Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆԸ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ԴԵՄ

Ապրիլ 21,2010 00:00

Գուցե իսկապես՝ «լավություն անողի գլուխը ծակ է»

\"\"ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ «Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի դեմ:

Ըստ հայցվորի՝ բարեգործական կազմակերպությունը (տնօրեն՝ թոշակառու, մանկավարժության պրոֆեսոր Բաբկեն Վարդանյան) անցյալ տարվա հունվարի 16-ին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, 365 օր ժամկետով ձեւակերպել է հումանիտար բեռ: Սակայն այս տարվա հունվարի 16-ի դրությամբ, բարեգործական կազմակերպությունն այդ բեռը չի վերահայտարարագրել, ինչը, դիմումատու կառույցի գնահատմամբ, մաքսային օրենքի խախտում է: Բարեգործական կազմակերպության նախագահն ըստ այդմ ճանաչվել է «զանցառու», եւ մաքսայինն էլ պահանջում է այդ «զանցանքի» համար Բաբկեն Վարդանյանից բռնագանձել 2 488 602 դրամ վարչական տուգանք: Իսկ գործը մինչ դատարանում քննվելը (դատական նիստի օրը դեռ չի նշանակված)՝ մաքսայինը դատարանից խնդրել է որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել Բաբկեն Վարդանյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Նկատենք, որ թոշակառու գիտնականը՝ Բաբկեն Վարդանյանը, ֆիզիկական անձ է, եւ նրա տան կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը անօրինական պահանջ է:

«Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բաբկեն Վարդանյանը հաստատեց մեր այդ տեղեկությունը, որ, իրոք, վարչական դատարանի վարույթում կա նման հայցապահանջ: Նա ասաց, որ իր առարկությունները գրավոր ներկայացրել է դատարան:

Ըստ այդ առարկությունների՝ այդ պահանջը ոչ միայն անօրինական է, այլեւ անհիմն է բարոյականության առումով: Բ. Վարդանյանը հայտնեց. «Մաքսայինը հայցադիմումով փորձ է արել քողարկել վարչարարական քաշքշուկը, ինձ հետ ընդհանրապես չզրուցելու եւ չքննարկելու պատճառով»: Բ. Վարդանյանը հիշեցնում է Մաքսային կոմիտեին, որ բարեգործական կազմակերպությունը չվարձատրվող, կամավորության սկզբունքով գործող կառույց է: Այն ստեղծվել է հիմնադրամի նվիրատվությունները շահառուներին հասցնելու նպատակով:

Հայցադիմումում ակնարկված «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմի ձեւակերպման առնչությամբ՝ Բ. Վարդանյանը ասում է, որ չի դիմել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով՝ ստացված օգնությունը «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ձեւակերպելու համար:

Նա պարզաբանում է, որ հումանիտար բեռը կազմել է 163 արկղ: Այն ԱՄՆ-ի Երեխաների միջազգային բարեգործական հիմնադրամը հատկացրել է Լոս Անջելեսի հայկական համայնքին եւ իր միջոցներով բեռի անվճար տեղափոխումն ապահովել Հայաստան: «Առաքված ապրանքների զգալի մասը սննդամթերք էր՝ 3500 կգ քաշով, 8150 ԱՄՆ դոլար արժեքով եւ երկար ժամանակ գտնվելով նավի վրա՝ փչանում էր: Մի կողմից էլ Հայաստանում գտնվող ընտանիքների զայրույթը կար: Այն հանձնվել է հայ ընտանիքներին՝ հիմնադրամի ուղղակի պահանջով»,- նշում է զրուցակիցս:

Սակայն այդ բեռը բարեգործական չեն համարել, չնայած այն ցուցակներով անհատույց միայն բաժանվել է: «Արարատյան մաքսատունը բեռը ձեւակերպելիս ինչո՞ւ մեզ չի զգուշացրել, որ չի թույլատրվում ապրանքների բաշխումը»,- հարցնում է Բ. Վարդանյանը, կամ ինչո՞ւ չի տեղեկացրել ժամկետի «լրանալու» մասին:

Ինչ վերաբերում է հասարակական հիմունքներով աշխատող՝ թոշակառու գիտաշխատողից այդքան տուգանք բռնագանձելու պահանջին, Բ. Վարդանյանն իր առարկություններում գրել է. «Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա մեր հանրապետության բոլոր թոշակառուներն ու նպաստառուները, եթե փորձեն աջակցել բարեգործությանը՝ իրենց ազնիվ, նվիրված աշխատանքով, կարժանանան մեր պետական պաշտոնյաների կողմից մշակած ահաբեկչության»:

Ի դեպ, «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 17 գլխի համաձայն, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բարեգործություն իրականացնելու իրավունքներին խոչընդոտող պաշտոնատար եւ այլ անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Թե որտեղ է «զանցառուի» մեղքի բաժինը, հասկանալի չէ, չէ՞ որ ստացված հումանիտար օգնությունն ամբողջությամբ բաժանվել է: Իսկ թե մաքսայինը ինչու է իրար անցել, ինչու է դրսում ապրող կամավորների հավաքած հումանիտար օգնության համար այստեղ մաքսային վճարում պահանջել՝ կպարզվի դատաքննության ժամանակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել