Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ

Ապրիլ 21,2010 00:00

«Հոգեբուժական ծառայությունների մակարդակը լիովին համապատասխանում է երկրում տիրող իրավիճակին: Այսինքն՝ բացառապես պետպատվերով աշխատող կազմակերպություններում, ելնելով այսօրվա ծանր ֆինանսական դրությունից, պարզ է, որ վիճակը պետք է լավ չլինի: Ներկայիս հոգեբուժական ծառայություններից օգտվելը քաղաքացիների համար որեւէ գնային խնդիր չի առաջացնում, քանի որ դեղորայքը պետությունն անվճար տրամադրում է, այդուհանդերձ, բժշկությունը գնալով զարգանում է, եւ նոր տեխնոլոգիաներից, նոր դեղորայքից օգտվելն ուղղակի անհրաժեշտություն է, որոնք գնելը այսօրվա եղած պետական բյուջեով՝ շատ դժվար է»,- ասում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Ասոցիացիայի նախաձեռնությամբ, «Սեդա Ղազարյան հիշատակի հիմնադրամի» գրասենյակում օրերս լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հոգեբուժական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինար: Խոսելով հոգեբուժության ոլորտում առկա խնդիրների մասին, մեր զրուցակիցը նշեց. «Այս ոլորտում խնդիրներ կան մասնավորապես մարզերում: Շրջանների հոգեբուժական կլինիկաներում, որտեղ միայն հաշվառում պետք է տանել եւ դեղեր տրամադրել, կադրերի պակասի պատճառով հաճախ նյարդաբաններն են կատարում այս գործը: Այդ գործը որոշ դեպքերում կարող է ստանձնել նաեւ ընտանեկան բժիշկը: Ցավն այն է, որ այսօր երիտասարդները շատ քիչ են ընտրում հոգեբույժի մասնագիտություն: Գուցե պատճառն այն է, որ տնտեսապես ավելի ձեռնտու չէ՞: Այս մասնագիտության մեջ բարեկամ, ծանոթ գործոնը չի աշխատում. այսինքն՝ ծանոթի միջոցով ոչ ոք չի կարող տեղավորվել եւ հոգեբույժ աշխատել, եթե տվյալ մասնագիտությունը չունի: Սա այն մասնագիտությունն է, որ ոչ-հոգեբույժը երբեք չի էլ կարող տվյալ ուղղությամբ աշխատել: Այս մասնագիտությանը պետք է սրտով կպած լինես, որպեսզի կարողանաս հիվանդների հետ աշխատել»:

Հասարակության մեջ ձեւավորված կարծիքի մասին էլ, թե հոգեբուժարաններում հիվանդների նկատմամբ ցուցաբերվում է ոչ նորմալ, ագրեսիվ եւ կոպիտ վերաբերմունք, պարոն Սողոյանն ասաց. «Չեմ բացառում, որ որոշ տեղերում նման վերաբերմունքի հիվանդը կարող է հանդիպել, բայց կան հիմնավորված պատճառներ. պետք է հասկանալ, որ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք հիմնականում շփման դժվարություններ ունեն, իսկ նրանց մի մասը նաեւ վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ հասարակության համար, այդ պատճառով էլ հոգեկան եւ վարքային խանգարումներ ունեցողներին առանձնացնում են հասարակությունից, որի արդյունքում էլ մեխանիկորեն նաեւ վերաբերմունքն է առանձնանում: Ամեն ինչ չէ, որ մեր կյանքում կարգավորված է, այն երեւույթները, որոնք հասարակության մեջ կան՝ կոպիտ վերաբերմունք, մոտեցում, կան նաեւ մասնագիտական ոլորտում, բայց սա որակ չի կարող կազմել»:

Նշենք նաեւ, որ այս սեմինարի նպատակը առողջապահության ոլորտը լուսաբանող լրագրողներին կրթելն էր, որպեսզի նրանք թեման լուսաբանելիս խորությամբ տիրապետեն: «Այս ոլորտը լուսաբանվող նյութերում բազմիցս նկատվում են տարրական սխալներ, որը ո՛չ այդ թերթին, ո՛չ լրագրողին, ո՛չ էլ, առավել եւս, ծառայության մասնագետներին պատիվ չի բերում»,- նշեց Ա. Սողոյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել