Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դրսից օգնեցին՝ տիկնիկներով

Ապրիլ 21,2010 00:00

\"\"Կապանցի «տիկնիկները» շարունակում են բարություն ու մաքրություն քարոզել եւ առաջվա նման պետական աջակցություն չեն ստանում:

Դեռեւս 2009-ի հունիսի 5-ին «Սպասում են դրսի օգնությանը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ երեխաների հոգեւոր դաստիարակության եւ աջակցության «Տիկնիկ» հ/կ-ն տիկնիկային ներկայացումներով, հեքիաթային լուծումներով՝ երեխաներին մատչելի «լեզվով» անդրադառնում է կոռուպցիոն երեւույթների նկարագրմանը, բնության պաշտպանությանը եւ այլն: Սակայն ոչ հանրապետական, ոչ մարզային, ոչ էլ տեղական իշխանությունների ուշադրությանը չի արժանանում, ու «Տիկնիկը» ճարահատ դիմում է օտարերկրյա կամ միջազգային կառույցներին: Մոտ մեկ տարի անց՝ վիճակը առանձնապես չի փոխվել:

«Տիկնիկ» հ/կ նախագահ Գրիշա Մարգարյանի ջանքերի շնորհիվ տիկնիկային թատրոնի հիմքերն արդեն ձեւավորվում են: Կապանում տեղական տիկնիկային թատերական խմբեր չկան, եւ կապանցին տիկնիկային թատրոն տեսնում է տարին մեկ կամ երկու անգամ, երբ մայրաքաղաքից տիկնիկային թատերական խմբեր են այցելում: «Տիկնիկ» հ/կ-ի նախագահը վստահ է, որ իրենց օգնության ձեռք մեկնողներ չեն եղել, քանի որ պոտենցիալ օգնողների համար այսօր առաջնայինը բիզնեսն է, փողը, հետո միայն՝ գեղագիտական ճաշակն ու ազգային արժեքը, իսկ տիկնիկային թատրոնը շահավետ չէ: Գրիշա Մարգարյանը փորձել է օգտվել ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրից, ներկայացված ծրագիրը հավանության արժանացել է, սակայն. «Այդ ծրագրով հատկացված գումարով հնարավոր չէր աշխատողներին նորմալ աշխատավարձ տալ: Ի սկզբանե որոշված էր ծրագրի հաստատման դեպքում մանկուց եւ պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած երեխաներից խումբ ստեղծել, ովքեր հանդես կգային տիկնիկային ներկայացումներով: Սակայն ծրագրի աշխատավարձի ֆոնդի համար նախատեսված գումարով հաշմանդամներից յուրաքանչյուրն ամսական 7 հազար դրամ աշխատավարձ պետք է ստանար: Իսկ դա չնչին գումար էր նրանց չարչարանքների դիմաց, ուստի մենք չօգտվեցինք այդ ծրագրից: Մեզ ձեռք մեկնեց World vision-ի Կապանի տարածքային զարգացման ծրագիրը՝ ապահովելով պրոֆեսիոնալ տիկնիկներով ու անհրաժեշտ ամբողջ տեխնիկայով: Սա պատմական փաստ է, Կապանում երբեւէ նման տիկնիկներ չեն եղել»:

Պրոֆեսիոնալ տիկնիկներ ունենալուց եւ Կապանի թիվ 6 դպրոցի տնօրինության կողմից դպրոցում թատերական խումբ ստեղծելու առաջարկ ստանալուց հետո հ/կ նախագահը ձեւավորել է 8-9 տարեկան երեխաներից կազմված երեք խումբ՝ ասմունքի, թատերական եւ տիկնիկային: Երեխաներն արդեն իրենց ընկերների դատին են հանձնել «Բարեկենդան», «Կիկոսի մահը» եւ Զատկի տոնին նվիրված «Զատիկ» ներկայացումները: Գրիշա Մարգարյանը նշում է, որ երեխաները մեծ ոգեւորվածությամբ են մասնակցում փորձերին, նույնիսկ ոչ պարապմունքային օրերին են ցանկանում փորձեր անել: Փոքրիկ «դերասանները» իրենց պրոֆեսիոնալ տիկնիկներով ներկայացումներով հանդես են եկել տարբեր մանկապարտեզներում, Կապանի կիրակնօրյա դպրոցում, Վերին Խոտանան եւ Եղվարդ գյուղերում: Արդեն բազմաթիվ հրավերներ են ստացել տարածաշրջաններից եւ քաղաքի տարբեր հաստատություններից, սակայն կա մեծ խնդիր: «Մեզ տարբեր տեղերից հրավիրում են ներկայացումներով հանդես գալու բազմաթիվ միջոցառումներում, բայց մենք տեղափոխման համար չունենք անհրաժեշտ միջոցներ: Օրերս Մեղրիից ենք հրավեր ստացել, բայց Մեղրի գնալ-գալը ծախսերի հետ է կապված, եթե աջակցեն տրանսպորտային եւ երեխաներին այդ ընթացքում սննդով ապահովելու հարցերով, մենք մեծ սիրով կընդունենք հրավերները: Բացի World vision-ի Կապանի տարածքային զարգացման ծրագրից, ուրիշ աջակիցներ չունենք»,- հավելում է Գրիշա Մարգարյանը:

Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Սյունյաց թեմի փոխառաջնորդ, հայր Զավեն աբեղա Յազիչյանը Կապանի «Սոսի» հեռուստատեսության «Մենք մեր մասին» հաղորդաշարում, անդրադառնալով «Տիկնիկ» հ/կ-ի գործունեությանը, աջակցություն է խոստացել: Իսկ առայժմ «Տիկնիկն» աշխատում է առանց աշխատավարձի եւ տրտնջալու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել