Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ

Ապրիլ 21,2010 00:00

Նախորդ օրը «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, որում մասնավորապես ասված է. «Ձեր ղեկավարած գերատեսչությունը քննության առնելով 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված «ՀՀ եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «ՀՀ եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, կայացրեց որոշում, որում ամփոփված ՍԴ իրավական դիրքորոշումների մեջ հստակորեն պարտադրվեց, որ «ՀՀ-ի կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախատեսվող պարտավորությունների ստանձնման եւ դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն դատարանի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին»:

ՆԺԿ-ի նամակում հիշատակվել է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մեկնաբանությունն առ այն, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ, հունվարի 12-ի հիշյալ որոշումը պետք է դիտարկել որպես ամբողջական փաստաթուղթ՝ ներառյալ նրանում ամրագրված ՀՀ ՍԴ իրավական դիրքորոշումները: Մինչդեռ, ըստ ՆԺԿ վարչության, Սերժ Սարգսյանը անտեսելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել հիշյալ արձանագրությունները՝ դրանցում չներառելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված կետերի պահանջները, սույնով կատարելով հակասահմանադրական քայլ՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 5, 6, 100 եւ 102 հոդվածների համապատասխան դրույթները: Նույնաբովանդակ նամակ է ուղարկվել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել