Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ՋԵՐՄՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆԸ»

Ապրիլ 21,2010 00:00

\"\"Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հենց այդպես է անցել:

Սերժ Սարգսյանն արձակուրդում էր նախորդ շաբաթվա կեսերից՝ վաշինգտոնյան այցից հետո: ՀՀ նախագահն արձակուրդն անցկացնում էր Եվրոպայում: Մինչ Երեւան ժամանելը՝ երեկ, Երեւանի ժամանակով ժամը 19-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Վերջին չորս ամիսների ընթացքում սա երկու նախագահների երրորդ հանդիպումն է: ՀՀ նախագահի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության համաձայն. «Նկատի ունենալով, որ հրաբխային ամպամածության հետեւանքով փակվել էր եվրոպական երկրների մեծ մասի միջեւ օդային հաղորդակցությունը, ՀՀ նախագահը ՌԴ է մեկնել ուղղակիորեն Եվրոպայից»:

Երեկ, օրվա առաջին կեսին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով «կրեմլյան» իր աղբյուրը, հայտնեց, որ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-հայկական գործընկերության արդի հարցերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Հանդիպման ժամանակ մեծ ուշադրություն կհատկացվի տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցերին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արդյունավետ արտաքին քաղաքական համադասավորություն է հաստատված ինչպես երկկողմանի ձեւաչափում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ում»: Նույն աղբյուրը փոխանցել էր, որ «Ռուսաստանը դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հույսով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իրապես կնպաստի տարածաշրջանի իրավիճակի առողջացմանը։ Ռուսական կողմը, հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահի իր կարգավիճակը, չի նվազեցնում իր միջնորդական գործունեությունը, որի շնորհիվ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ռուսաստանը մտադիր է փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում հետագայում եւս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Երեւանին ու Բաքվին եւ պատրաստ է աջակցել հակամարտությունից դուրս գալու այն տարբերակին, որը կբավարարի ներգրավված բոլոր կողմերին։ Իսկ փոխզիջումային համաձայնության գալու դեպքում պատրաստ է հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»: Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ երկու նախագահները իրոք խոսել են գրեթե բոլոր նշված խնդիրների մասին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի, Սերժ Սարգսյանն իր ռուսաստանցի գործընկերոջը կհաղորդի վաշինգտոնյան հանդիպումների որոշ մանրամասներ։ Երկու նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես՝ համագործակցությունը էներգետիկայի, շինարարության եւ բանկային ոլորտներում: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպումից հետո մեզ հայտնեց, որ հանդիպումն անցել է «շատ լավ»:

Երեկվա հանդիպումից երկու ժամ անց պաշտոնական աղբյուրները հայտարարեցին, որ «հանդիպումն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում», որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ողջ սպեկտրին վերաբերող հարցեր: Անդրադարձել են քաղաքական բարձր մակարդակի երկխոսությանը, տնտեսական աճող համագործակցությանը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում իրականացվող ու նախագծվող խոշոր նախաձեռնություններին: Քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության խնդիրը: Քննարկվել են նաեւ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր:

Եվ քանի որ պաշտոնական աղբյուրները, ըստ էության, լռում են՝ ճիշտ այնպես, ինչպես լռում էին վաշինգտոնյան հանդիպումից հետո, մեզ մնում է միայն կանխագուշակություններ անել հիմա էլ մոսկովյան հանդիպման մասին: Թեպետ վստահ ենք՝ այսօր կոալիցիոն գործընկերները հանդես կգան հիմա էլ մոսկովյան այցը փառաբանող ասուլիսներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել