Անվանի արվեստագետների ցուցահանդեսը
«Մարդը, մասնավորապես՝ ստեղծագործողը, ապրում է իր ժամանակի մեջ, իր ժողովրդի հետ: Առանց ժամանակի զգացողության եւ դրա մեջ ապրելու ունակության՝ հնարավոր չէ վերհանել պատմությունը, փորձը: Արվեստագետն այսօր ծնվում է, բայց իր մեջ անցյալը, մարդկության անցած ճանապարհը իմաստավորելու խնդիր ունի, զգալու՝ ի՞նչ է մարդը, ով՝ ով է: Մեր պատմությունը տարիների մեջ կուտակված ասելիք ու հազարավոր վերքեր ունի, որոնք չեն ասվել ու հիմա պիտի ասվեն»,- «Առավոտի» զրույցն այսպես սկսվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի հետ: Նրա եւ նկարիչներ Էդուարդ Խարազյանի, Ռոբերտ Էլիբեկյանի՝ Ժողովրդական արվեստի թանգարանում ցուցադրվող գործերում, արվեստագետների անձնական աշխարհընկալմամբ մի ամբողջ ժամանակաշրջան է ներկայացվում:
Ռոբերտ Էլիբեկյանի կյանքը մինչեւ 90-ականների սկիզբը թատրոնում է անցել, այդ շրջանում նրան բնութագրում էին որպես գեղեցիկի նկարիչ, բայց դա 180 աստիճանով փոխվեց երկրաշարժից ու պատերազմից հետո: «Ամեն ինչ կուտակվեց, հոգիս տակնուվրա էր լինում…»,- ասում է նկարիչը ու հավելում, որ այդ հոգեվիճակում սկսեց ստեղծել Ջուղային նվիրված ստեղծագործությունների մի ամբողջ շարք, որոնցում ճիչ կա ու բողոք. «Ջուղայի պրոբլեմը միայն մեր ազգինը չէ, այլ համամարդկային է, Նախիջեւանը այժմ մերը չէ, բայց ինչպե՞ս կարելի է արվեստը ոտնատակ անել, դա նույնն է, ոնց որ մարդու երեսին թքել…»:
Գույների առատություն, ստվերներ, բեմ, վարագույր. այս դետալներով է նկարիչ Էդուարդ Խարազյանն արտահայտում ասելիքը, փորձում բացահայտել մարդու եւ բնության էությունը. «Իրականությունը նկարելը, արտացոլելը ինչ-որ տեղ վարպետություն է, էստեղ ծրագրված որեւէ բան չկա, մտքի ու խոսքի արտահայտություն է…»: Նկարիչը գտնում է, որ այսօր էլ մեր կողքին կան մտավորականներ, որոնց իրական արժեքը միայն տարիներ հետո կգնահատվի: «Մենք շտապում ենք միանգամից մեծ մարդու, մեծ գաղափարի շտամպ ունենալ: Դա կյանք է, շարժման պրոցեսի մեջ կա կյանքի ցանկություն, ցուցահանդեսի էությունն էլ իր ցանկության մեջ է, ամենամեծ արժեքը ցանկությունն է, եթե կա ցանկություն, դա արդեն մեծ բան է»,- ասում է նկարիչը: Ռ. Էլիբեկյանն էլ հավելում է. «Ավանդական նկարչությունը մեզ մոտ միշտ ուժեղ է եղել, մեծեր էլի կլինեն, արվեստը սրտի զարկերակի պես է զարգանում, կարդիոգրամայի նման: Այսօր երիտասարդներ կան, հարցնես՝ Սարյան, Կոմիտաս, Թումանյան չգիտեն, բայց կան նաեւ հրաշալի երիտասարդներ, որ աշխատում են, ստեղծագործում»:
Հասարակությունը արվեստագետների առջեւ երբեմն այլ պահանջներ է դնում, քան ստեղծագործելն է, կարեւոր հարցերի շուրջ փորձում մտավորականների կարծիքը եւս լսել: «Արվեստագետն իր գործը պետք է անի, այնպես, ինչպես հացթուխն է իր հացը թխում: Այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի: Մենք չենք կարող գնալ բարիկադների վրա… Գեղանկարչությունը, քանդակագործությունը լուռ արվեստ են, մեր արվեստանոցում փակված աշխատում ենք, գործերով կարող ենք ինչ-որ կերպ արձագանքել, եթե օգնենք մեր երկրին, դա արդեն առավելություն է…»,-շարունակում է իր խոսքը Ռ. Էլիբեկյանը:
Շատերն այսօր դժգոհում են, որ ստեղծագործելու փոխարեն երբեմն ստիպված են լինում «հացի խնդիր» լուծել: Քանդակագործ Արա Շիրազը գտնում է. «Կյանքն ունի բազմապիսի ելեւէջներ, իմ կարծիքով՝ իսկական արվեստագետի սերը դեպի իր արվեստը, աշխատանքը, ինչպես Սարոյանն էր ասում՝ «փեշակը», պիտի ավելի ուժեղ լինի, քան կյանքի «հացի խնդիրը»: Պատահական չէ, որ շատ արվեստագետներ զոհել են իրենց կյանքը, անձնականը, նույնիսկ իրենց ընտանիքը եւ գնացել այն աստղի ետեւից, որը իրենց սրտում, հոգում եւ գաղափարներում է: Ի վերջո, կենցաղի եւ արվեստի միջեւ պայքարում մնում են աշխատանքները»:
Ռ. Էլիբեկյանին հասարակության մեջ տիրող անտարբերությունն է սարսափեցնում: Եվ դա, նրա կարծիքով, մեզ խանգարում է ոչ միայն արվեստի, այլեւ կյանքի մյուս ոլորտներում. «Երբ մարդկանց հայացքում անտարբերությունը զգում եմ, այդ օրն ինձ համար ամենավատ օրն է լինում: Երբեմն տեսնում եմ՝ եկավ, նկարը նայեց, պատի պես շուռ եկավ, գնաց: Գոնե ասեն՝ վատ է, էլի՛ հրաշալի կլինի: Հասարակության մեջ այդ անտարբերությունը կա, այստեղ բոլորս ենք մեղավոր, դրանում ինձ էլ եմ մեղադրում…»: