Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ

Ապրիլ 21,2010 00:00

«Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը» նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ պաշտոնատար այլ անձանց՝ հայտնելով, որ 2010 թ. ապրիլի 6-8-ը մարդիկ հավաքվել էին Երեւան քաղաքի տարբեր մասերում՝ զանգվածաբար եւ բացահայտ քննադատելու ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները եւ պահանջելու անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Բողոքի ցույցերն անցկացվել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կողմից Երեւանում կազմակերպված «Արդարություն. նոր մարտահրավերներ» 37-րդ համաժողովի ժամանակ: Միջազգային եւ տեղացի իրավապաշտպանները եւ շատ այլ անձինք համաժողովի ընթացքում Երեւանի փողոցներում իրենց կարծիքներն էին հայտնում մարդու իրավունքների շարունակվող խախտումների վերաբերյալ: Որոշ ակտիվիստներ նաեւ իրենց կարծիքներն էին հայտնում, երբ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները իրենց խոսքն էին արտահայտում:

«Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը» ողջունել է այն փաստը, որ մարդիկ կարողացել են խաղաղ եւ ազատ կերպով արտահայտել իրենց տեսակետները մարդու իրավունքների շարունակվող խախտումների վերաբերյալ: Այնուամենայնիվ, ՄԻՄՖ-ի համաժողովի որոշ մասնակիցներ դարձել են իրավապահ մարմինների կողմից ահաբեկումների թիրախ: «Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը» կոչ է արել անհապաղ դադարեցնել այդ գործողությունները եւ հույս հայտնել, որ այդ գործընթացներին մասնակցած անձինք համաժողովի ավարտից հետո չեն ենթարկվի հետապնդման եւ ճնշումների:

«Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի» անդամները նշել են, որ կշարունակեն հետեւել եւ դիտարկել հետագա զարգացումները Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել