Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ

Ապրիլ 21,2010 00:00

Երեկ տեղեկացրել ենք, որ ապրիլի 13-ին Ձորագետի ջրերը վարարել են եւ քանդել Տավուշի մարզի Ձորագետ գյուղի տարածքում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հենապատը, արդյունքում՝ փլվել է ճանապարհի 5 մետրանոց հատվածը եւ այս հատվածով երթեւեկությունը միակողմանի է դարձել: Հրապարակմանը արձագանքել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության. «Ներկայումս կառուցվում է Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 114 կմ-ի վրա սողանքի պատճառով քանդված հատվածը շրջանցող ժամանակավոր ճանապարհ: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են «Ամարասշին» ընկերության կողմից՝ եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ, կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ժամանակավոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ, իրականացվել են նաեւ հիմնական՝ նոր ճանապարհի կառուցման նախագծային աշխատանքները, որոնց արդյունքում առաջարկվել է 4 տարբերակ: Դրանցից մեկի ընտրությունից հետո կսկսվեն հիմնական ճանապարհի կառուցման աշխատանքները եւ կավարտվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է Երեւան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի 34 կմ-ի վրա գարնանային վարարումների պատճառով փլուզված հատվածին, ապա քանդված ճանապարհահատվածի երկայնքով Դեբեդ գետի ափամերձ տարածքում պաշտպանիչ աշխատանքներ են իրականացվել, եւ ճանապարհը դարձել է անցանելի՝ մեկ մեքենայի համար: Գետի վարարումը դադարելուց հետո կսկսվեն նաեւ այդ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:

Բացի վերոնշյալ խնդրահարույց ճանապարհահատվածներից, հանրապետության միջպետական ճանապարհներին առկա են նաեւ 4 խոշոր վթարներ, այդ թվում՝ Գորիսի ճանապարհի 2 հատվածներում, Գյումրի-Ամասիա, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից սկսվել է միջպետական ճանապարհների գնահատման գործընթաց (այդ թվում՝ ճանապարհների միջամտություն, սողանքային երեւույթներ, ծանրաքարշ բեռնատար մեքենաների ճանապարհային վճարների վերանայման խնդիր եւ այլն) եւ մշակվում է նորմատիվային ակտ՝ նման դեպքերում համապատասխան կառույցներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ գործընթացն ավարտելուց հետո կկազմվի միջպետական ճանապարհների ընդհանուր պահպանման, սպասարկման, վերականգնման ծրագիր եւ կներկայացվի կառավարության քննարկմանը:

Բացի այդ, նմանատիպ երեւույթներն արագ վերացնելու նպատակով նախատեսվում է ձեւավորել պահուստային ֆոնդ եւ այդ ֆոնդի օգտագործման կարգ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել