Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնգրեսը երեկ Թալինում էր

Ապրիլ 21,2010 00:00

Այստեղ վերաբացվել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը

Երեկ Թալինում բացվել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը: Բացվել ասածը մի քիչ հարաբերական է, որովհետեւ մինչեւ երեկ էլ Թալինում գործում էին ընդդիմադիր կուսակցական կառույցներ, որոնց անդամները դեռ 2008-ին էին դարձել Համազգային շարժման կորիզը, որը նախագահական ընտրությունների ժամանակ ներկայացնում էր ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական ենթաշտաբը, իսկ ավելի ուշ՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո՝ նաեւ նոր ձեւավորված ՀԱԿ-ը: Այդուհանդերձ, երեկ Կոնգրեսը նաեւ իր վերաբացված գրասենյակն ունեցավ:

Իհարկե, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների մի փոքրիկ պատվիրակություն այցելել էր Թալին ոչ միայն այս առիթով, այլեւ իր անդամների, համակիրների ու թալինցիների հետ հանդիպելու նպատակով:

Կոնգրեսի Թալինի գրասենյակի գործունեությունն առժամանակ կհամակարգի նախկին քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանը՝ այսպես ասած, օգնության կարգով՝ մինչեւ արտերկրում գտնվող Հայկ Աթանեսյանի վերադարձը: Հենց վերջինս էր, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո, ըստ էության, համակարգում էր Թալինում Կոնգրեսի անդամների գործունեությունը:

Թալին մեկնածների թվում է եղել նաեւ ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը: «Ա1+»-ի մատուցմամբ, նա ներկաներին խոստացել է՝ «օրինական պայքարի արդյունքում օր առաջ ճանապարհելու ենք այս իշխանություններին ու նաեւ Թալինում հաստատելու ենք օրենքի իշխանություն»: Նա նաեւ ասել է, թե ղրղըզական իշխանափոխության տարբերակը ՀԱԿ-ի համար ընդունելի չէ: «Մեզ այդ տարբերակը պետք չէ: Մենք չենք ուզում ապօրինի մեթոդներով գալ եւ արդարություն հաստատել: Եթե իշխանության են գալիս սպանություններով, ջարդով, հրկիզելով ու թալանով, ապա գործում են նույն մեթոդներով, ինչ նախորդ իշխանությունը: Օրինակը Բակիեւն է, ով 5 տարի առաջ նույնպես նույն եղանակով եկավ իշխանության: 5 տարի հետո իրեն նույն ճանապարհով ճանապարհեցին»,- հայտարարել է Ջհանգիրյանը՝ հավելելով, որ Կոնգրեսը քաղաքական պայքարի կողմնակից է:

Կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ թալինցիներն առիթը բաց չեն թողել եւ դժգոհել են իրենց սոցիալական պայմաններից, գազի, խմելու եւ ոռոգման ջրի թանկացումներից՝ արձանագրելով, որ ապրելն ուղղակի դժվարացել է: Ի դեպ, երեկ մենք ՀԱԿ-ից ճշտեցինք, որ Կոնգրեսի՝ գազի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով ՀՀ վարչական դատարան դիմած 7230 համահայցվոր քաղաքացիների թվում կան նաեւ շատ թալինցիներ:

Թալինում Կոնգրեսի ներկայացուցիչներին երեկ նաեւ վստահեցրել են, որ այն թալինցիները, որոնք երկու տարի առաջ եղել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Համազգային շարժման կողքին, այսօր էլ մնում են նույն այդ դիրքերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել