Լիճե (Տիգրանակերտ)
սկիզբը՝ նախորդ համարում
Լիճեն ընկած է Տիգրանակերտի սանջակի հյուսիսում՝ Աղձնիք գավառի հյուսիս արեւելքում: Այն մտնում է պատմական Հայաստանի Մեծ Ծոփք նահանգի կազմի մեջ, որի գավառներն էին՝ Խորձյանը, Ծոփքը, Անձիտը, Դեգիքը, Գավրեքը:
Միջնադարում այստեղ են կառուցվել Աթթահ եւ Ֆիզ անունով Սիլվանիայից դեպի հյուսիս ձգվող երկու հայտնի պաշտպանական ամրոցներ: 1914 թ.-ին այս շրջանում կար 24 հայկական եկեղեցի եւ մեկ վանական համալիր: Տեղի հայերը բնակվում էին 33 անուն գյուղերում, որոնց ընդհանուր թիվը կազմում էր 5980 մարդ, նրանցից 2650-ը բնակվում էր կենտրոնում: Կենտրոնում, այսինքն՝ Լիճեում էր գտնվում նաեւ գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ երկու կրթական հաստատությունները՝ 205 աշակերտներով հանդերձ: Լիճեում կլիման շատ նպաստավոր էր: Տեղի հայերը վայելում էին բարեկեցիկ կյանք: Զարգացած էր մրգագործությունը:
Լիճեի հայաբնակ գյուղերից են.
Ֆում (Օփում)- մեկ եկեղեցի՝ Սուրբ Գեւորգ,
Սարնիշ- հինգ եկեղեցի՝ Ս.Թովմաս, Ս. Սարգիս, Ս. Հակոբ, Ս. Թորոս, Ս. Շմավոն,
Շիքաքան- ուներ նաեւ այլ անուններ եւս՝ Շեգեգա, Մերաք, Քերվաս, Գարվաս, Գարաս- մեկ եկեղեցի՝ Ս. Սարգիս,
Այնթաք- Սուրբ Ստեփանոս, Մագավանք, Քարա Քիլիսե,
Շաթիք- Շադ Հայք՝ Սուրբ Սարգիս,
Յամութնի- Սուրբ Խաչ,
Շամ-շամ- Սուրբ Հովհաննես,
Հալհալ- Սուրբ Գեւորգ,
Նունյաս- եկեղեցու անունը հայտնի չէ,
Հազան կամ Հեզան-Զարա, Զերմանիք, Ջումայիգ- Սուրբ Խաչ,
Դեբնե- Սուրբ Պողոս-Պետրոս,
Ջոմեթիք-Ջոմե-Հայնի- Սուրբ Աստվածածին, ուներ նաեւ մեկ հայկական դպրոց՝ 80 աշակերտներով,
Բիրբաս-Բարբեշ-Միզաք-Մռզաք- Սուրբ Կիրակոս,
Փեշար-Բեշեր- Սուրբ Աստվածածին,
Ռիզ- այստեղ կան երեք եկեղեցիների ավերակներ, որոնց անունները հայտնի չեն,
Նուրշին-Նորշեն-Հերքին,
Անդու- Սուրբ Հռիփսիմյանց:
Մեծ կոտորածից հետո այս հայաբնակ գյուղերը հայաթափ եղան: Եկեղեցիները թալանվեցին, քանդվեցին ու սրբատաշ քարերից տեղի քուրդ ու թուրք բնակիչները սկսեցին կառուցել իրենց գոմերն ու մարագները: Հիմա գյուղերում կան հատ ու կենտ հայեր, որոնք մեծ դժվարություններով դեռ շարունակում են մնալ ու ապրել հայրերի հողում, սրտում կարոտով, որ մի օր երեւի կասեն, որ իրենք հայեր են…
Շարունակելի