Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սկսել ենք «աճել»

Ապրիլ 21,2010 00:00

Երեկ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները», որոնք ստացվել են ընթացիկ- օպերատիվ ամփոփմամբ եւ վերաբերում են 2010 թ. հունվար-մարտ ամիսներին՝ ապրիլի 20-ի դրությամբ:

Եթե որպես հիմք ընդունենք թղթի վրա գրված տվյալները, այլ ոչ թե «աչքի տեսած-մաշկի զգացածը», պիտի գրանցենք, որ Հայաստանի տնտեսությունը սկսել է ընկած տեղից վեր կենալ: Ճիշտ է, դեռ ծնկած է, բայց արդեն այն, որ գետնատարած փռված չէ, էլի լավ լուր է:

Եվ այսպես, համաձայն ԱՎԾ-ի կազմած աղյուսակի՝ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2010թ. հունվար-փետրվար ամիսների համար կազմել է 568 065,1 մլն դրամ, որը 5,5 տոկոս աճ է գրանցում: Ընդ որում՝ ՀՆԱ-ի հաշվարկով մարտ ամիսը փետրվար ամսվա նկատմամբ 43 տոկոսի աճ է ցուցաբերել: Սակայն հետաքրքիր է ՀՆԱ-ի կապակցությամբ հետեւյալ դիտարկումը. նախորդ տարվա ընթացքում՝ հունվարից-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կազմել է 3 165 538,1 մլն դրամ՝ գրանցելով 14,4 տոկոսի անկում: Սակայն տարեվերջին ինչ-որ շտկումներ արդեն եղել են, մասնավորապես դեկտեմբեր ամսին, նոյեմբերի համեմատ, ՀՆԱ-ն աճել է 18,3 տոկոսով:

Այս տարվա առաջին եռամսյակին ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 177,490 մլն դրամ՝ աճելով 10 տոկոսով: Ավելացել է նաեւ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ կազմելով 42 543,6, ինչը 3,2 տոկոսի աճ է ցույց տալիս: Շինարարության ծավալը չի աճել, հակառակը՝ անկում է ապրել 0,6 տոկոսով եւ կազմել է 46718,1 մլն դրամ: Սակայն մարտի տվյալները՝ նախորդ ամսվա նկատմամբ աճել են ավելի քան կրկնակի՝ 2,246 անգամ կամ այլ խոսքով՝ 124,6 տոկոսով:

Գանք ապրանքաշրջանառությանը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում արտահանումը կազմել է $198,5 մլն կամ 76,4 մլրդ դրամ, որը 60,9 տոկոս աճի տեմպ է ցույց տալիս: Իսկ ներմուծումը կազմել է $814, 2 մլն կամ 312,3 մլրդ դրամ, որը նույնպես առաջընթաց է գրանցել՝ 23 տոկոսի աճ կա:

Ինչ վերաբերում է հանրապետությունում միջին աշխատավարձին, ապա միջին անվանական ամսական աշխատավարձն այս եռամսյակում կազմել է 101 274 դրամ, որը 5,6 տոկոս աճի տեմպ է գրանցել: Նկատենք, սակայն, որ նախորդ տարվա՝ 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով, աշխատավարձը 600 դրամով ավելի էր՝ 101 800 դրամ, սակայն 2010 թ. հունվարին այդ միջին աշխատավարձը իջել էր՝ դառնալով 99 560 դրամ, գրանցելով նախորդող ամսվա, այսինքն՝ 2009-ի դեկտեմբերի համեմատ 23,9 տոկոսի անկում, եւ հիմա, փաստորեն, այդ ընկած վիճակից կամաց-կամաց բարձրանում է:

Մանրածախ առեւտրի շրջանառությունը զգալի տարբերություն չի տվել. եռամսյակի ընթացքում կազմել է 210 927 մլն դրամ, որը 1%-ի աճ ունի: Այս ամենի հետ մեկտեղ, աճել է նաեւ սպառողական գների ինդեքսը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, ինդեքսն աճել է 8,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ՝ 2,9 տոկոսով: Պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը կազմում է 84400 մարդ, այն դեպքում, երբ նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին այդ թիվը միջինում կազմել է 84500 (այս դեպքում տրվում է գործազուրկների թվաքանակը տվյալ ամսվա վերջի դրությամբ), սակայն 2010թ. հունվարին գործազուրկների քանակը մեր երկրում 500-ով ավելացել էր, դառնալով 84900:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել