Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հիշողության պուրակ»՝ Ծիծեռնակաբերդում

Ապրիլ 21,2010 00:00

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, «ՎիվաՍել ՄՏՍ»-ի աջակցությամբ եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող տարածքում կհիմնի «Հիշողության պուրակ»: Այս մասին երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ասաց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Հիմնադրամի ջանքերով Արեւմտյան Հայաստանից բերվել է 95 ծառ, որոնք կտնկվեն «Հիշողության պուրակում». «Ծառատունկի յուրաքանչյուր մասնակից իր տնկած ծառին կփակցնի «Ես հիշում եմ» մակագրությամբ ժապավեն: Տնկիներով պուրակը պատմական հայրենիքը հիշեցնող մի փոքրիկ խորհրդանշական վայր կդառնա: Դրանք մշտադալարներ, տարբեր տեսակի ծառեր են»: Ռ. Խաչատրյանը նշեց նաեւ, որ հիմնադրամը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ սկսում է համագործակցություն՝ նպատակ ունենալով ապագայում աջակցել թանգարան-ինստիտուտի բնապահպանական ծրագրերին. «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր տարածքով մեր քաղաքի կարեւոր կանաչ գոտիներից է: Հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի արդեն հուշահամալիրի տարածքում կտեղադրվեն աղբամաններ, հուշահամալիրի կանաչ գոտու խնամքի համար արդեն ձեռք են բերվել համապատասխան գործիքներ»:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, ընկերությունը ժողովրդի մի մաս լինելով, ցանկություն հայտնեց իր ներդրումն ունենալ թանգարան-ինստիտուտի գրադարանի կայացման եւ վերազինման հարցում: Այդ առիթով թանգարան-ինստիտուտի համար հիմնադրամի եւ Ռ. Յիրիկյանի ջանքերով ԱՄՆ-ից ձեռք է բերվել հազվագյուտ արժեքավոր գրականություն:

«Սրանք շատ արժեքավոր գրքեր են, որոնք ականատեսների գրառումներ են՝ տպագիր տարբերակով: Երբ Միացյալ Նահանգներում էինք եւ դպրոցների հետ հանդիպումներ էինք ունենում, մի քանի դպրոց նույնպես ցանկություն հայտնեց մեր միջոցով գրքեր փոխանցել թանգարան-ինստիտուտին»,- ասաց Ռ. Յիրիկյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել