Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության ավարտից վեց տուր առաջ Մադրիդի «Ռեալի» ու առաջատար «Բարսելոնայի» միջեւ միավորների տարբերությունը վերջապես զրոյից տեղափոխվել էր թիմերից մեկի օգտին. այս անգամ՝ «Բարսելոնայի», որը նախորդ հանգստյան օրերին կլասիկոյում 2:0 հաշվով Մադրիդում հաղթեց «Ռեալին»:
Հանգստյան օրերին էլ «Բարսելոնային» «Էսպանյոլն» էր սպասում կատալոնյան դերբիի շրջանակներում: Իհարկե, դերբիների արդյունքն անկանխատեսելի է ու նշանակությունն էլ՝ մեծ, սակայն դժվար էր ենթադրել, որ այդ օրը «Բարսելոնան» չի կարողանա շուրջ 50 միավոր ետ մնացած համեստ «Էսպանյոլի» հարցերը լուծել: Իսկ «Ռեալը» հաղթելով «Վալենսիային»՝ միավորների տարբերությունը հասցրեց նվազագույնի՝ ավելի լարելով ինտրիգը…
Եվրոպական առաջատար առաջնություններում եզրագծին հենց նման սայթաքումներն են երբեմն որոշում ուժեղագույնին: Եվ, ի թիվս շատ ու շատ այլ առավելությունների, հենց նման անսպասելի սայթաքումներն են հետաքրքիր դարձնում առաջնությունը:
Հայաստանի առաջնությունում անսպասելի արդյունքների տոկոսը չնչին է: Մեզ մոտ ամեն ինչ ակնկալելի է: Ապրիլի 17-ին կայացած 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Փյունիկ»-«Ուլիս» (նկարում) խաղն էր: Երկու թիմերն էլ երեք տուրերից հետո հավասար միավորներով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Բացի այդ, մրցում էին միմյանց հետ նաեւ գավաթային հարթությունում՝ պայքարելով եզրափակչի ուղեգրի համար: Թե գավաթային կիսաեզրափակչի առաջին խաղում ու թե առաջնության շրջանակներում չեմպիոնը հաղթանակ տոնեց՝ այդպես էլ թույլ չտալով ամբիցիոզ «Ուլիսին» գոնե մեկ գնդակ ուղարկել Արթուր Լեսկոյի պաշտպանած դարպասը:
Չեմպիոնական հավակնություններով թիմերից մյուսը՝ «Միկան», միավորներ կորցրեց հենց «Փյունիկի» հետ խաղում՝ առաջնության երկրորդ տուրում: Դժվար է միանշանակ պնդել կամ հերքել, թե մեր բազմակի չեմպիոնն իր խաղամակարդակով էապես բարձր է իր հիմնական մրցակիցներից: Ֆուտբոլն այն մարզաձեւն է, որում ամեն ինչ հնարավոր է՝ անգամ խաղամակարդակով տարբեր թիմերի մրցակցության պարագայում: Դրա օրինակն էր հենց «Բարսելոնայի» սայթաքումը:
Հայկական ֆուտբոլում անգամ սայթաքումները խիստ «կանոնակարգված» են ու ինչ-որ օրինաչափությունների ենթարկվող՝ հիմնականում բաժին ընկնելով ոչինչ չորոշող խաղերին: Այդպես՝ ակնկալելի էին նաեւ չորրորդ տուրի մյուս երեք հանդիպումների արդյունքները: Փոխչեմպիոն «Միկան» Գյումրիում դժվարին հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ՝ նվազագույն՝ 1:0 հաշվով, «Բանանցն» էլ 2:1 հաշվով Կապանում հաղթեց «Գանձասարին»: Մինչ այս տուրն էլ 3-4-րդ հորիզոնականները «Միկայի» հետ կիսող «Կիլիկիան» զիջեց առաջնության նորեկ «Իմպուլսին»: Այս հանդիպումից հետո կարելի է անգամ կանխատեսել, որ ՀՀ չեմպիոնատի առաջին շրջանում «Կիլիկիայի» վաստակած միավորների քանակը փոփոխման չի ենթարկվի: Փոխարենը՝ Դիլիջանի «Իմպուլսը», նախորդ տուրում միավոր կորզելով չեմպիոնից, այս անգամ արդեն հաղթանակ է տոնում՝ հաջողություններ գրանցելով մի քանի ֆուտբոլիստների պատժելու ֆոնին: Հետաքրքրական է, սակայն, փաստը, որ «Կիլիկիայի» հետ խաղում խփված միակ գոլի հեղինակը Ռոմեո Ջենեբյանն էր՝ մեկն այն երեք ֆուտբոլիստներից, ովքեր հեռացվել էին թիմից երրորդ տուրից առաջ: Վարուժան Սուքիասյանը Ջենեբյանի ներկայությունը թիմում բացատրում է նրանով, որ «Իմպուլսը» արտասահմանյան մի ակումբի հետ բանակցություն է վարում վերջինիս տեղափոխման հետ կապված, եւ այդ պատճառով էլ նրան մարզվելու ու խաղալու հնարավորություն է տրվել: Զարմանալի բան է հայկական ֆուտբոլը, շա՛տ զարմանալի: Մեկ ասում են, թե «փորձառու ֆուտբոլիստները քայլում են խաղադաշտում, չեն մտածում իրենց պատվի մասին՝ մենք ինչո՞ւ պիտի մտածենք» ու այդ պատճառաբանությամբ հեռացնում, մեկ էլ՝ ֆուտբոլիստի քայլելը հանկարծակի վերածվում է խաղալու, իսկ մարզչական շտաբն էլ նրա բարօրության ու պատվի մասին է սկսում մտածել:
Հայկական ֆուտբոլին հատուկ անակնկալները, թերեւս, միայն այս հարթությունում են: Այնքա՛ն բան է հնարավոր: