը: Ես չեմ ուզում Ցեղասպանության խնդրին անդրադառնան իմ կամ իմ ժողովրդի հանդեպ տածած խղճահարությունից:
Մեծարգո պրն նախագահ,
1987 թ. Երեւանի պետական համալսարանում ավարտական աշխատանքս մի ժամանակակից գրական ստեղծագործությանն էր վերաբերում, ուր քննարկվում էր հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունների հեռանկարը: Ես եւս հանդես էի գալիս այդ հեռանկարի հնարավորության քննարկման օգտին, թեպետ գրողի գրքերը Հայաստանում ընթերցողներն այրում էին: Ես բարդ վիճակում էի, սակայն ինչպես 23 տարի առաջ, այնպես էլ այսօր ես այդ հարաբերությունների կողմնակիցն եմ: Խնդիրներն այստեղ վերաբերում են Թուրքիային, որը չի կարողանում իր ապագայի ճանապարհից հեռացնել պատմության ժայռաբեկորը՝ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, դատապարտել այն, բացել Հայաստանի հետ սահմանը եւ կարողանալ Հայաստանի եւ հայերի մեջ տեսնել հարեւանի, այլ ոչ թե թշնամու: Դուք մեծապես կօգնեք Թուրքիային, եթե 1915 թ. ապրիլի 24-ը կոչեք Ցեղասպանություն, այլ ոչ խուսանավեք միայն հայերին հասկանալի լեզվով «Մեծ եղեռն» այն անվանելով: Դուք դրանով առաջին աղյուսը կդնեք հայ-թուրքական հարաբերություններին՝ ստիպելով Թուրքիային դեմառդեմ նայել իր իսկ պատմությանը:
Միաժամանակ, ես Ամերիկայի Միացյալ Նահանգներից ավելին եմ սպասում, քան զուտ Ցեղասպանություն բառի արտաբերումը: Ես ակնկալում եմ Հայոց ցեղասպանության փաստի իրավական ընդունում, նրա հետեւանքների վերացման իրավական պահանջներ եւ Ցեղասպանությունը դատապարտելու մասին ԱՄՆ կառավարության եւ օրենսդիր մարմնի համատեղ հայտարարություն:
Դա աշխարհն ավելի արդար դարձնելու Միացյալ Նահանգների ուղին է, նրա ընտրությունը: Դա աշխարհում արդարության հաղթանակի հնարավորությունների ընդլայնումն է, ավելի արդար աշխարհ տեսնելու համարձակությունը: Արդարության հանդգնություն: «Հենց այդ պահին ես մտածում եմ Ամերիկայի մասին եւ նրանց մասին, ովքեր ստեղծեցին այն: Պետության հիմնադիրների մասին, որոնք կարողացան բարձր կանգնել մանր հավակնություններից եւ նեղմիտ հաշվարկներից, որպեսզի իրենց մտապատկերում պահեն այն երազը, թե ինչպես է երկիրը ձգվում ծովից ծով»,-սեւամորթ մի երիտասարդ քաղաքական գործչի, այժմ ԱՄՆ նախագահի այս խորհրդածությունները կարող էր նույնկերպ ձեւակերպել յուրաքանչյուր միջին ամերիկացի: Սակայն հենց այդ գործիչն էր, որ հույս փայփայելու եւ այն իրականություն դարձնելու հանդգնություն ունեցավ: Նման հույսը, երբ իրականություն է դառնում, ճանապարհ է բացում նաեւ արդարության համար: Արդարության հանդգնության համար:
Մեծարգո պրն նախագահ,
ես ուզում եմ, որ 15-ամյա դուստրս ապրի մրցունակ, ժամանակակից, ժողովրդավարական Հայաստանում՝ ձերբազատված զոհի բարդույթից, չհեռանա իր երկրից արդարության բացակայության պատճառով եւ չկծկվի ու չդառնանա իր երկրի հանդեպ աշխարհի ցուցաբերած հավերժական թվացող անարդարությունից: Եվ չեմ ուզում, որ նա իր երկրի սահմաններին փշալարերի հանդիպի: Ես ուզում եմ, որ նա ամեն տարի ապրիլի 24-ին բարձրանա Ծիծեռնակաբերդի բարձունք, հետո այնտեղ գնա իր զավակների ու թոռների հետ, բայց եւ կարողանա իր թուրք հասակակիցների հետ սեղանի շուրջ նստել եւ քննարկել ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի խնդիրները:
«Մենք հրաժարվում ենք հավատալ, որ արդարության բանկը սնանկ է: Մենք հրաժարվում ենք հավատալ, որ այս ժողովրդի հնարավորությունների պահոցներում արդարության ֆոնդերն անբավարար են: Մենք այս սրբազան վայրն ենք եկել հիշեցնելու Ամերիկային, որ այսօր էլ այդ հարցը հրատապ է: Ժամանակը չէ վայելել խնդրի սառեցման ճոխությունը կամ ընդունել աստիճանական զարգացման հանդարտեցնող հաբերը»: Մարթին Լյութեր Քինգն է: Խտրականության երդվյալ հակառակորդը, ազատության, իրավահավասարության պայքարի մարտիկը, արդարության մեծ հավատավորը: Նա մի երազանք ուներ: ԱՄՆ նախագահի պաշտոնում ձեր ընտրությամբ դուք այդ երազն իրականություն դարձրիք: Դուք հաստատակամ գործիչ եք, իրականություն դարձրեք նաեւ արդարության ձեր խոստումը: Ոչ միայն ներկան, այլեւ անցյալը կարիք ունի, որ իր վրայից մաքրեն անարդարության փոշին: Դա այն լուսարձակն է, որը լուսավորում է ապագայի ճանապարհը, այն հզոր լուսարձակը, որը դուք տեսել եք գիշերային Կապիտոլիումի գմբեթին՝ հույսի հանդգնություն ցուցաբերելիս: