Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՄԻ՛ ԱՐԵՔ

Ապրիլ 21,2010 00:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Համաշխարհային բանկը հայտնաբերել են, որ բնակչության պատվաստման մասին մեր երկրի ներկայացրած պաշտոնական թվերը ճիշտ չեն:

Երեւի ոչ ոք դեռ չի մոռացել, թե ինչպես էր 2007-ի հոկտեմբերին առողջապահության նախարարության ողջ աշխատակազմը մեր ազգաբնակչությանը համոզում, որ մասնակցեն կարմրուկի եւ կարմրախտի (ԿԿԽ) վերացման ազգային ծրագրին ու պատվաստվեն: Դպրոցներում, աշխատավայրերում, դրսում, ամենուրեք բռնացնում էին 6-27 տարեկան բոլոր քաղաքացիներին ու հղի, հիվանդ չնայելով՝ ստիպում պատվաստվել: Ի սկզբանե այդ պատվաստումները նախատեսված էին հանրապետությունում անցկացնել հոկտեմբերի 1-13-ը, բայց քանի որ մեծաքանակ գովազդներն ու տեղեկագրերը բնակչության շրջանում միայն կասկածների տեղիք էին տվել ու խուճապ առաջացրել, շատերը կտրականապես հրաժարվում էին պատվաստվել, նախարարությունը նույնիսկ ստիպված եղավ երկարաձգել այդ ժամկետը, որպեսզի ամեն կերպ համոզի ու պատվաստի մարդկանց:

Նշենք, որ առողջապահության նախարարության դարդն ու ցավն այն ժամանակ ոչ թե Հայաստանում կարմրուկի ու կարմրախտի դեմ միանգամից այդքան բուռն պայքարելն էր, այլ՝ ցուցանիշները, որոնք պետք է ներկայացվեին առողջապահական միջազգային կազմակերպություններին: Մեր երկիրը երբեւէ չի վառվել պատվաստվելու ցանկությամբ, այդ մասին է վկայում նաեւ միջազգային կազմակերպությունների համեմատական վիճակագրությունը, ուստի ԿԿԽ-ի պատվաստումների համար կատարվող միջոցառումներն աննախադեպ էին: Հիշենք, որ նախարարությունը պատվաստման քարոզչությանը ներգրավել էր նույնիսկ շոու-բիզնեսի աստղերին, մինչդեռ նախկինում պատվաստվելու համար երբեւէ արտաքին գովազդային վահանակ էլ չի պատվիրվել: Այս ամենից պարզ երեւում է, որ մեր առողջապահության ոլորտի պատասխանատուներին կոնկրետ այդ պատվաստումների արդյունքների հետ կապված մեծ թվեր էին պետք: Իսկ թվերը ստանալը մեր երկրում ամենահեշտ բանն է:

Համաշխարհային բանկը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «բռնացրել» են, որ մեր երկրի պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրենց հետազոտությունների տվյալներին, եւ դրա համար դիտողություն են արել: Գնահատելու համար, թե 2009-ին մեր երկրի առողջապահական ոլորտում ինչ փոփոխություններ են եղել՝ ՀԲ-ն ու ԱՀԿ-ն հետազոտություններ են կատարել նորագոյացությունների, տուբերկուլյոզի, շաքարախտի եւ այլ հիվանդությունների տարածման ցուցանիշների հետ կապված, ինչպես նաեւ ուսումնասիրել Հայաստանում կանանց եւ երեխաներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակը: Պատվաստումների հետ կապված միջազգային կազմակերպությունները եկել են հետեւյալ եզրակացության. «Պաշտոնական վիճակագրության եւ Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության (ՀԺԱՀՀ) ներկայացրած պատվաստումների գնահատականների միջեւ առկա են նշանակալի անհամապատասխանություններ:

Օրինակ՝ կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկման տեսանկյունից ՀԺԱՀՀ գնահատականները զգալիորեն ցածր են (10-ից 20 տոկոսային կետով), քան պաշտոնապես ներկայացվող ընդգրկվածության տվյալները»: Կազմակերպություններն օրինակ են բերել, որ պաշտոնական գնահատականներով 2003-2008թթ. կարմրուկի դեմ պատվաստում (առնվազն մեկ դոզա) ստացած 12-23 ամսական երեխաների տոկոսը չի համընկնում 2000 եւ 2005 թվականների ՀԺԱՀ հետազոտության գնահատականներին:

«Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը պարզաբանեց, որ «Մինչեւ 2007-ը այլ հաշվետվական ձեւով են մոնիտորինգ արել, ուստի պաշտոնական թվերն իսկապես կարող էին հստակ չլինել ու կեղծված տվյալներ ստացվել, բայց 2007-ից այլ մեթոդաբանությամբ ենք աշխատել, այնպես որ՝ 6-27 տարեկանների ԿԿԽ-ի պատվաստման ցուցանիշը կոնկրետ ճիշտ է: ԱՀԿ-ն ինքն էլ անկախ հետազոտություն արեց ու պարզեց, որ մեր 96% ներկայացրած պատվաստման ընդգրկվածության թվերը ճիշտ են: Այն, որ վերջին 3 տարիներին մեր ներկայացրած պաշտոնական տվյալները սխալ չեն, վկայում է նաեւ կարմրուկ-կարմրախտի դեպքերի թիվը: Եթե սխալ լինեին՝ դեպքեր կունենայինք, մինչդեռ մենք վերջին տարիներին տարեկան ընդամենը 3-4 կարմրախտի դեպք ենք ունենում, իսկ կարմրուկի ցուցանիշը 0 է: Նախկինում, օրինակ՝ 2005-ին, 94% պատվաստման ցուցանիշ ենք ներկայացրել, բայց երկրում կարմրուկի բռնկում էր, ուստի պարզ է, որ այդ թիվը սխալ էր: Բայց վերջին տարիների տվյալներին ես հավատում եմ, թեեւ հնարավոր է որոշակի շեղումներ լինեն, եթե որեւէ մեկն ասի, որ պաշտոնական տեղեկատվությունը 100 տոկոսանոց տեղեկատվություն է՝ մի հավատացեք»:

Նշենք, որ Հազարամյակի զարգացման նպատակների տեղայնացված ցուցանիշների համաձայն, Հայաստանը 2015-ին պետք է ցույց տա 0-2 տարեկան երեխաների պատվաստումների 96%-ից ավելի մակարդակ: Գ. Սահակյանը վստահեցրեց, որ ՀՀ-ն արդեն ապահովել է այդ ցուցանիշը, հետեւաբար այդ տվյալը ներկայացնելու համար կեղծ նկարչություն անելու խնդիր չեն ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել