Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ»

Ապրիլ 21,2010 00:00

\"\"ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը նախագահի վերջին ելույթներից ոգեւորվել է, բայց ոչ դաշնակցականների չափ

– Ձեր կարծիքով՝ իրո՞ք Ռոբերտ Քոչարյանը ձգտում է վերադառնալ իշխանության եւ որքանո՞վ է դա հնարավոր:

– Զարմանալի եւ անբացատրելի կլիներ, եթե նա չուզենար վերադառնալ: Քոչարյանը իշխանությունը՝ որպես նվեր, ստացել է չորս անգամ՝ մեկ անգամ Արցախում՝ ՀՀՇ-ից, եւ երեք անգամ Հայաստանում: Առաջին անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ վարչապետի պաշտոնը, երկրորդ անգամ՝ Վազգեն Սարգսյանից՝ նախագահի պաշտոնը, երրորդ անգամ՝ Նաիրի Հունանյանից՝ Հայաստանի իրական տիրոջ աթոռը: Բոլորի նկատմամբ էլ Քոչարյանի երախտագիտությունը «բացառիկ» եւ յուրահատուկ է եղել: Եթե հիմա գտնվի իշխանություն նվիրող հինգերորդը, ապա Քոչարյանը կկարողանա վերադառնալ եւ նրան նույնպես կհայտնի իր «երախտագիտությունը» ու կշարունակի Հայաստանը եւ հայությանը քայքայելու ժամանակավորապես ընդհատված գործը: Այլ կերպ՝ նրա վերադարձը հնարավոր չի:

– Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը նպաստե՞ց, թե՞ վնասեց համահայկական միասնության ստեղծման գործին:

– Իհարկե, թուրքերը մեր միասնության հակառակորդներն են, եւ հայությանը պառակտված պահելը նրանց հակահայ մարտավարության մաս է: Բայց խնդիրը ավելի խորն է: Մենք շատ ենք խոսել ու խոսում ենք միասնության մասին: Պարզվում է, որ միասնության հակառակորդները որոշակի ազդեցություն եւ պաշտոնական դիրք ունեցող… հայերն են: Իսկապես, 80 կուսակցությունների գոյության իմաստը ինչո՞ւմ է, եթե ոչ՝ 80 նախագահ-առաջնորդների ամբիցիաների սպասարկումը՝ ի հեճուկս ազգային միասնության: Չէ՞ որ ամեն մի կուսակցություն հասարակության տրոհման օղակ է: Իսկ իշխան-իշխանիկներին, օլիգարխ-օլիգարխիկներին, եկեղեցուն պե՞տք է միասնությունը, ասենք՝ մտավորականների, երիտասարդության, կանանց, արհեստավորների, հայ հասարակության, Հայաստան-Սփյուռքի, Հայաստան-Արցախի եւ վերջապես՝ Էջմիածին-Անթիլիասի: Համոզված եմ, որ ոչ՝ նրանց այդ միասնությունը պետք չի, այլապես վաղուց միասնական կլինեինք:

– «Ճանապարհային քարտեզից» հետո առ այսօր ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը Ցեղասպանությունը ծախելու, Ղարաբաղը հանձնելու մեջ: Մեկ տարի անց տպավորությունները նո՞ւյնն են:

– Դեռ շուտ է եզրակացություններ անել: Արձանագրությունները հետ կանչված չեն, գործընթացը շարունակվում է: Այո, արձանագրվեց Ցեղասպանության ճանաչման ակտիվացում, սրվեցին հարաբերությունները Հայաստանի երկու ոխերիմ թշնամիների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, միջազգային քաղաքական կյանքում Հայաստանի դերակատարումը դարձավ առավել նշմարելի, Սերժ Սարգսյանի ելույթները Դեր-Զորում եւ Վաշինգտոնում հույս են ներշնչում, որ Հայաստանը վերջապես պահանջատիրությունը կդարձնի արտաքին քաղաքականության մաս, եւ դրանով սկիզբ կդրվի հայության միավորմանը: Բայց այս բոլորը ոչինչ չի նշանակում, քանի դեռ ՀՀ իշխանությունը շարունակում է կարեւորել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ «գտնվում» են չինովնիկներ, որոնք Հայաստանի զարգացումը կապում են թշնամի երկրի սահմանի բացման հետ: Թուրքիան եղել է, կա ու մնալու է Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք: Հայաստանը Թուրքիայի հետ գտնվում է ոչ թե հարաբերությունների խաղաղ բանակցության պայմաններում, այլ սուր հակամարտության մեջ: Հակամարտության հիմքում Թուրքիայի մշտական, անփոփոխ հակահայ վարքագիծն է: Թուրքիային ձեռնտու է Ցեղասպանության հարցը քննարկել միայն Հայաստանի հետ: Դա նրա համար լավագույն տարբերակն է, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանին դարձրին կոնֆլիկտի կողմ ղարաբաղյան խնդրում: Այս նպատակով է նա կոչ անում ՀՀ իշխանությանը «ձերբազատվել» Սփյուռքի ազդեցությունից, Եվրոպական երկրներից պահանջում է «չխառնվել Թուրքիայի եւ Հայաստանի ներքին խնդիրներին»: Ցեղասպանությունը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի տարածքում, եւ Արեւելյան Հայաստանի տարածքում ձեւավորված ՀՀ-ն չի կարող միայնակ իր վրա վերցնել Ցեղասպանության խնդրում իրավահաջորդի կամ ժառանգորդի դերը: Այլեւս օրվա հրամայական է համահայկական միասնական մարմնի ստեղծումը, որտեղ Հայաստանի հետ միասին ներկայացված լինի Սփյուռքը:

– Կարտասանի՞ արդյոք Օբաման ապրիլի 24-ին Ցեղասպանություն բառը:

– Ես դա բոլորովին չեմ կարեւորում: Ցեղասպանության ճանաչումը հատուցման հասնելու միջոց է: Այսօր մենք ունենք առավել քան բավարար հիմքեր Օսմանյան կայսրությանը միջազգային դատարան քարշ տալու համար: Այնպես որ, փաստաբանների խումբ պետք է ստեղծել, ոչ թե պատմաբանների հանձնաժողով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել