Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսլանդական հրաբուխը մեզ չի վնասի

Ապրիլ 21,2010 00:00

Հայ երկրաբանների հավաստմամբ, վերջերս Իսլանդիայում ժայթքած հրաբուխը լուրջ վտանգ չի ներկայացնում: «Իսլանդիայում եւ աշխարհում ընդհանրապես սա ամենաուժեղ հրաբխային ժայթքումը չէ, Իսլանդիան գտնվում է ակտիվ հրաբխային գոտու վրա, այնտեղ հրաբխային ժայթքումներ պարբերաբար տեղի են ունենում, պատմության մեջ ավելի կատաստրոֆիկ ժայթքումներ են եղել»:,-հայտնեցին երկրաբանները երեկ կայաած ասուլիսում: Երկրաբան Էդիկ Խարազյանն ասաց, որ ավելի վտանգավոր ժայթքումներ այդտեղ եղել են հատկապես 19-20-րդ դարերում, իսկ 1821-ին ժայթքած հրաբուխը տեւել է ավելի քան 2 տարի: Նրա խոսքերով, եթե այս հրաբուխն էլ տեւի մի քանի տարի, հնարավոր է որոշակի գլոբալ կլիմայական փոփոխությունների պատճառ դառնա: Երկրաբանը նաեւ ասաց, թե Իսլանդիայի հարցում հրաբխագետներն իրենց կանխատեսումներում երբեք չեն սխալվում, եւ այն, որ կանխատեսել են, թե 2030-40 թթ. այս հրաբուխը ժայթքման գագաթնակետին կհասնի ու լուրջ վտանգներ կհասցնի՝ իրական է:

Իսկ երկրաբան Խ. Մելիքսեթյանի խոսքերով՝ թեեւ հրաբխի ծուխը հասել է մինչեւ Սեւ ծով, բայց Հայաստան հասնելու հավանականություն գրեթե չկա. «Իսլանդիայից Հայաստան 4700 կմ հեռավորություն է, այստեղ հասնելու հնարավորություն չեմ տեսնում, եթե հասնի էլ՝ դա աչքով տեսանելի չի լինի, միայն մոխրի մանրահատիկները կարող են երեւալ, բայց որեւէ վտանգ չեմ տեսնում»:

Էդիկ Խարազյանը նաեւ ասաց, որ Հայաստանում հրաբխային օջախներ կան Վայքում, Վարդենիսում եւ Սյունիքում: Ըստ նրա, հանրապետությունում վերջին անգամ հրաբխային ժայթքում արձանագրվել է 10 հազար տարի առաջ. «Մեզ մոտ հրաբուխներ կան նաեւ Զանգեզուրի հյուսիսային եւ հարավային մասերում, դրանք, այսպես ասած, փոքր, «միասին» հրաբուխներ են, որոնք երկար ժամանակ չեն արտավիժել, դրանց վերակենդանացման հարցը խիստ հարաբերական է, եւ իրականում լուրջ վտանգ չեն ներկայացնում»: Խ. Մելիքսեթյանն էլ ասաց, թե, ըստ ժամանակակից դասակարգման, դրանք կարող են համարվել պոտենցիալ ակտիվ հրաբուխներ ու թեեւ վտանգի սպառնալիք չկա, բայց հարկավոր է անընդհատ ուսումնասիրել եւ վերահսկել հրաբխային օջախները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել