Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԱՆՔ՝ ՉԳՈՒՅՔԱԳՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՎՐԱ

Ապրիլ 21,2010 00:00

Ըստ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրենի՝ հարկայինն ու մաքսայինն իրենց դեմ պայքարի «անհեթեթ ու պրիմիտիվ» մեթոդներ են ընտրել:

Վերջերս Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը դարձյալ հայտնվել է միջազգային տարբեր կառույցների ու Հայաստանում գտնվող գրեթե բոլոր դեսպանատների ուշադրության կենտրոնում:

Երկու տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են հալածել անկախ լրատվական ալիքին. հեռուստաընկերությանը ամեն կերպ ֆինանսազրկում են, փախցնում գովազդատուներին (մեկ գովազդատու է մնացել, ընդ որում՝ Երեւանից), մաքսայինում հրաժարվում են մաքսազերծել «Գալայի» գնած սարքավորումները, իսկ հարկայինն արդեն իսկ 822 000 դրամի չափով արգելանք է դրել «Չապ» ՍՊԸ բանկային հաշիվների ու գույքի վրա: Երեկ էլ պարզվել է, որ հարկայինը, առանց որեւէ փաստաթղթային հիմնավորման, արգելանք է դրել նաեւ հեռուստաընկերության ձեռք բերած նոր սարքավորումների վրա, խոսքն այն տեխնիկայի մասին է, որը դեռ գտնվում է մաքսայինում, հեռուստաընկերության հաշվեկշռում որպես սեփականություն դեռ գրանցված չէ:

Բանն այն է, որ մաքսայինի «չլչլոցից» հետո, հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը գրավոր նամակ էր հղել Շիրակի մարզի մաքսայինի պետ Կարեն Մանուկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ է այս կառույցը հրաժարվում մաքսազերծել հեուստաընկերության ձեռք բերած նոր սարքավորումները, եւ ի՞նչ կապ ունի մաքսազերծումը հեռուստաընկերության հարկային պարտավորվածության հետ: Ի պատասխան տիկին Հարությունյանի գրության, մաքսայինի պետը երեկ պատասխանել է. «Հայտնում ենք, որ համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի, եթե հարկային պարտավորության չափը 500 000 դրամ եւ ավելի է կազմում՝ հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի արգելանք դնել, մինչեւ դատարանի կողմից վճռի կայացումը: «Չապ» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունը կազմում է 822 000 դրամ, այդ իսկ պատճառով հարկային մարմնի ղեկավարի կողմից արգելանք է դրվել ընկերության ներմուծած գույքի վրա»: Ի դեպ, այդ նույն հարցը ՊԵԿ-ի պետ Գագիկ Խաչատրյանին հղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ տառացիորեն նույն պատասխանը ստանալով: Ստացված պատասխանը «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում համարում են «աբսուրդ, պրիմիտ ու հակաօրինական»:

«Առավոտի» հետ զրույցում «Չապ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը տող առ տող վերլուծելով մաքսայինի պաշտոնական պատասխանը՝ ասաց. «Ինձ համար սա զարմանալի պատասխան է, քանի որ անհայտ է՝ ո՞ր հարկային մարմնի, ո՞ր ղեկավարի կողմից է արգելանք դրվել մեր ներմուծած գույքի վրա՝ տարածքայինի ղեկավար Ռաֆիկ Մաշադյանի՞, թե՞ ՊԵԿ-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանի, ո՞ւմ մասին է խոսքը, ոչինչ նշված չէ: Երկրորդ՝ նշված է, որ արգելանք է դրված ներմուծված ապրանքի վրա, ի՞նչ հիմքով է դրված, իմիջիայլոց, մեզ մաքսայինի պետը չի ուղարկել ներմուծված ապրանքի վրա արգելանք լինելու մասին որեւէ փաստաթուղթ, իսկ մենք այդպիսի փաստաթուղթ չենք ստացել նաեւ ՊԵԿ-ի ղեկավարի կողմից: Իսկ դա նշանակում է՝ ապօրինի գործելաոճ, որովհետեւ, երբ ապրիլի 8-ին ՊԵԿ-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գրությունը ներկայացրին հեռուստաընկերություն, այնտեղ կոնկրետ գրված էր, որ արգելանք է դրվում «Չապ» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական հաշիվների վրա՝ 822 000 դրամի չափով: Այնտեղ որեւէ խոսք չկա այն մասին, որ արգելանք է դրված նաեւ ներմուծված ապրանքի վրա: Դա ի հայտ է եկել ընդամենը այսօր, 15 օր անց, երբ որ մենք պարզաբանում ենք խնդրել մաքսայինից, թե ներմուծված ապրանքի մաքսազերծումն ի՞նչ կապ ունի հարկային պարտավորությունների հետ: Քանի որ որեւէ փաստաթուղթ կցված չէ, դա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ արգելանքը դրվել է հետին թվով»:

«ՉԱՊ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենին նաեւ անհայտ է մնում, թե ինչո՞ւ են հարկային մարմինները այդպես «ծավալվել», աչք տնկել ներկրված գույքի վրա, երբ ՊԵԿ-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանի հրահանգով արգելանք է դրված 822 000 դրամի չափով, իսկ հարկային մարմինները հոյակապ գիտեն, որ հեռուստաընկերության բանկային հաշիվներում տասնյակ անգամ ավելի գումար կա, նմանապես 822 000 դրամից տասնյակ անգամ ավելի արժի ստուդիայի գույքը: «Այս գործում հարցականներն էնքան շատ են, որ որեւէ բացատրություն տալ ինչ-որ մեկի գործողություններին, չեմ կարող: Գտնում եմ, որ դրանք անհիմն, շատ պարզունակ որոշումներ եւ պատասխաններ են, այնքան պրիմիտիվ, որ նույնիսկ կրթություն չունեցող անձնավորությունը կզարմանա, թե՝ լավ, մի՞թե չէր կարելի մի հետաքրքիր, նոր բան հորինել, քան նորից դիմել, այսպես ասած, «տապոռնի» մեթոդների: Եթե ուզում են խոչընդոտել ստուդիայի բնականոն աշխատանքը, հիասթափեցնեմ, որ չեն կարող, փառք Աստծո, հնարավորություններ ունենք, ինչպես աշխատել ենք, այնպես էլ հետագայում աշխատելու ենք: Եթե անգամ երկար ժամանակ արգելանքը չհանվի, մենք կկարողանանք աշխատել մեր հեռուստադիտողների համար»,- ասում է Կարինե Հարությունյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ «ԳԱԼԱ»-ն դատի կտա մաքսայինին՝ մաքսազերծումը խոչընդոտելու համար:

Մենք այս հարցի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ հարկայինի տեղի պատասխանատուի հետ, սակայն մեզ մատնանշեցին ՊԵԿ-ի պաշտոնական կայքում ապրիլի 16-ին տեղադրված պարզաբանումը: Այն վերնագրված էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ներմուծած ռադիոտեխնիկայի մաքսազերծման գործընթացի վերաբերյալ» եւ ուղղված էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Պատասխանը գրեթե նույնն է, ինչ ուղարկվել է նաեւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն, միայն օմբուդսմենին հասցեագրված պաշտոնական պարզաբանման վերջում մի տող ավելացված է. «Չապ» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունը կազմում է 822 000 դրամ, այդ իսկ պատճառով հարկային մարմնի ղեկավարի 07.04.10 N ԱՀ 007519 հանձնարարականով արգելանք է դրվել ընկերության կողմից ներմուծած գույքի վրա»: Նկատենք, որ Գագիկ Խաչատրյանի վերոհիշյալ հանձնարարագիրը մեր ձեռքին է, որտեղ կես բառ անգամ չկա ներմուծված գույքի վրա արգելանք դնելու մասին, իսկ սա նշանակում է, որ հարկայինը իրոք գործ է սարքում հեռուստաընկերության գլխին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել