Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համայնքի բյուջե չի մտել

Ապրիլ 21,2010 00:00

Հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ՝ Սամվել Անդիկյանի եւ Գագիկ Հակոբյանի նկատմամբ:

Սամվել Անդիկյանը եղել է ՀՀ ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը, իսկ Գագիկ Հակոբյանը՝ Աղին համայնքի ղեկավարը:

Ս. Անդիկյանն իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ, օպերլիազորը 2007-2008թթ. ընթացքում Շիրակի մարզի Աղին, ապա Բագրավան համայնքների ղեկավարների հետ անհատ ձեռնարկատեր Կառլեն Սարոյանի անունից կնքել է ապրանքանյութական արժեքների փոխանակման պայմանագրեր, Սարոյանից ստացած լիազորագրի հիման վրա՝ իրավասու լինելով անձամբ հանդես գալ որպես պայմանագրի կողմ: Նա, որպեսզի թաքցնի ոստիկանությունում ծառայության հետ անհամատեղելի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը, պայմանագրերում, հաշիվ-ապրանքագրերում, ինչպես նաեւ կատարողական ակտերում նմանակել ու կեղծել է Կառլեն Սարոյանի ստորագրությունները, եւ այդ կեղծ փաստաթղթերն իրացնելով՝ օգտագործել ու վերը նշված համայնքներում իրականացրել է ոռոգման անօգտագործելի ջրագծերի 15161 գծամետր մետաղյա հին խողովակների ապամոնտաժման աշխատանքներ:

Ստացած խողովակները Ս. Անդիկյանն իրացնում է «Եվրոպա» ՍՊ ընկերությանը, ստանում շահույթ, իսկ հարկային մարմնին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Անիի տարածքային հարկային տեսչությանը, հաշվետվություններ չի ներկայացրել: Ըստ քրեական գործի նյութերի, նա խուսափել է խոշոր չափերի՝ 11 825 317 ՀՀ դրամ հարկերի վճարումից:

Նախաքննության ժամանակ պարզվել էր նաեւ, որ Շիրակի մարզի Աղին համայնքում փաստացի ապամոնտաժված այդ խողովակների ծավալները գերազանցում են նույն համայնքի ղեկավար Գագիկ Հակոբյանի եւ Սամվել Անդիկյանի միջեւ 2007թ. սեպտեմբերի 5-ին կնքված ապրանքանյութական արժեքների փոխանակման պայմանագրում նշված եւ հաշվապահորեն ձեւակերպված ծավալները, ինչը կատարվել է ոչ թե 2007 թվականի ընթացքում Ս. Անդիկյանի, այլ 2009 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում՝ նույն համայնքի ղեկավար Գ. Հակոբյանի կողմից:

Գագիկ Հակոբյանը 2009թ. հոկտեմբեր-նոյեմբերին համայնքի գազիֆիկացման աշխատանքներն իրականացնող «Արտինժեներինգ» ՍՊ շինարարական կազմակերպությանը հենասյուներ տրամադրելու պատրվակով, առանց հարցը համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու եւ վերջինիս համաձայնությունը ստանալու, ապամոնտաժել է Շիրակի մարզի Աղին համայնքի հաշվեկշռում գտնվող, որպես համայնքի ղեկավար նրան վստահված 1100 գծամետր տարբեր տրամաչափի ոռոգման անօգտագործելի ջրագծի մետաղյա հին խողովակները, որոնք կանխիկ եղանակով իրացրել է «Զիր բլագ» ՍՊ ընկերությանը, իսկ իրացումից ստացած խոշոր չափի՝ 1 100 000 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:

Վերոհիշյալ շինարարական կազմակերպությանը 1900 գծամետր տարբեր տրամաչափերի նախկինում օգտագործված մետաղյա խողովակներ տրամադրելու համար նա 2009թ. հուլիսի 31-ին համայնքի բյուջեից «Զիր բլագ» ՍՊ ընկերության տնօրեն Վախթանգ Դավթյանի հաշվեհամարին է փոխանցում 2 712 499 ՀՀ դրամ գումար, սակայն խողովակներն ստանալուց հետո հայտնաբերելով մոտ 100 գծամետր խողովակի պակասորդ, հետագա օրերին պահանջում ու ստանում է դրան համարժեք զգալի չափի՝ 105 000 ՀՀ դրամ գումար, որը համայնքի բյուջե չի մուտքագրել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացրել է:

Տանիք ունենալով ոստիկանության օպերաշխատակցին, գյուղապետը որպես համայնքի ղեկավար եւ միաժամանակ աճուրդի կազմակերպիչ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով Շիրակի մարզի Աղին համայնքի տարածքում գտնվող ընդհանուր 11.85 հա վարելահողերը ներկայացնում է աճուրդի: 2009թ. հուլիսի 17-ին կայացած աճուրդներից 10-ում նա հաստատում է վերը նշված աճուրդների արդյունքների, ինչպես նաեւ հողամասերն աճուրդով Խաչիկ Հակոբյանին վաճառելու վերաբերյալ 2009թ. հուլիսի 17-ի թիվ 1, 2, 3 եւ 4 արձանագրությունները: 2009թ. հուլիսի 21-ին կայացրած թիվ 5, 6, 7 եւ 8 որոշումներով 10 անուն վարելահողերի սեփականատեր է ճանաչել Խաչիկ Հակոբյանին, ում հետ կնքել է առուծախի պայմանագրեր եւ այն ներկայացրել պետական գրանցման:

Խաչիկ Հակոբյանը վարելահողերը վերավաճառում է երեւանաբնակ Մանուկ Վարանցովի Հովհաննիսյանին:

Սամվել Անդիկյանն ու Գագիկ Հակոբյանն իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Վերջինս ամբողջությամբ փոխհատուցել է համայնքի բյուջեին պատճառված նյութական վնասը եւ ընդունել է, որ համայնքի բյուջե մուտք չի արել «Զիր բլագ» ՍՊ ընկերությունից ստացած 105 000 ՀՀ դրամ գումարը: Գ. Հակոբյանն ընդունել է նաեւ 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում 1 100 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ համայնքի հաշվեկշռում գտնվող մետաղյա հին խողովակներ ապամոնտաժելու եւ կանխիկ եղանակով «Զիր բլագ» ՍՊ ընկերությանը վաճառելու, վաճառքից գոյացած գումարը յուրացնելու փաստը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել